Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին ՀՀ օրենքում, ինչի շնորհիվ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լրացուցիչ լծակներ է ստացել վերահսկելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:
Այդ փոփոխությունների շնորհիվ հանձնաժողովն իրավունք է ստացել ինքնուրույն գնահատել տնտեսվարողների կատարած քայլերը: Մեր իրականության մեջ մինչեւ հիմա քիչ չեն եղել այնպիսի դեպքերը, երբ մի գիշերվա ընթացքում հանկարծ բարձրացել է ինչ-որ ապրանքի, ասենք, բենզինի, ցորենի կամ շաքարավազի գինը: Իսկ սրանք այն ապրանքային շուկաներն են, որտեղ գործել են մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, եւ որոնք ունեցել են գերիշխող դիրք: Եվ այնպես է ստացվել, որ այդ սուբյեկտներն իրար հետ համաձայնեցնելով՝ միանգամից բարձրացրել են իրենց ապրանքի գինը: Իսկ այդ համաձայնությունը հաստատելու եւ նրանց պատժելու համար հանձնաժողովը պետք է ունենար համապատասխան ապացույցներ: Պարզ է, որ տնտեսվարողները նման համաձայնությունը գրավոր չեն ձեռք բերում, որպեսզի հետո ավելորդ գլխացավանքի մեջ չընկնեն: Նրանք գները փոփոխելու մասին իրար հետ ուղղակի բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերում: Որոշ դեպքերում նույնիսկ դրա կարիքը չի էլ զգացվում, որովհետեւ վերը նշված ապրանքների ներկրողը լինում է մի հոգի: Ներկրողը պարզապես իր բիզնեսի համար ստեղծում է մի քանի ընկերություններ, որպեսզի շատ աչքի չընկնի կամ մենաշնորհային վիճակում չհայտնվի: Նման դեպքերում ներկրողը որեւէ մեկի հետ համաձայնություն ձեռք բերելու կարիք չի ունենում, պարզապես ցանկության դեպքում օգտվում է իր գերիշխող կամ մենաշնորհային դիրքից եւ իր բիզնեսն իրացնող սուբյեկտներին կարգադրում է գները բարձրացնել: Իսկ հանձնաժողովի համար դժվար է եղել ապացուցել, թե ի՞նչ են որոշել մեկ կամ մի քանի սուբյեկտները: Ահա այս երեւույթների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար Ազգային ժողովը հանձնաժողովին լրացուցիչ լծակներ է տվել: Իհարկե, օրենքը դեռ չի գործում եւ ուժի մեջ կմտնի միայն նախագահի կողմից վավերացվելուց հետո:
Ստացած նոր լիազորությունների մասին պարզաբանումներ կատարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը:
– Իհարկե, չեմ ասում, թե այս փոփոխությունները կլուծեն բոլոր հարցերը, բայց ամենակարեւոր հարցերից մեկը կլուծվի: Մինչեւ հիմա մեր ամենամեծ պրոբլեմը եղել է այն, որ մենք չենք կարողացել ապացուցել, թե տնտեսվարող սուբյեկտները գները բարձրացնելու համար իրար հետ համաձայնության են եկել: Հիմա արդեն դրա կարիքը չկա: Երեւույթն արդեն գնահատական է, որ այստեղ կա հակամրցակցային համաձայնություն, եւ մենք դա դիտարկելու ենք հենց այդպես: Այսինքն, եթե որոշակի ժամանակահատվածում միանգամից գների փոփոխություն է տեղի ունենում, դա համարվում է հակամրցակցային: Եթե միջազգային շուկայում ցորենի գները բարձրանում են, եւ դա ազդում է մեր շուկայի վրա, ապա դա նորմալ է: Բայց երբ տեսնում ենք, որ այդ գները համաշխարհային շուկայում իջնում են, իսկ մեզ մոտ չեն իջնում, ընդ որում, չեն իջեցնում բոլոր սուբյեկտները, ապա դա արդեն համարվում է հակամրցակցային համաձայնություն: Կամ հակառակը, եթե միջազգային շուկայում գները չեն բարձրացել, իսկ մերոնք բարձրացրել են, դա նույնպես համարվում է հակամրցակցային համաձայնություն: Հակամրցակցային համաձայնություն է համարվում նաեւ այն երեւույթը, երբ միջազգային շուկայում մի ապրանքի գինը 5 % է բարձրացրել, բայց մեր ներկրողները 15 % են բարձրացնում: Ընդ որում, պարտադիր չէ, որ տնտեսվարողները գները բարձրացնելիս իրար հետ պայմանավորվեն: Մեկը բարձրացրեց, մյուսներն իրար նայելով բարձրացնում են:
– Լրացուցիչ ի՞նչ լծակներ տվեց ձեզ օրենսդրական այս փոփոխությունը:
– Նախկին օրենքով երբ մենք նկատում էինք հակամրցակցային համաձայնություն եւ մտնում էինք դատարան, մեզանից ապացույցներ էին ուզում: Ասում էին` թուղթը բերեք, որ նրանք ստորագրել են պայմանավորվածություն ձեռք բերելիս: Դե բացատրի, որ նրանք մի օբյեկտում հացի սեղանի շուրջ նստել եւ պայմանավորվել են: Դատարանն այդպիսի ապացույց չի ընդունում: Ստացվում էր, որ մենք նույն փաստարկները պետք է բերեինք, ինչ որ քրեական հանցագործությունների դեպքում է պահանջվում: Մատնահետքերով պետք է ցույց տայինք, որ այստեղ պայմանավորվածություն է եղել: Իսկ մեր պրակտիկայի մեջ այդպիսի մի դեպք է եղել ընդամենը, այն էլ շատ միամիտ ձեւով: Հիշո՞ւմ եք, հայկական «Բագրատ տուր» եւ թուրքական «Քուլե» ընկերությունները պայմանավորվել էին եւ պայմանագիր կնքել, թե մեկը իր չվերթը կհանի, իսկ մյուսը կատարած չվերթի յուրաքանչյուր տոմսից 50 դոլար կտա նրան: Այդ պայմանագիրը մյուս փաստաթղթերի հետ միասին միամիտ մեզ էին ուղարկել, եւ հակամրցակցային համաձայնությունը ջրի երես դուրս եկավ: Բայց հույսն այդպիսի դեպքերի վրա դնելը ոչինչ չի տա: Հիմա արդեն մեզ նման ապացույց պետք չէ: Հիմա ընկերությունները պետք է հիմնավորեն, թե ինչո՞ւ են բարձրացրել գները:
– Ենթադրենք, ընկերությունները չկարողացան հիմնավորել, թե ինչու են բարձրացրել գները, եւ դուք էլ կարողացաք ապացուցել, որ տեղի է ունեցել հակամրցակցային համաձայնություն: Այդ դեպքում եղած պատժամիջոցները թույլ չե՞ն տնտեսվարողներին ստիպելու համար նման խախտումներ այլեւս չկատարել: Չէ՞ որ շատ դեպքերում նրանց ձեռնտու է տուգանքը վճարել եւ նորից խախտում կատարել:
– Այո, պատիժները շատ թույլ էին: Վերջին տարիներին տուգանքների չափը մի քանի անգամ բարձրացրել ենք: Բարձրացվել է նաեւ վերջին փոփոխության ժամանակ: Որպեսզի տնտեսվարողներն ինչպես ուզեն` այնպես չվարվեն, ավելի վերահսկելի դառնան, մենք այս անգամ բարձրացրեցրինք թե՛ հակամրցակցային, թե՛ գերիշխող դիրք ունենալու եւ թե՛ համակենտրոնացման երեւույթների տոկոսները: Եթե առաջ խախտում անելու դեպքում տնտեսվարողը տուգանվում էր իր ստացած հասույթի 1 %-ի չափով, ապա այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կտուգանվի 2 %:
– Իսկ ինչպիսի՞ խախտումներ է սահմանել Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին օրենքը:
– Նոր օրենքը սահմանում է հինգ խախտում: Հակամրցակցային համաձայնությունը իմացաք: Հաջորդը` գերիշխող դիրքի չարաշահումն է: Այսինքն` գերիշխող դիրք ունեցողն ինքն է թելադրում շուկայի գինը՝ իջեցնում կամ բարձրացնում է եւ այդպիսով խանգարում է մյուս տնտեսվարողների ազատ մրցակցությանը: Երրորդը` համակենտրոնացումն է, երբ տնտեսվարողը ցանկանում է ձեռք բերել նույն շուկայում գործող մեկ այլ տնտեսվարողի՝ խոշորացնելով իր բիզնեսը: Օրենքը թույլ չի տալիս բիզնեսի այդպիսի ընդլայնում: ՈՒրիշ բան է, երբ տնտեսվարողն իր գործունեությունն ընդլայնում է էֆեկտիվ մրցակցության շնորհիվ: Սակայն մեխանիկական միացումներ թույլ չի տալիս: Օրինակ, եթե «Միկա ցեմենտը» ցանկանա գնել Արարատի ցեմենտի գործարանը կամ բաժնետոմսերի մի մասը, դա օրենքով թույլ չի տրվի: Բայց եթե իր էֆեկտիվ աշխատանքով կարողանա ցեմենտի ամբողջ շուկան գրավել, ապա մենք արգելել չենք կարող: Մենք ընդամենը կարող ենք հետեւել, որ նա չչարաշահի իր գերիշխող կամ մենաշնորհային դիրքը: Չորրորդ խախտումը անբարեխիղճ մրցակցությունն է: Դա վերաբերում է հիմնականում ուրիշների իմիջը՝ անվանումը, տեսքը օգտագործելուն կամ ուրիշներին վարկաբեկելուն: Այս դեպքում մենք այնքան սուբյեկտին չենք պաշտպանում, որքան որ մեր սպառողին, որպեսզի նա չխաբվի: Վերջին խախտումը՝ պետական օժանդակությունը, նոր ենք մտցրել: Եթե տնտեսվարող սուբյեկտները ստանում են պետական օժանդակություն, դա չպետք է ուղղի այլ սուբյեկտների դեմ կամ մրցակցությանը խանգարելուն: Պետական օժանդակությունը պարտադիր չէ փողով լինի, դա լինում է որեւէ մի արտոնության՝ հարկային, վարկային կամ այլ ձեւով: Նրանք դա իրար դեմ օգտագործելու իրավունք չունեն: Այս նոր կետը Եվրամիության պահանջն էր:
– Դուք նշեցիք, թե եվրոպական երկրներում այդ տուգանքի չափն ավելի մեծ է՝ հասնում է մինչեւ 10%-ի: Չե՞ք կարծում, որ 2 %-ը շատ ցածր է, եւ մեր խոշոր տնտեսվարողներն ավելի շուտ կցանկանան խախտել եւ այդ տուգանքը վճարել, քան խախտում չանել:
– Չեմ կարծում, որովհետեւ այդ 2 տոկոսն էլ համարում եմ բարձր: Դրանից ավելի բարձրն արդեն շատ բարձր կլինի: Մեզ մոտ շուկաներ կան, որոնք 40-50 մլն դրամի շրջանառություն ունեն: Դրանց համար 2 տոկոսը բավականին բարձր է: Դրա համար նաեւ գումարային սահմանափակում է դրված: Դրված է 2 տոկոսը, բայց ոչ ավելի 300 մլն դրամից: Սա նորմալ է եւ կարող է սուբյեկտներին ստիպել խախտումներ թույլ չտալ: Իսկ խոշոր շուկաների համար այդ 2 %-ը կարող է հասնել 700-800 հազար դոլարի: Չեմ կարծում, թե նրանք պատրաստ են հեշտությամբ հրաժարվել այդքան գումարից:
– Այս նոր փոփոխությունները կարծեմ հնարավորություն էին տալիս գնահատել նաեւ մրցույթներն ու աճուրդները;
– Այո: Առանձին կետ ենք մտցրել` վերահսկելու մրցույթների եւ աճուրդների դեպքում տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային պայմանավորվածությունը: Գիտենք, որ դա մեզ մոտ հաստատ կա: Հիմա այդ կետն էլ մտցրել ենք, որ տնտեսվարող սուբյեկտին այլեւս ապացուցելու կարիք չունենանք, թե դա մեր ֆունկցիան է: Բացի այդ, ունենք տարբեր միություններ՝ շինարարների, առեւտրականների, դեղ ներկրողների եւ այլն: Այս միությունները երբեմն որոշումներ էին կայացնում, որոնց դեմ մենք չէինք կարողանում պայքարել: Եթե յուրաքանչյուր միության մեջ կան 10-20 սուբյեկտներ, որոնք իրար հետ պայմանավորվում են, թե այս ապրանքն այս գնից ցածր չպիտի դնենք, դա նույնպես հակամրցակցային համաձայնություն է: Հիմա օրենքում կոնկրետ կետ կա, որ միությունների այն որոշումները, որոնք սահմանափակումներ են նախատեսում, համարվում են հակամրցակցային համաձայնություն:
– Իսկ օրենքը փոփոխություններ նախատեսե՞լ է, թե տնտեսվարողը որ դեպքում է համարվում գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող:
– Առաջ, եթե 1 սուբյեկտը զբաղեցնում էր շուկայի 1/3 մասից ավելին, գերիշխող դիրք ուներ: Հիմա լրացում ենք մտցրել՝ եթե երկու սուբյեկտները միասին 50 եւ ավելի շատ տոկոս են զբաղեցնում, համարվում են գերիշխող դիրք ունեցող: Եվ 3 սուբյեկտները միասին եթե 75 % են զբաղեցնում, նորից համարվում են գերիշխող դիրք ունեցող: Իսկ մեզ մոտ, գիտեք, շատ շուկաներ կան, որտեղ լիդերը հիմնականում 2-3 սուբյեկտներ են: Բացի այդ, մենք մեր օրենսդրության մեջ ոչ մի տեղ կետ չունենք, թե որն է մենաշնորհը: Վերջապես մտցրեցին: Մենաշնորհ դիրքը ունեցողը շուկայի 100 տոկոսը զբաղեցնողն է: 99 % գերիշխող դիրք ունեցողն է:
– Հանձնաժողովը տարեվերջին ուսումնասիրություններ կատարեց լայն սպառման ապրանքների 17 շուկաներում եւ գտավ, որ գերիշխող դիրք ունեցողները չարաշահել են իրենց դիրքը: Հիմա այդ ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը վարույթներ է սկսել: Ի՞նչ է սպասվում այդ տնտեսվարողներին:
– Մենք այդ տնտեսվարողներից տվյալներ ենք պահանջել, որպեսզի հասկանանք, թե ինչու են բարձրացրել գները: Եթե համոզվենք, որ նրանք չարաշահել են իրենց դիրքը, ապա տուգանքներ կսահմանենք: Իհարկե, այս նոր փոփոխություններն այդ ուսումնասիրությունների վրա չեն ազդելու: Բայց մենք 6 ամիս հետո նորից կարող ենք նույն շուկաներում ուսումնասիրություն իրականացնել եւ հարկ եղած դեպքում կիրառել նոր օրենքը: Բացի այդ, մենք իրավունք ենք ստացել ստուգումներ անցկացնել տնտեսվարողների մոտ, ինչը մինչեւ հիմա չենք ունեցել: Մենք կարող ենք գնալ եւ տեղում ստուգել, թե ներկայացրած հիմնավորումներն ամբողջությա՞մբ են արտացոլում իրականությունը:
– Բայց այդ դեպքում էլ տպավորություն կստեղծվի, թե տնտեսվարողների վրա մեկ այլ ստուգող եւ փող հավաքող կառույց է հայտնվել:
– Մենք միայն փաստաթղթերն ենք ստուգելու: Միգուցե նրանք մեզ տվյալներ են տվել, որ ամբողջ իրականությո՞ւնը չի արտացոլում: Ասենք, վերջին մի փոքր խմբաքանակ ներկրել են բարձր գնով, բայց այդ փաստաթղթով ցույց են տալիս, թե ամբողջ տարին են այդ գնով ներկրել: