Բաժանիր, որ տիրես

03/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Պարզվում է` հայրենի ընդդիմությունը շատ է ուզում վերարտադրվելու հարցում օգնել իշխանություններին ու դրա համար անում է այն, ինչ հնարավոր է, թերեւս հույս ունենալով, որ ձեռքի հետ ինքն էլ կվերարտադրվի:

Համենայն դեպս, խորհրդարանի առաջիկա ընտրությանն իրենց ընդդիմություն հռչակած բոլոր կուսակցությունները կմասնակցեն առանձին՝ առանց որեւէ կուսակցության հետ դաշինք կազմելու: Արդյունքում, ստացվում է, որ ընդդիմությունն ԱԺ առաջիկա ընտրությանը կմասնակցի մի 14-15 կտորով: Ավելի շատ կտորներով թերեւս հնարավոր էլ չէր մասնակցել: Ընտրություններին առանձին՝ առանց դաշինքի կմասնակցեն ՀԺԿ, «Ազգային Միաբանություն», «Հանրապետություն», ՀՀՇ, «Օրինաց երկիր», ՀԴԿ, ԺՈւԿ, ԱԺԿ, «Դաշինք», ԺԿ (Տիգրան Կարապետիչի կուսակցությունը), Կոմկուսն ու, ըստ ամենայնի, նաեւ «Ժառանգություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունները (նշված բոլոր կուսակցություններն էլ իրենց ընդդիմություն են հռչակել): Երրորդ հանրապետության պատմության մեջ ընդդիմությունը երբեւէ նման վիճակում չէր հայտնվել: Այս ամենին զուգահեռ, ընդդիմադիր մի դաշինք՝ թեեւ ոչ այնքան մեծ, այնուամենայնիվ, ձեւավորվել է: Նախօրեին Հայաստանի պահպանողական եւ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունները ԿԸՀ-ին են ներկայացրել «Իմպիչմենտ» անունով նախընտրական դաշինք ձեւավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս դաշինքը խորհրդարանում հայտնվելուն պես մտադիր է սկսել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենտի (պաշտոնանկության) գործընթաց: Նման դաշինք ստեղծելու առաջարկն արվել էր փետրվարի 20-ին՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ: Երեկ մեզ հետ զրույցում «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, թե երբ «Այլընտրանքն» առաջարկեց ստեղծել «Իմպիչմենտ» դաշինք, «նկատի ուներ, որ բոլորը պետք է միավորվեն»: «Քանի որ սահմանված ժամկետում իրենց (ընդդիմադիր այլ կուսակցությունների. -Ռ.Թ.) կողմից արձագանք չեղավ, դրա համար էլ այս երկու կուսակցություններով եւ «Այլընտրանքով» նախաձեռնությունը եղավ»,- նշեց Պ. Մակեյանը: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ երեկ փոխանցեց, որ ՆԺԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ի՞նչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին: Ա. Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ «խորհրդակցություններ են գնում, եւ ոչինչ չի բացառվում»: Այսինքն՝ հնարավոր է, որ ՆԺԿ-ն այնուամենայնիվ դաշինքո՞վ մասնակցի ընտրություններին: Մեր այս հարցին Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում, բայց քիչ հավանական է, որ ընտրություններին դաշինքով գնանք»: Փորձեցինք պարզել, թե այդ ո՞ր ուժերի հետ են «խորհրդակցություններ գնում», քանզի արդեն հայտնի է, որ ընդդիմադիր կուսակցությունների ճնշող մասն ընտրություններին միայնակ է գնալու: Ա. Կարապետյանը հրաժարվեց նշել այդ կուսակցությունների անունները, սակայն խոստացավ, որ ՆԺԿ-ն այսօր համապատասխան հայտարարություն կանի: Պարզվում է նաեւ, որ թեեւ օրերս իր ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ինքը «կարիերիստ չէ», կողմնակից է «ընդդիմադիր մեծ լուծումների» ու պատրաստ է ձեւավորվելիք դաշինքում լինել, ասենք, 10-րդը, սակայն, ըստ որոշ լուրերի` ԱԺՄ, ՀՀՇ, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ նախընտրական դաշինքի ձեւավորման տապալումը մեծապես պայմանավորված է եղել նաեւ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշմամբ: Ի դեպ, ԱԺՄ-ն վարչության երեկվա նիստում որոշել է ընդհանրապես չմասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ վարչության նիստում որոշվել է, որ ԱԺՄ-ն ընտրություններին չի մասնակցելու ո՛չ մեծամասնական, ո՛չ համամասնական ընտրակարգով, ո՛չ էլ այլ կուսակցությունների կամ դաշինքների ցուցակներով: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ ՀԺԿ-ն «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին առաջարկել է լինել իր համամասնական ցուցակի երկրորդ համարը, իսկ Ա. Բազեյանը ժամանակ է խնդրել՝ կուսակիցների հետ խորհրդակցելու համար: Միաժամանակ «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի երեկվա նիստում որոշվել է համաձայնություն տալ այդ առաջարկին, եւ Ա. Բազեյանն ընդգրկվել է ՀԺԿ համամասնական ցուցակում: Երեկվա նիստում ՀԺԿ վարչությունը հաստատել է կուսակցության համամասնական ցուցակը: ՀԺԿ ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ ցուցակում, Ա. Բազեյանից բացի, մնացածը ՀԺԿ անդամներ են: Իսկ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն էլ փոխանցեց, որ ՀՀՇ վարչությունն իր երեկվա նիստում որոշել է ընտրություններին միայնակ մասնակցել, սակայն համամասնական ցուցակը դեռեւս պատրաստ չէ եւ կճշտվի «օրենքով սահմանված ժամկետներում»: Իսկ «Հանրապետություն» կուսակցությունն էլ երեկ մինչեւ ուշ երեկո վարչության նիստում ճշտում էր կուսակցության համամասնական ցուցակը: Նույն նպատակով երեկ վարչության նիստ էր նաեւ «Ժառանգություն» կուսակցությունում: Անկախ ձեւավորված ու ձեւավորվելիք ցուցակներից, պարզ է, որ ընդդիմությունն ընտրություններից առաջ փոշիացրեց իր ռեսուրսները, եւ մայիսի 12-ից հետո ձեւավորվելիք ԱԺ-ի կազմն արդեն այսօր կարելի է ուրվագծել: Ըստ այդմ, եթե անակնկալներ չլինեն, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից բացի, ԱԺ-ում կհայտնվեն նաեւ մի քանի «անշառ ընդդիմադիրներ»՝ ՀԺԿ-ից, ՕԵԿ-ից ու ԱՄ-ից, Տիգրան Կարապետիչն էլ մի քանի նախկին ՕԵԿ-ականների հետ՝ ձեզ նվեր: Ընդ որում, ընդդիմություն կոչվող ուժերն ընդհանուր առմամբ ԱԺ-ում լավագույն դեպքում կունենան մի 25-30 մանդատ: ՀՅԴ-ն կունենա մոտավորապես այնքան մանդատ, ինչքան այսօր, իսկ մնացած տեղերը գրեթե հավասար կբաշխվեն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Այն, որ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններն այդպես էլ ընտրություններից առաջ չմիավորվեցին, միայն մի բանի մասին է վկայում. ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության գալու, այլ ընդդիմադիր դաշտի արեւի տակ իր տեղը չկորցնելու համար: