Ո՞ր ընտրակարգով են առաջադրվում հայերը

03/03/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Հայրենի խորհրդարանը հերթական ընտրություններից առաջ, հերթական անգամ «բարեփոխեց» Ընտրական օրենսգիրքը: Ու թեեւ, չգիտես ինչու, ողջ աշխարհի «դարդ ու ցավը» Հայաստանի համապետական ընտրություններն ազատ, անկախ եւ թափանցիկ անցկացնելն է, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ մեր պարագայում խնդիրը լավ կամ վատ օրենքը չէ, այլ այդ օրենքով շարժվելը:

Մոտ երկու տարի խորհրդարանում վեճեր էին ընթանում (քիչ էր մնում գրեի՝ լուրջ լսումներ) համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի շուրջ: Վերջիվերջո, կանգ առան խորհրդարանի 90 համամասնական եւ 41 մեծամասնական ձեւաչափի վրա: Սակայն, կարծում եմ, որ այսօրվա Հայաստանում ամենեւին էլ էական չէ, թե մեր պատգամավորների քանի տոկոսը կընտրվի մեծամասնական, եւ քանիսը` համամասնական ընտրակարգով: Որովհետեւ նրանք բոլորն էլ ավելի շուտ ընտրվում են ոչ մեծամասնականով, ոչ էլ համամասնականով: Փորձը ցույց է տալիս, որ հայ պատգամավորներն ընտրվում են բարեմասնական ընտրակարգով:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ով ինչ բարեմասնությունով է ուզում դառնալ ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր: Սկսենք նրանից, որ բացառությամբ երկու-երեք քաղաքական ուժերի, մնացած բոլորը ամենալավ բարեմասնությունն են համարում փողը եւ «դաբռոն»: Ի դեպ, այս բարեմասնությունը վերաբերում է եւ՛ իշխանամետ, եւ՛ ընդդիմադիր կուսակցություններին: Վերջին տարիներին բավականին ծանրակշիռ բարեմասնություն է դիտարկվում այս կամ այն «ֆիրմա» երկրներում ծանոթ ունենալը: Ըստ վիճակագրական տվյալների, փողով եւ «դաբրոներով» օժտված են հիմնականում ՀՀԿ-ականները եւ ԲՀԿ-ականները: Իսկ, օրինակ, Գեղամյանը հարուստ է ականներով: Իհարկե, ազնիվ չեմ լինի, եթե ասեմ, որ պարոն Գեղամյանի արժանիքները սահմանափակվում են միայն ականներով: Նրա ձայնի տեմբրը, ասմունքի վարպետությունը եւ ռայկոմական անցյալը Արտաշես Մամիկոնովիչին «գեղեցկացնում» են ոչ պակաս, քան ական լինելը: Բայց Ա. Գեղամյանը պետք է զգուշանա, քանզի կոնկուրենցիան այս անգամ շատ մեծ է լինելու: Հատկապես` ի դեմս երիտասարդ Արթուր Բաղդասարյանի, որն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սարկոզիին այդպես էլ չհանդիպեց: Փոխարենը` նա հանդիպեց Բերեզովսկուն, եւ իմացավ, որ «World street journal»-ում էլ կարելի է հոդված տպագրել: «Օրինաց երկրի» բացահայտումն անկասկած Հեղինե Բիշարյանն է: Նա իսկապես այն քիչ ՕԵԿ-ականներից է, որը նվիրված է Ա. Բաղդասարյանին: Այստեղ միայն մի փոքր անհաղթահարելի մանրուք կա. երկու օր առաջ մամուլում ոմն Գրանդ մաստեր մասոն հայտարարել էր, որ կանայք իրենց շարքերում տեղ չունեն, որովհետեւ շատ բերանբաց եւ բամբասկոտ են: Դաշնակների բարեմասնությունները խմբակային են եւ ամբողջովին ցելյուլիտով պատված: Բայց դա հասկանալի է, քանզի 115 տարեկանում ոչ մի պլաստիկ օպերացիա չի օգնի: Իսկ ԲՀԿ-ն ճիշտ էր, երբ ասում էր, որ իր շարքերում գործող ոչ մի չինովնիկ եւ կաշառակեր չի լինի: ԲՀԿ-ի բարեմասնությունները բացառապես կոմունիստական շրջանի չինովնիկներն ու կաշառակերներն են: Իսկ ՀՀԿ-ինը` հետկոմունիստական շրջանի չինովնիկներն ու կաշառակերները: ՀԺԿ-ի բարեմասնությունը գտնվում է զուտ գենետիկ մակարդակի վրա: Չնայած երեկ պարզվեց, որ ՀԺԿ-ում շինանյութի պակաս էր զգացվում, մասնավորապես «քյարփինջի» տեսքով: «Նոր Ժամանակների» բարեմասնությունն առավելապես ռուսական արտադրության ժամացույցներն են, իսկ Խոսրով Հարությունյանի բարեմասնությունների մասին ավելի լավ է հարցնեք մարքսիստ Դավիթ Հակոբյանից: Արեւմտամետ դաշինքի չկայանալուց հետո բոլորին պարզ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի միակ բարեմասնությունն անգլերենի լավ իմացությունն է: ՀՀՇ-ի բարեմասնությունները, բնականաբար, ականջներն են: Ափսոս, որ ՀՀՇ-ում առավելապես տղամարդիկ են: Հակառակ դեպքում` նրանք ավելի սիրված կլինեին: Չէ՞ որ ասում են, որ կանայք ականջներով են սիրում: Իհարկե, այս շարքը կարելի է շարունակել այնքան, որքան կուսակցություն կա գրանցված ՀՀ Արդարադատության նախարարությունում: Սակայն դա անիմաստ է, որովհետեւ ես լավատես եմ: Եվ անգամ այս պարագայում գիտեմ, որ Հայաստանի քաղաքական դաշտը կլինի այնպիսին, որ յուրաքանչյուր կուսակցության բարեմասնությունը կդառնա իր գաղափարախոսությունը, եւ յուրաքանչյուր կուսակցության անդամ կմտածի իր պետության, այլ ոչ թե իր կուսակցության «ֆյուրերիկի» ապագայի մասին: Իսկ յուրաքանչյուր անհատի բարեմասնությունը կլինի այն, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այլ ոչ թե` երկքաղաքացի: