Նախընտրական այս փուլի առանցքային գաղափարը կարելի է ամփոփել մի նախադասությամբ. իշխանություններն ամեն կերպ ձգտում են վերարտադրվել: Պրոբլեմն այն է, որ իշխանությունները ոչ միայն իրենք են ուզում վերարտադրվել, այլեւ փորձում են վերարտադրել ողջ քաղաքական համակարգը:
Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանական համակարգը կազմված է ոչ միայն իշխող կուսակցություններից, այլեւ ընդդիմությունից: Գոյություն ունի խորհրդարանական մեծամասնություն, որն ինչ օրենք ուզում` ընդունում է, երկիրն ինչպես ուզում` կառավարում է, եւ գոյություն ունի ընդդիմություն, որն այս ամենի դեմ բողոքում է, բայց որեւէ արդյունքի չի կարողանում հասնել: Ահա հենց այս ամբողջությունն էլ այն միասնական համակարգն է, որն իշխանությունները ձգտում են վերարտադրել:
Բայց արդյո՞ք միայն իշխանությունները: Օրինակ, ՀԺԿ-ն այսօր խորհրդարանում ունի, ասենք, 15 տոկոս (թիվը պայմանական է) եւ որեւէ կերպ չի կարողանում ազդել քաղաքական պրոցեսների վրա: Եվ եթե այսօր նույն այդ ՀԺԿ-ն պատրաստ է մասնակցել ընտրություններին եւ հաջորդ խորհրդարանում ունենալ նույն 15 տոկոսը, դա նշանակում է միայն մի բան. ՀԺԿ-ն ձգտում է վերարտադրել իշխանական համակարգը: Այսինքն` իր առջեւ նպատակ է դնում հասնել այնպիսի վիճակի, որ առաջիկա չորս տարիների ընթացքում եւս խորհրդարանական ամբիոնից բողոքի իշխանությունների կամայականությունների դեմ եւ ոչնչի չհասնի: Նույնը հաստատ կարելի է ասել մյուս ընդդիմադիր ուժերի` «Ազգային Միաբանության», «Օրինաց երկրի», «Ժառանգության» եւ ուրիշների մասին: Հասկանալի է, չէ՞, որ ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում այս ուժերը չեն կարողանալու հասնել ավելի մեծ արդյունքի, քան հասել են 2003-ին, որովհետեւ չորս տարի առաջ ընդդիմության նկատմամբ ժողովրդի վստահությունն ավելի մեծ էր: Հետեւաբար` լավագույն դեպքում այս ուժերն առաջիկա ընտրություններում ստանալու են այնքան ձայն, որքան 2003-ին (կրկնում ենք` լավագույն դեպքում): Իսկ սա նշանակում է, որ այս ուժերը գիտակցաբար գնում են իշխանական համակարգի վերարտադրման:
Իսկ հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից: Կան իշխանական ուժեր, որոնք ձգտում են վերարտադրել իշխանական համակարգը: Կան ընդդիմադիր ուժեր, որոնք, ինչպես տեսանք, նույն բանն են ուզում (մի քանի տոկոս ավել կամ պակաս` էական չէ): Այսինքն, նպատակը նույնն է: Հիմա ի՞նչ եք կարծում, այս թեւերի միջեւ համագործակցություն հնարավո՞ր է, թե՞ ոչ: Կարծում ենք` այդ համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ միանգամայն տրամաբանական: Ըստ էության, այս հարցում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը բնական դաշնակիցներ են, եւ հասկանալի չէ, թե ինչո՞ւ պիտի չհամագործակցեն:
Հիմա` արդար ընտրությունների մասին: Իշխանական ուժերը, հասկանալի է, կեղծելու են ընտրությունները: Ե՛վ ընտրակաշառք են բաժանելու, եւ՛ լցոնումներ են լինելու, եւ՛ անկապ թվեր են նկարվելու, եւ՛ ապօրինի քարոզչություն է ընթանալու (իշխող ուժերի գովազդային վահանակներն արդեն իսկ հեղեղել են քաղաքը): Բայց սա ընտրակեղծիքների միայն «մեխանիկական» կողմն է, այլ կերպ ասած` երեւացող մասը, կամ «սեւ աշխատանքը»: Բայց ո՞վ ասաց, որ եթե բուն քվեարկության գործընթացը մաքուր լինի, ուրեմն ընտրություններն իսկապես արդար են եղել:
Ընտրությունների իմաստն այն է, որ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել եւ ընտրություն կատարել իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: Այո, քաղաքական դաշտը միայն սեւ ու սպիտակ չէ, բայց Հայաստանի վիճակն այնպիսին է, որ մեծ հաշվով` ժողովուրդը հենց սեւ ու սպիտակի միջեւ պիտի ընտրություն կատարի (գեղեցիկ խոսքերը մի կողմ թողնենք): Հիմա հարց է ծագում. ժողովուրդը կարո՞ղ է կողմնորոշվել սեւ ու սպիտակի միջեւ: Ոչ, չի կարող, որովհետեւ ընդդիմադիր գրեթե նույն կարգախոսներով մի 10-12 կուսակցություններ մասնակցելու են ընտրություններին: Իսկ եթե ժողովուրդն իրական ընտրություն կատարելու հնարավորություն չունի, ուրեմն ընտրություններն արդարացի համարել չի կարելի: Խոսքն իրավական հարթության մասին չէ: Խոսքը զուտ տրամաբանական հարթության մասին է, որտեղ շատ նրբորեն շիլաշփոթ է ստեղծվել, եւ ընդդիմադիր հայացքներով ընտրողը երկար պիտի մտածի, թե ում ձայն տալ` ՀԺԿ-ի՞ն, ԱՄ-ի՞ն, «Ժառանգությա՞նը», «Հանրապետությա՞նը», թե՞ մեկ ուրիշին:
Արդյունքում ստացվում է, որ նորմալ ընտրությունները խափանելու «սեւ գործի» կոպիտ մասն իրենց վրա են վերցրել իշխանական ուժերը, իսկ բովանդակային-խորքային մասը` ընդդիմությունը: Այսինքն, համագործակցություն այնուամենայնիվ կա: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ իշխանություններն ու ընդդիմությունն իրար հետ գաղտնի բանակցությունների նստած ու դետալները քննարկած լինեն: Քաղաքականության մեջ նույն նպատակներն ունեցողներն իրար կես խոսքից են հասկանում, բայց քանի որ այս ընտրություններն առաջինը չեն, կարող է նույնիսկ այդ կես խոսքի կարիքը չզգացվել:
Այնպես որ` դեռ հարց է, թե իրականում ով է ավելի մեծ վնաս հասցնում արդար ընտրությունների գաղափարին: