Ա՛յ, ա՛յ, ա՛յ… կտուգանեն, բա չէ՛

10/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ քաղաքապետարանում կայացած հերթական ճեպազրույցի հյուրը քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանն էր, ով տեղեկություններ հաղորդեց ինքնակամ կառուցապատումների դեմ պայքարի արդյունավետության, ինքնակամ կառույցների եւ հողազավթումների օրինականացման կարգի, ինչպես նաեւ՝ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից քաղաքապետարանի ծրագրերի շրջանակներում կատարված քաղաքաշինական որոշակի աշխատանքների մասին: Հ. Մուրադյանը նշեց, որ ինքնակամ կառուցապատումների վերահսկողության ոլորտում քաղաքապետարանը բավարար իրավիճակ է արձանագրել. «Այսօր մենք չունենք ինքնակամ մեծածավալ կառույցներ: Չնայած մեր համաքաղաքացիների կողմից դեռեւս շարունակվում են ինքնակամ կառույցների բազմաթիվ նախաձեռնումներ, որոնց նկատմամբ հարկ է լինում իրականացնել վերահսկողություն, կասեցում, քանդում»,- վստահեցնում է Հ. Մուրադյանն՝ ավելացնելով, որ նախորդ տարի մոտ 500 ինքնակամ կառույց է քանդվել: Վերջինս տեղեկացրեց, որ երեկ՝ խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը հանձնարարել է ոլորտն առավել վերահսկելի դարձնել: «Այս տարի մեր ուղղվածությունը կսեւեռենք օրինական շինարարության ընթացքով նախագծային շեղումներ թույլ չտալու խնդրին, որն այսօր շատ հաճախ է հանդիպում»,- ասում է քաղաքապետի գլխավոր խորհրդականը: Անդրադառնալով ինքնակամ կառույցների, հողազավթումների օրինականացման կարգին՝ Հ. Մուրադյանը մեր համաքաղաքացիներին կոչ է անում՝ «Չստեղծվի հանկարծ տպավորություն, որ ներկայիս գործող կարգը թույլ կտա իրականացնել ինքնակամ շինարարություն եւ օրինականացնել: Մենք ունենք բոլոր տեխնիկական հնարավորությունները, որպեսզի վերջին 1 տարվա ժամանակահատվածի ինքնակամները ստուգման ենթարկենք եւ կատարենք համեմատականներ: Մոտ 1 տարի առաջվա իրավիճակը ճշտելով՝ կպարզենք դրանց վաղեմությունը: Եթե ինքնակամները նոր նախաձեռնություններ լինեն, ապա քաղաքապետարանն անպայման ձեռնպահ կմնա դրանց օրինականացումից»: Ի դեպ, ինքնակամ շինություններն օրինականացնելու գործընթացի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայություններն անվճար են: Քաղաքացին վճարելու է միայն կառավարության կողմից սահմանված կարգով 1քմ-ի համար վճարվելիք արժեքը, որը կախված է ինքնակամ կառույցի գոտիավորումից եւ գործառնության նշանակությունից: Իրավաբանական անձանց, առանձին քաղաքացիներին պատկանող սեփական հողատարածքների վրա ինքնակամ կառուցապատումների օրինականացման համար հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է կադաստրի տարածքային ստորաբաժանումում նշագծել այն հատվածը, որն ինքնակամ է, այնուհետեւ դիմել քաղաքապետարան: Ըստ Հ. Մուրադյանի՝ պետական սեփականություն համարվող հողատարածքների վրա կառուցված ինքնակամ շինությունների եւ հողազավթումների համար պարտադիր չէ դիմումներ ներկայացնել քաղաքապետարան: Համաձայն կառավարության եւ Երեւանի քաղաքապետի կողմից ընդունված կարգի՝ քաղաքապետարանն ինքն է հաշվառում եւ պատրաստում օրինականացման հետ կապված բոլոր գործերը: Հայտնաբերման, չափագրման արդյունքում, քաղաքապետի որոշմամբ՝ պետական սեփականություն համարվող ինքնակամներն ամրագրվում են որպես Երեւանի քաղաքապետարանի սեփականություն: Դրանից հետո քաղաքապետարանը գրավոր առաջարկ է անում կառուցապատողներին, որպեսզի դրանք գնեն, վարձակալեն: Հետեւաբար, 30-օրյա ժամկետում կառուցապատողի կողմից համաձայնության մասին պատասխան չստանալու դեպքում՝ գործընթացը շարունակվում է սակարկություններով: Հ. Մուրադյանն ինքնակամ կառուցապատողներին հիշեցնում է, որ օրենքին չենթարկվելու դեպքում կկիրառվեն տույժեր՝ 200.000 դրամից սկսած, մինչեւ կես միլիոն դրամ: Որոշ դեպքերում հնարավոր է նաեւ, որ ինքնակամների տերերը քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ի դեպ, Հ. Մուրադյանը նաեւ տեղեկացրեց, որ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից Սարալանջ, Հերացի, Կոմիտաս, Կասյան, Տիգրան Մեծ պողոտաների վերակառուցման շրջանակներում մոտ 100 կրպակ է ապամոնտաժվել: