Երաշխիքներ չի ստացել

03/03/2007

«Այս այցի ընթացքում ուշադրությունս հիմնականում կենտրոնացած է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Այս ընտրությունները կարեւոր են Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Եվ քանի որ սա տարածաշրջանում առաջին ընտրությունն է «Նոր հարեւանության» ծրագրի ընդունումից հետո, դրանց նշանակությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից: Եվ պետք է ասեմ, որ Հայաստանն ու ԵՄ-ն համատեղ պատասխանատվություն են կրում, որ այս ընտրությունները ծառայեն որպես ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական փոփոխությունների օրինակ»,- ասել է Սեմնեբին: Պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններից ստացե՞լ է ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու երաշխիքներ, Սեմնեբին ասել է. «Ոչ: Որեւէ երաշխիք ես չեմ ստացել: Տպավորությունս, սակայն, այնպիսին է, թե իշխանությունները հասկանում են ընտրությունների կարեւորությունը, եւ ջանքեր կգործադրեն դրանք պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ես չեմ ուզում խոսել պատժամիջոցների մասին, սակայն, եթե այս անգամ էլ ընտրությունները չհամապատասխանեն եվրոպական չափանիշներին, դա կնշանակի կորցնել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ամուր հարաբերություններ կառուցելու հնարավորությունը»: Սեմնեբին ասել է, որ «ժամանակի սղության պատճառով» այս անգամ Լեռնային Ղարաբաղ չի այցելելու: