Գաղտնի սոցհարցումներ անսպասելի արդյունքներով

03/03/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Անցյալ տարի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության համար բավական հաջողակ օր էր, որովհետեւ հենց երեք ամիս առաջ այդ օրն էր Ռոբերտ Քոչարյանն իշխանամետ երեք հեռուստաընկերությունների լրատվական ծառայության ղեկավարների հետ հարցազրույցում բացատրում, թե որքան լավ է ստացվում իշխանություն-ՄԱԿ համագործակցությունը:

ՄԱԿ-ի համար այդ հարցազրույցի ամենակարեւոր հատվածը Ռոբերտ Քոչարյանի՝ ապագա կառավարության նախանշած ձեւաչափն էր, որտեղ, բնականաբար, Ռ. Քոչարյանը տվել էր նաեւ ՄԱԿ-ի անունը: «Իհարկե, հանրապետականների հետ իմ համագործակցությունը չի փակում ճանապարհը, դռները բաց է պահում այլ կուսակցությունների հետ բավական լուրջ համագործակցության համար։ Դա եւ՛ Դաշնակցությունն է, եւ՛ նոր աճող «Բարգավաճ Հայաստանն» է, ՄԱԿ կուսակցությունն է, որի հետ այսօր ունենք բավական արդյունավետ համագործակցություն։ Ես ենթադրում եմ, որ ապագա Ազգային ժողովը եւ ապագա կառավարությունը կարող են որոշակի ձեւաչափի ներքո ձեւավորվել՝ այս շրջանակներում»,- հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

Սակայն այսօր ՄԱԿ-ի համար բոլորովին այլ ժամանակներ են եկել, քանի որ ամեն ինչ փոխվել է, եւ իշխանությունների համար այդ ձեւաչափով ապագա կառավարության ձեւավորումն այլեւս դարձել է ժամանակավրեպ: Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ իշխանություն-ՄԱԿ համագործակցությունն առաջ լավ էր, հիմա՝ ոչ, եւ ոչ էլ այն, որ ՄԱԿ-ը «դեմ» քվեարկեց երկքաղաքացիությանը վերաբերող փաթեթին, որովհետեւ, ըստ էության, այդ փաթեթն ընդունվեց նաեւ ՄԱԿ-ի ակտիվ միջամտությամբ: Բանն այն է, որ եթե ՄԱԿ-ն իր կազմով ընդհանրապես չմասնակցեր քվեարկությանը (որը ոչինչ չէր փոխելու), ապա այդ փաթեթը չէր ընդունվի՝ անհրաժեշտ 66 ձայն չապահովելու պատճառով: Այնպես որ՝ խնդիրը բոլորովին այլ է, եւ այն կապված չէ ՄԱԿ-իշխանություն պայմանավորվածությունների կատարման թերացմամբ: Բանն այն է, որ իշխանությունները նախքան ընտրությունները որոշել են իրենց համար պարզել, թե իշխանամետ կուսակցություններից որն ունի հաղթելու ռեալ հնարավորություն, որպեսզի ձեռքի տակ ունենան նաեւ մայիսի 12-ից հետո ձեւավորվող խորհրդարանի նախնական պատկերն ու «ապագա կառավարության ձեւաչափը»: Այդ նպատակով իշխանությունները ներքին օգտագործման սոցհարցում են պատվիրել, ձեռքի հետ էլ պատվիրել են նաեւ ճշտել, թե ընդդիմադիր կուսակցություններից որն ինչ հնարավորություններ ունի: Պատկերը ՄԱԿ-ի, ինչպես նաեւ` մի շարք այլ կուսակցությունների համար տխուր է եղել, ուստի Ռոբերտ Քոչարյանը փոշմանել է, որ դեկտեմբերի 15-ի հայտնի հարցազրույցում հնչեցրել է նաեւ ՄԱԿ-ի անունը: Իշխանությունների պատվիրած ներքին օգտագործման սոցհարցման տվյալներով, ՄԱԿ-ն իր ռեյտինգով զիջել է անգամ նորաստեղծ «Դաշինք» կուսակցությանը, իհարկե, չնչին տարբերությամբ. նրանց վարկանիշը մոտավորապես 1.5 տոկոս է եղել: Իշխանական կուսակցություններից ամենամեծ վարկանիշ ունեցող կուսակցությունները, բնականաբար, եղել են Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Վատ ցուցանիշ չի ունեցել նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը. համենայնդեպս, այդ սոցհարցման տվյալներով ՀՅԴ-ն պահանջվող 5 տոկոսի շեմը կկարողանա հաղթահարել, եթե նախընտրական քարոզարշավի համար սահմանված ժամանակահատվածը կարողանա ճիշտ օգտագործել: Բայց ՄԱԿ-ին նույնիսկ դա չի կարող օգնել, որովհետեւ ՄԱԿ-ի փոխարեն հասարակությունը բոլորովին այլ կուսակցության է ցանկանում տեսնել ԱԺ-ում: Խոսքը, որքան էլ տարօրինակ է, Ժողովրդական կուսակցության մասին է՝ ի դեմս Տիգրան Կարապետովիչի, որի ռեյտինգն այսօր հավասար է «Ազգային Միաբանություն» կուսակցության ռեյտինգին: Իշխանությունների անցկացրած սոցհարցման տվյալներով, որը նրանք ամեն կերպ ցանկանում են գաղտնի պահել, ՀԺԿ-ի ռեյտինգը ավելի ցածր է, քան «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ դարձյալ չնչին տարբերությամբ:

Եվ հենց այս սոցհարցման տվյալներն են ստիպել իշխանություններին վերանայել իրենց ապագա դաշնակից կուսակցությունների ցանկը, մասնավորապես` ՄԱԿ-ի մասով: Մեր աղբյուրների հավաստմամբ, հենց դա էր պատճառը, որ վերջին օրերին ՕԵԿ-ից մի քանի պատգամավորներ մտան Տիգրան Կարապետովիչի կուսակցության համամասնական ցուցակը, որովհետեւ ՕԵԿ ցուցանիշներն էլ հուսադրող չեն եղել, եւ իշխանությունները որոշել են, որ նրանց մի մասը պետք է ԱԺ մտնի ԺԿ-ի ցուցակով: Իսկ սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ՕԵԿ-ն իշխանությունների հետ դեռեւս շարունակում է սերտ կապերի մեջ լինել, ու հենց դրանով է նաեւ պայմանավորված այն, որ ՕԵԿ-ից դուրս եկածները որեւէ բացատրություն չեն տալիս, թե ինչի համար են ՕԵԿ-ից դուրս եկել ու ընդգրկվել Տիգրան Կարապետովիչի ցուցակում:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս կուսակցությունների վարկանիշներին, ապա նույն սոցհարցումների արդյունքները ցույց են տվել, որ նրանք առանձին-առանձին շատ քիչ տոկոս ունեն: Իսկ եթե նրանց միասնական դաշինք ձեւավորելու գաղափարը չձախողվեր, ապա առաջիկա խորհրդարանում նրանք եւս կարող էին ծանրակշիռ տեղեր զբաղեցնել:

Քաղաքագետ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն իշխանությունների կողմից իրականացված ներքին օգտագործման սոցհարցման առնչությամբ ասաց. «Հասարակության զգալի մասը դեռեւս չի կողմնորոշվել: Համենայնդեպս, դա են ցույց տալիս մյուս սոցհարցում իրականացնող կազմակերպությունները: Սովորաբար հասարակության մոտավորապես 30 տոկոսը կողմնորոշվում է ոչ թե ընտրություններից 2 ամիս առաջ, այլ՝ ընտրությունների նախօրյակին: Այդ իսկ պատճառով ես այդ մեթոդաբանությունը չեմ ընդունում, որովհետեւ եթե նույնիսկ նույն ՄԱԿ-ն այսօր, մեղմ ասած, ունի ոչ բարձր ռեյտինգ, կարող է ընտրարշավի ընթացքում շտկել իրավիճակն այդ չկողմնորոշված ընտրազանգվածի հաշվին: Այնպես որ՝ ես գտնում եմ, որ դա պարզապես մեթոդաբանական խաղ է: Եթե կուսակցությունները հաշտվել են այն մտքի հետ, որ 30 տոկոսը դատապարտված է պասիվություն ցուցաբերել եւ ընտրությունների չմասնակցել, եւ իրենք հնարավորություն չունեն իրենց քարոզչության միջոցով ակտիվության կոչել, դա այլ հարց է»: Անձամբ Հմայակ Հովհաննիսյանն այդ կարծիքին չէ եւ գտնում է, որ հասարակության չկողմնորոշված զանգվածին, այնուամենայնիվ, թե՛ ՄԱԿ-ը, թե՛ ցանկացած այլ կուսակցություն կարող է ակտիվացնել, եթե նպատակասլաց աշխատի այս երկու ամիսների ընթացքում:

Հ.Գ. Ի դեպ, մեկ այլ՝ «Ընտրական համակարգեր» կենտրոնի Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը նույնպես նախընտրական հետազոտություն է իրականացրել մինչ կուսակցությունների պաշտոնական առաջադրումներն ընկած ժամանակահատվածի համար հանրության ելակետային կողմնորոշումների պատկերը ստանալու նպատակով (հարցումն անցկացվել է փետրվարի 3-25-ը, Երեւանի 1150 բնակիչների շրջանում): Ըստ հարցման արդյունքների, մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հարցվածներից կմասնակցեն 58%-ը, չեն մասնակցի 18%-ը: Իսկ 24%-ը դեռեւս չի կողմնորոշվել կամ չի պատասխանել: Կենտրոնի տվյալներով, սահմանված 5 տոկոս արգելքը հատել է վեց կուսակցություն, սակայն առայժմ չեն նշել, թե դրանք որոնք են: Այդ կուսակցությունների անունները, ըստ կենտրոնի, կհրապարակվեն սոցհարցման պատվիրատուի համաձայնությունը ստանալուց հետո միայն: