«Խորհրդարանի ընտրություններում հիմնական մրցապայքարը կընթանա Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ. այս երկու կուսակցությունները միասին հավանաբար ամենաշատ տեղերը կշահեն խորհրդարանում, եւ դա նրանց հնարավորություն կտա կոալիցիոն կառավարություն կազմել որեւէ փոքր կուսակցության հետ, որը կարող է լինել Դաշնակցությունը»,- Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասված է «Economist Intelligence Unit»-ի զեկույցում: Զեկույցի հեղինակները մասնավորեցրել են հնարավոր մի քանի սցենար: Ամենահավանականը, ըստ նրանց, հետեւյալն է. «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են փորձել մինչեւ քվեարկությունը անդրկուլիսային համաձայնության գալ որոշ ընտրատարածքներում միմյանց դեմ դուրս չգալու մասին՝ դրանով առավելապես մեծացնելով խորհրդարանում տեղեր շահելու իրենցից յուրաքանչյուրի հնարավորությունը: Այս սցենարի մեջ է տեղավորվում քվեարկությունից հետո արդյունքը բաժանելու համաձայնությունը: Այսպես, քանի որ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում մեկ անգամ եւս անընդմեջ առաջադրվելու իրավունք չունի, եւ քանի որ ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանը միշտ դիտվել է որպես Ռ. Քոչարյանի ակնհայտ հետնորդ, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնները կվերապահվեն ԲՀԿ-ին»: «Economist Intelligence Unit»-ն առաջարկում է նաեւ այլընտրանքային սցենար. «ԲՀԿ-ն զգում է, որ խորհրդարանում տեղեր ստանալու համար բավարար աջակցություն ունի եւ որոշում է ավելի բաց մրցակցել ՀՀԿ-ի հետ: Ազատ ու արդար ընտրությունների հեռանկարները, որոնք արդեն իսկ մեծ չեն, ավելի կփոքրանան այս սցենարով, քանի որ ՀՀԿ-ի հետ կապված քաղաքական վերնախավը հնարավոր ամեն ինչ կանի իր շահերը պաշտպանելու համար: Բոլոր դեպքերում, ընտրություններից հետո երկու կուսակցությունները հավանաբար համաձայնության կգան կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ»: «ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի բարեկամական գործելակերպը խորհրդարանի ընտրություններում ոչ միայն որոշելու է, թե որ կուսակցությունն է գերակշռելու հաջորդ կառավարության կազմում, այլեւ ձեւավորելու է 2008-ի նախագահի ընտրությունների թեկնածուների շարքը: Ռ. Քոչարյանը չի կարող առաջադրվել՝ դաշտը բացվում է Սերժ Սարգսյանի համար: Չնայած անցած տարվա ընթացքում ԲՀԿ-ին աջակցության արագ աճը պակաս որոշակի է դարձրել Սերժ Սարգսյանի հաղթանակը: Եթե ԲՀԿ-ն ԱԺ ընտրություններում իրեն լավ դրսեւորի՝ ուժեղ դիրքերում կլինի Գագիկ Ծառուկյանին կամ քաղաքական աստիճանակարգից այլ մեկին նախագահի թեկնածու առաջադրելու համար: Մեկ գործոն էլ կա, որը բարդացնում է պատկերը. Ռ. Քոչարյանի հայտարարությունը քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունենալու մասին: Հնարավոր տարբերակներից մեկը՝ Ս. Սարգսյան նախագահը վարչապետ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ եթե ճշմարիտ է, որ ԲՀԿ-ն ստեղծվել է որպես Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան, սա կարող է նախապայման լինել՝ Ս. Սարգսյանին նախագահի ընտրություններում աջակցելու համար»,- գրում է «Economist Intelligence Unit»-ը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա՝ «անցած ամբողջ տարվա ընթացքում այն ներքաշված էր ընտրական հնարավոր դաշինքների շուրջ քննարկումների մեջ, բայց մինչեւ օրս՝ ոչ մի հաջողություն: Առանց նման դաշինքի, նրանց ընտրական հեռանկարները շատ մռայլ են թվում, քանի որ հանրության շրջանում նրանք առանձին-առանձին մեծ աջակցություն չեն վայելում: Ընդդիմության մեջ հավանաբար «Օրինաց երկիրն» է, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում տեղեր շահելու լավագույն դիրքերում է,- կարծում են «Economist Intelligence Unit»-ի մեկնաբանները՝ հավելելով,- թեեւ կուսակցությունն անկասկած ունի հանրության որոշակի աջակցություն, բայց 2003-ի նրա աջակիցների համար հիասթափեցնող հանգամանք է երեք տարի հեղինակություն չվայելող կառավարությունում լինելը: Չնայած, իշխանությունից նրա դուրս գալն էլ հակակոռուպցիոն տրամադրվածներին կարող է դուր գալ»: «Արեւմտյան կառավարություններն ակնդետ հետեւելու են ընտրություններին՝ հատկապես աչքի առջեւ ունենալով Հայաստանի վերջին ընտրությունների փորձը. նրանցից որեւէ մեկը միջազգային դիտորդներն ազատ ու արդար չեն գնահատել»,- գրում են զեկույցի հեղինակները: Ըստ նրանց, ԱՄՆ-ը ու Եվրամիությունը «ակնհայտորեն հասկացրել են», որ ֆինանսական աջակցության իրենց ծրագրերի շարունակելիությունը կախված է ընտրությունների որակից: «Հայաստանի կառավարությունը բազմիցս խոստացել է, որ ազատ ու արդար են լինելու ընտրությունները, բայց հատկապես ընդդիմադիրները խիստ կասկածում են: Փաստը, որ ԵԱՀԿ-ի երկու պաշտոնյաները վերջին ամիսներին Հայաստան կատարած այցի ընթացքում այդպես էլ չկարողացան հանդիպել Ռ. Քոչարյանի հետ, ընդդիմության անհանգստությունն ավելի ծանրակշիռ է դարձնում»,- եզրափակել են զեկույցի հեղինակները: