Բոլորս չենք բարգավաճելու

03/03/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ներկայումս ընդամենը 5 կուսակցություններ կան, որ կարող են քաղաքական դաշտի վրա լուրջ ազդեցություն ունենալ եւ ունակ են հաղթահարելու 5 %-ը: Ներքին սոցհարցումների արդյունքում նման եզրակացության եկել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Պատվիրատուների պահանջներից ելնելով` նա դեռեւս չի հրապարակում 5 կուսակցությունների անունները: Համապետական ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունների կողմից ներկայացվելիք նախընտրական ծրագրերում Ա. Ադիբեկյանն առաջնահերթ կարեւորում է նրանց սոցիալական արժեքը: Ազգովին բարգավաճելու պոպուլիստական հայտարարությունները սոցիոլոգը համարում է անհիմն: «Բոլորս չենք կարող բարգավաճել: Ոչ մի երկրում բոլորը չեն բարգավաճում, այլ բարգավաճում է հասարակության միայն մի խումբը: Երկրի սոցիալական պաշտպանության համակարգն այնպիսին է, ինչը թույլ է տալիս, որ մի խումբ բարգավաճողների հաշվին կամաց-կամաց բարգավաճեն նաեւ մյուսները: Եթե դա չի արվում, ուրեմն երկրում ապրում է ծայրը ծայրին հասցնող ժողովուրդ»,- ասում է Ա. Ադիբեկյանը: Նա կարծում է, որ կուսակցությունների կողմից պետք է ներկայացվի իրատեսական առաջարկներով այնպիսի տնտեսական ծրագիր, որ նպատակաուղղված կլինի Հայաստանի առջեւ դրված խնդիրների լուծմանը: Իսկ այն քաղաքական ուժերը, որ անընդհատ խոսում են եվրոպական ինտեգրումից, հայոց լեզվի պահպանման խնդիրներից ու մոռանում են սոցիալական բլոկը, սոցիոլոգը համոզված է, որ նմանատիպ կուսակցությունները եկել են ներքաղաքական հարցեր լուծելու, որը «կտրված է ժողովրդի կենսական կարիքներից»: «Ժողովուրդը պետք է հասկանա, թե որքան իրատեսական են այդ խոստումները: Եթե խոստումն առանց հիմքի է, դառնում է փուչիկ, որը շուտ պայթում է»,- համոզված է Ա. Ադիբեկյանը: