43 մլն դոլարի վնաս

03/03/2007

Սողանքային աղետների կառավարման նոր հայեցակարգով ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն առաջիկա 3-4 տարիների ընթացքում կմշակի հակասողանքային միջոցառումների համալիր ծրագիր եւ անհրաժեշտ իրավական ակտեր, որոնց շնորհիվ կհստակեցվի սողանքային բնակավայրերի բնակչության կարգավիճակը: Հայեցակարգով հակասողանքային միջոցառումներ կիրականացվեն մինչեւ 2015-ը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի Գիտատեխնիկական վարչության պետ Ալեքսանդր Մովսիսյանը, նշված հայեցակարգում հստակեցվել են իրականացվելիք աշխատանքները: Ըստ Ա. Մովսիսյանի, սողանքների առումով Հայաստանում տագնապալի իրավիճակ է` գրանցված 2504 սողանքներն ընդգրկում են 1220 քկմ տարածք (ՀՀ տարածքի 4%-ը): Սողանքները հանրապետության տնտեսությանը հասցրել են 43 մլն դոլարի վնաս: Իսկ այդ տարածքների տարեցտարի ավելացումը մասնագետները նախ եւ առաջ կապում են անտառների եւ բուսածածկույթի նվազեցման հետ: