Սալոր

03/03/2007

Բաղադրությունը: Ջուր` 81-83%, շաքարներ` 3,4-3,6%, ածխաջրեր` 4,4%, թթուներ` 1,5%, ազոտային նյութեր` 0,5%, բջջաթաղանթ` 5%, մոխրացող մնացորդ` 0.5-0.6 %:

Պարունակում է նաեւ միկրո, մակրոէլեմենտներ, 0.01-2.2 մգ վիտամին A, B խմբի վիտամիններ, 6-10 մգ վիտամին C, 0.63 մգ վիտամին E:

Կիրառությունը: Հին Հունական բժիշկների տվյալներով` քաղցր սալորը ակտիվացնում է աղիների աշխատանքը եւ վերացնում է փորկապությունը: Սալորն օգտագործում են աղեստամոքսային ցավերի հանգստացման, այրուցի զգացողության վերացման համար: Կիրառում են աթերոսկլերոզի, երիկամների ցավերի, պոդագրայի եւ ռեւմատիզմի դեպքում: Մանրացված թարմ տերեւները թարախային վերքերին ու խոցերին դնելուց նպաստում է նրանց արագ առողջացմանը: Չնայած կան սալորի շատ տեսակներ, բոլորն էլ ունեն աղիները վնասակար մանրէներից մաքրելու հատկություն: Սալորը նպաստում է օրգանիզմից նատրիումի աղերի, ջրի ավելցուկի դուրսբերմանը, իսկ դա հիպերտոնիայի, սիրտ-անոթային հիվանդությունների, երիկամային անբավարարության դեմ պայքարի միջոցն է: Սալորի հյութն առավոտյան սոված վիճակում խմելու դեպքում մաքրում է օրգանիզմը, հատկապես լյարդը:

Թթու սալորն, ի տարբերություն քաղցրի, պնդություն է առաջ բերում:

Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ տերեւների եփուկով կատարված ողողումները օգնում են կոկորդի հիվանդությունների դեպքում, վերացնում են շնչափողի ուռուցքը, ամրացնում լնդերը: Սալորենու բուսախեժը լուծված վիճակում աչքի մեջ կաթեցնելը սուրմայի պես մաքրում է աչքը: Լուծված բուսախեժը խմելը վերացնում է չոր հազը, կոկորդի չորությունը: Բուսախեժը նաեւ օգնում է միզատար ուղիներում քարեր ունենալու դեպքում: