«Երկիր» on-line-ին տված հարցազրույցում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Առաջին հերթին ինձ մտահոգում է մարդկանց հոռետեսությունը, ընդ որում՝ այն մարդկանց, ովքեր իրենց հոռետեսությամբ իրենց կամովին զրկել են որեւէ դրական բան տեսնելուց, մարդկային նորմալ հարաբերությունից հաճույք ստանալուց։ Հաճախ մենք շատ ավելի ենք ինքնախարազանմամբ զբաղվում, քան դա անհրաժեշտ է»։
Այս հարցազրույցից երեք օր հետո տեղի ունեցան «Տէցի կռուգի» հայտնի դեպքերը, որին մենք, հաշվի առնելով պաշտպանության նախարարի մտահոգությունը, նայում ենք միայն լավատեսորեն եւ ուրախ ենք, որ տանկեր չեն օգտագործվել:
Ի դեպ, Ս. Սարգսյանն առանձնակի անդրադարձել է նաեւ իր մասին շրջանառվող լուրերին՝ ասելով. «Այս տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ քաղաքական հակառակորդներ, որոնց մի մեծ մասը, ցավոք, բամբասկոտ, ստախոս, դհոլի պես դատարկ մարդիկ են եղել, որոնց համար ինձ վարկաբեկելու, մրոտելու գործը հիմնական խնդիր է եղել։ Իսկ ի՞նչ պետք է իմ մասին ասեին։ Ասեին, որ ես փախե՞լ եմ որեւէ ճակատից, չե՞մ մասնակցել ինչ-որ ռազմական գործողությունների, վախկո՞տ եմ, անբարոյակա՞ն եմ, ի՞նչ պիտի ասեին»։