Փուլային տարբերակ

03/03/2007

Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Ժնեւում տեղի ունենա Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը: Մարտի 13-ին Ժնեւում սկսվելու է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը «Trend»-ին ասել է. «Առայժմ խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպումն անցկացնել մարտի 13-14-ը Ժնեւում: Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը, իսկ Հայաստանի դիրքորոշումն ինձ հայտնի չէ, եւ ես չեմ կարող այդ մասին խոսել: Մենք պլանավորում ենք հանդիպումն անցկացնել Պրահայի գործընթացի շրջանակներում»: Նրա խոսքերով՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ՝ դա աքսիոմ է»: «Մենք այս դեպքում խոսում ենք հակամարտությունը փուլ առ փուլ կարգավորելու մասին, այն է՝ հայկական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից, ադրբեջանցի բնակչության վերադարձ, ականազերծում, ենթակառուցվածքների վերականգնում, տնտեսական համագործակցություն»,- ասել է Մամեդյարովը: «Այսինքն՝ մենք բոլոր այս հարցերը հետաձգում ենք՝ թողնելով հիմնականը՝ որոշել LՂ-ի քաղաքական կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Դա մնում է բանակցությունների քննարկման առարկա, բայց կարեւոր է, որ ադրբեջանցի բնակչությունը վերադառնա, եւ նրանք արդեն կարողանան միասին որոշել ԼՂ-ի կարգավիճակը՝ դա կլինի հանրապետությո՞ւն, թե՞ ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում»,- ասել է Մամեդյարովը: