«Ցանկացած այլ որոշում բողոքարկելու եմ», – վստահեցնում է Վիրաբյանների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը

03/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է՝ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) Oպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների նկատմամբ խափանման միջոցը փոխվել է. կալանքը փոխարինվել է բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: Գուրգեն Վիրաբյանին կալանքից ազատել են դեկտեմբերին, իսկ Արմեն Վիրաբյանին՝ փետրվարի 16-ին:

Վիրաբյանների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի ասելով, դատախազության համար խափանման միջոցը փոխելու պատճառ է եղել իր պաշտպանյալների «առողջական վատ վիճակը, ինչպես նաեւ` այն, որ գործի փաստական հանգամանքները թույլ չեն տալիս, եւ անհրաժեշտություն էլ չկա, որպեսզի նրա նկատմամբ շարունակվի կալանքի կիրառումը»:

Շ.Հովասափյանը սպանվել է 2006թ. սեպտեմբերի 6-ին, իր տան բակում, ծառայողական ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից: Մոտ մեկ շաբաթ անց Հովասափյանին սպանելու կասկածանքով ձերբակալվեցին ՀՊԾ Oպերատիվ հետախուզության վարչության 7-րդ բաժնի պետ Արմեն Վիրաբյանը եւ նրա եղբայր Գուրգեն Վիրաբյանը: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով` «Սպանություն»: Վիրաբյանների մեղադրանքի հիմքում ընկած էր Հովասափյանի վարորդ Անդրանիկ Չարչյանի այն ցուցմունքը, թե ինքը կատարվածի մեջ կասկածում է Արմեն Վիրաբյանին: Մի քանի ամիս շարունակ այդ քրեական գործի ընթացքը չփոխվեց, եւ, վարորդի ցուցմունքից բացի, այլ ապացույցներ եւ փաստեր ի հայտ չեկան: Ավելին, մամուլում հրապարակումներ եղան, թե Ա. Չարչյանը դիմել է դատախազություն` իր ցուցմունքը փոխելու համար: Իսկ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանի ասելով, Ա.Չարչյանը ոչ միայն չի փոխել իր ցուցմունքը, այլեւ մի քանի անգամ հարցաքննվել եւ պնդել է իր ասածը: Հ.Արսենյանի ասելով, մինչեւ հիմա էլ անհասկանալի է մնում, թե ի՞նչ ապացույցների հիման վրա ձերբակալեցին Վիրաբյան եղբայրներին: Ա.Չարչյանի ցուցմունքը եղել է ձերբակալությունից մի քանի օր հետո միայն: Իսկ ցուցմունք, որպես այդպիսին, չի էլ եղել: Ավելի շուտ` երկու անգամ առերեսում է եղել:

«Սեպտեմբերի 15-ին իմ մասնակցությամբ կատարվեց առերեսում,- ասում է Հ.Արսենյանը: -Արմենն ասել էր, թե «Վալենսիա» համալիրից 5-7 րոպեով է դուրս եկել ու բանալիները որդուն է հանձնել: Իսկ վարորդն ասում էր՝ 15-20 րոպեով է բացակայել: Հակասությունը սրա վերաբերյալ էր միայն: Սեպտեմբերի 16-ի առավոտյան վարորդին կրկին բերեցին առերեսման, եւ քննիչը միանգամից հարց տվեց՝ դուք ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության մեջ: Այս հարցն ընդհանրապես կապ չուներ առերեսման հետ, ինչո՞ւ պիտի առերեսման ժամանակ նման հարց տրվեր: Առերեսումն անում են այն ժամանակ, երբ փորձում են ճշտել կողմերի տված ցուցմունքները: Դա առերեսման հիմք չէ: Բոլոր դեպքերում վարորդը պատասխանեց, թե՝ «համոզված եմ, Ա.Վիրաբյանը կամ նրա կողմից ուղարկված անձնավորությունն» է սպանել: Որտեղի՞ց եկավ վարորդի այդ համոզմունքը: Բնականաբար, գիշերն, առերեսումից հետո աշխատանքներ էին տարվել, եւ նրա վրա ազդեցություն էր գործվել: Առերեսման ժամանակ վարորդն ուղղակիորեն հայտարարում էր, թե Արմենի հետ իր հարաբերությունները մտերիմ են եղել, աշխատանքային են եղել, չէր ասում՝ ընկերական են եղել: Թեպետ երկու տարի ընկերություն են արել: Կարծես թե խուսափում էր»:

Հ.Արսենյանի կարծիքով, վարորդին համոզել են այդպիսի ցուցմունք տալ, որպեսզի նախաքննող մարմինը Վիրաբյանների մասնակցությունը ստուգելու մի քանի օրվա հիմք ունենար: Հետո ձերբակալվածներին բաց կթողնեին: Բայց երբ երկար ժամանակ բաց չեն թողել, վարորդը որոշել է ճշտել իր ցուցմունքները: Պաշտպանի կարծիքով, Հովասափյանի սպանությունը հնարավոր չէ «կպցնել» Վիրաբյաններին, եւ նրանց վաղ թե ուշ բաց էին թողնելու:

«Ես հայտարարել եմ, որ Վիրաբյանների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, պետք է կասեցվի հանցակազմի բացակայության պատճառով,- ասում է Հ.Արսենյանը: -Ցանկացած այլ որոշում ստանալու դեպքում բողոքարկելու եմ: Որովհետեւ նախաքննության ընթացքում ոչ միայն հաստատվեց նրանց անմեղությունը, այլեւ պաշտպանական կողմն ապացույցներ ներկայացրեց, որոնք ալիբի էին հանդիսանում, թե մեղադրվողները կատարվածի հետ կապ չունեն»:

Վիրաբյաններին, ճիշտ է, ազատ են արձակել, սական մեղադրանքը թողել են նույնը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնեցին, թե գործի մեջ այլ մեղադրվողներ եւ կասկածյալներ չեն ներգրավվել: Սակայն թե ի՞նչ նոր ապացույցներ կամ փաստեր են ի հայտ եկել, չպատասխանեցին՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը:

«Ի՞նչ է նշանակում՝ խափանման միջոցը փոխում են, բայց հայտարարում են, թե մեղադրանքը դեռ մնում է նույնը,- հարցնում է պաշտպանը: -Սպառնալի՞ք է, ի՞նչ է, ինչո՞ւ եք թողնում այդպես: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործելաոճը»:

Հ.Արսենյանի կարծիքով, դեպքերն այնպես են դասավորվել, որ այդ գործն, ի վերջո, կարճվելու է: Հովասափյանի սպանության գործը քննում էր ՀՀ Գլխավոր դատախազության եւ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննիչներից կազմված համատեղ քննչական խումբը: Նույնիսկ կարելի է ասել, որ գործի քննությունը հիմնականում իրականացնում են ԱԱԾ քննիչները: Իսկ սպանությունից որոշ ժամանակ անց, երբ նոր էին ձերբակալել Վիրաբյան եղբայրներին, Ոստիկանությունը հայտարարեց, թե չի զբաղվելու այդ գործի նախաքննությամբ: Իսկ այստեղից էլ կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն ի սկզբանե համոզված էր, որ Հովասափյանի սպանության մեջ Վիրաբյաններին մեղադրելը բավականին անիրական վարկած է, դրա համար էլ հրաժարվեց այդ գործի հետ առնչություն ունենալ: Ավելացնենք, որ գնդապետ Արմեն Վիրաբյանը ժամանակին աշխատել է Ոստիկանության եւ ԱԱԾ համակարգերում: Իսկ վերջերս փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Հովասափյանի սպանությունը մյուս աղմկոտ սպանությունների հետ միասին շարունակում է մնալ չբացահայտված: Իսկ սա արդեն, թերեւս, նշանակում է, որ Շ.Հովասափյանի սպանության հետ կապված քրեական գործը հայտնվել է փակուղում: Նույնիսկ տպավորություն կա, թե նախաքննող մարմինը գործը չի կարճում, որովհետեւ չգիտի, թե ինչպես դուրս գա ստեղծված անհարմար վիճակից: Բոլոր դեպքերում հետաքրքիր է եւ դեռ շարունակում է անհասկանալի մնալ, թե Հովասափյանի սպանության մեջ ինչո՞ւ մեղադրեցին Վիրաբյաններին: Արդյո՞ք համապատասխան իրավապահ մարմիններն այնքան միամիտ ու անփորձ էին, որ հենց սկզբից չհասկացան, թե իրենց վարկածը ձախողվելու է: Դժվար է ասել, իսկ Հ.Արսենյանն իր ենթադրությունն ունի: «Ես չեմ տիրապետում օպերատիվ տնտեսությանը, որ ասեմ ինչու,- ասում է պաշտպանը: -Կարող է ինչ-որ մեկին հետաքրքրել էր նրանց «Սեմուր ընդ Քո» ընկերությունը: Միգուցե տնտեսական շահագրգռվածությո՞ւն է եղել: Վերջին հաշվով, արդեն ձեւ է դարձել փայ մտնելը»:

Իսկ Վիրաբյան եղբայրներն ունեն առողջական խնդիրներ եւ հիմա գտնվում ստացիոնար բուժման մեջ: