Վախենում է սառը պատերազմից

03/03/2007

«Հայաստանի պես երկրի համար ամենամեծ մտավախությունը կլիներ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «սառը պատերազմի» վերադարձը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն Իռլանդիա այցից առաջ «Այրիշ Թայմս» թերթին տված հարցազրույցում: «Մենք գտնվում ենք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական առումով շատ դժվարին տարածաշրջանում»,- ընդգծել է Օսկանյանը՝ նշելով, որ բացի Ադրբեջանից, որի հետ Հայաստանը հակամարտության մեջ է ԼՂ-ի հարցով, երկրին սահմանակից են նաեւ Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը. Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, Վրաստանի վեճը ՌԴ-ի հետ դժվարացրել է ապրանքների արտահանումը եւ ներմուծումը Ռուսաստանից, իսկ Արեւմուտքի եւ Իրանի միջեւ լարվածությունը կարող է խնդիրներ հարուցել նաեւ Հայաստանի հարավային սահմանին: Օսկանյանն ասել է, թե ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանին հաջողվում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ միաժամանակ «բացվելով դեպի Եվրամիություն»: