Սարկոզիին մեղադրում են

03/03/2007

Ֆրանսիական «Կանար անշենե» երգիծական շաբաթահանդեսը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Նիկոլա Սարկոզիին մեղադրել է ֆինանսական մեքենայությունների մեջ: Հրատարակությունը պնդում է, որ նախագահական մրցարշավի ֆավորիտը, Նոյի սյուր Սենի քաղաքագլուխ եղած ժամանակ օգտվել է իր ծառայողական դիրքից՝ 1997թ. իրեն ենթակա քաղաքում գնելով երկու բնակարան՝ խիստ իջեցված գներով: «Կանար անշենե»-ն պնդում է, որ Սարկոզին բնակարանը ձեռք է բերել Նոյի սյուր Սենի քաղաքապետարանի անշարժ գույքի վաճառքի «Լասեր» ընկերությունից»: 233 քմ մակերեսով բնակարանները ձեռք են բերվել շուկայականից 12-35% ցածր գնով: Ըստ շաբաթահանդեսի տվյալների, նախքան տեղափոխվելը Սարկոզի ամուսնական զույգը կարգադրել է միացնել երկու բնակարանները եւ դրանցում կատարել նորոգման մեծածավալ աշխատանքներ՝ շուրջ 270.000 եվրո արժողությամբ, որոնք նույնպես վճարվել են ոչ լիովին, այլ կապալառու «Լասեր» ընկերության հաշվին: Սարկոզին, իր հերթին, մերժում է մեքենայությունների բոլոր մեղադրանքները, որոնք, նրա խոսքերով, «նպատակամղված են լոկ այն բանին, որ արատավորեն» Ֆրանսիայի նախագահի թեկնածուին: