Ներկայումս Հայաստանում գործում է կենսաթոշակների վճարման «սերունդների համերաշխություն» համակարգը: Իսկ 2008թ. հունվարի 1-ից անցում է կատարվելու խառը կուտակային համակարգի, ինչը նշանակում է, որ կենսաթոշակի չափը որոշելու է ոչ թե պետությունը, այլ քաղաքացին` իր կատարած սոցվճարումներին համապատասխան:
– Արդյոք ուշացած չե՞ն այդ բարեփոխումները, եւ հնարավո՞ր է անցումը նոր համակարգին տեղի ունենա առանց ցնցումների:
– Ցանկացած ռեֆորմ իր մեջ մեծ ռիսկային գործոն ունի: Եվ հանրապետության նախագահը, եւ վարչապետը բազմիցս նշել են, որ կենսաթոշակային համակարգն ամենադանդաղն է առաջ ընթանում: Ցանկացած օրը մեզ համար ճակատագրական է: Մենք ունենք նաեւ այլ երկրների փորձը: Օրինակ, ՌԴ-ում արդեն բուռն քննարկումներ են տեղի ունենում` հանել կուտակային համակարգը, որովհետեւ մի այնպիսի դեֆիցիտ է առաջանում, որ նրանց պետբյուջեն դրա տակից չի կարողանում դուրս գալ: ՀՀ-ում էլ պետք է ճիշտ հաշվարկներ կատարել, որ 5-6 տարի հետո չկանգնենք կրախի առաջ:
– Անցյալ տարի Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, վկայակոչելով մի խումբ կենսաթոշակառուների դիմում-բողոքները, առաջին ատյանի դատարանում հայց էր ներկայացրել ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի միջեւ կնքված վճարովի ծառայության մատուցման պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջով, որը, փաստորեն, վերաբերում էր բանկից կենսաթոշակները ստանալու ժամանակամիջոցի (դե յուրե` 12 օր, դե ֆակտո` 1 շաբաթ) արհեստական սահմանափակմանը:
– Հայաստանում սպասարկվում է մոտ 530 հազար կենսաթոշակառու: Այն հանգամանքը, որ Սախարովի անվան կենտրոնը ներկայացրել էր 6-7 հոգու դիմում-բողոք, դրանից հետեւում է, թե այն ինչպիսի հասարակական մեծ կարեւորություն ուներ: Երեւան քաղաքում վճարման տեւողությունը կազմում է 7-10 օր: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ մարդիկ հիմնականում կենսաթոշակը ստանում են առաջին երեք օրերի ընթացքում: Ինչ վերաբերում է «ՎՏԲ-Հայաստան բանկին» (նախկին «Հայխնայբանկ» ՓԲԸ), ապա նրանց կողմից վճարման 12-օրյա ժամկետը երկարաձգվել է մինչեւ 21 օր: Դրանից ավելի մենք չենք կարող երկարաձգել, որովհետեւ հաջորդ ամսվա հաշվարկների եւ վճարման համար մեզ անհրաժեշտ է ամփոփ տեղեկատվություն: Եվ հետո` մենք չենք կարող ամբողջ ամիս այդ գումարը թողնել բանկում, դրանից կհետեւի, որ մենք բանկին երկարաժամկետ փող ենք տրամադրում: Մարդկանց մի խումբ կա, որոնք անընդհատ ինչ-որ գրականություն են կարդում, ինչ-որ իրավունքներ են փնտրում, բայց մենք օրենքից չենք շեղվել, այդ իսկ պատճառով դատարանը մերժել էր Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացրած փաստարկները:
– Հայցվոր կողմը պնդում էր նաեւ, որ պայմանագիրը կնքվել է օրենքի խախտումով, այսինքն` բացակայել է երրորդ կողմի համաձայնությունը:
– Մի՞թե 530 հազար քաղաքացու հետ հնարավոր էր կնքել պայմանագիր: Երբ քաղաքացին ցանկություն է հայտնում, որ իր սպասարկումն իրականացվի «ՎՏԲ» բանկի կողմից, դա հենց նրա համաձայնությունն է:
– Իսկ արդյոք այդ գումարները բանկը չի՞ տնօրինում` այն շրջանառության մեջ դնելով եւ դրանից ստանալով շահույթ:
– Դրա համար մենք սահմանափակել ենք այդ ժամանակամիջոցը, որովհետեւ ունենք վատ փորձ, երբ 1988թ. մահացած թոշակառուի համար մինչեւ 2001թ. հաշվարկվել եւ կենսաթոշակի գումար էր փոխանցվել նույն «ՎՏԲ» բանկի կողմից: Կենսաթոշակային հիմնադրամը որեւէ լծակ չունի այդ գումարները ետ ստանալու: Բանկային գաղտնիքի մասին օրենքից ելնելով կենսաթոշակառուները ժամանակին այդ գումարները ավանդագրել են, իսկ ավանդի հետ կապված մենք առնչություններ չունենք: Ստացվել էր մի իրավիճակ, երբ «Հայխնայբանկում» կար որոշակի գումար կենսաթոշակային հիմնադրամի կողմից փոխանցված, որը կենսաթոշակառուները չէին ստացել, բայց, միեւնույն ժամանակ, հիմնադրամը չէր կարող հետ ստանալ, որովհետեւ բանկային օրենսդրությունը թույլ չէր տալիս:
– Իսկ կենսաթոշակները վճարելու 12-օրյա սահմանափակումը միջազգային փորձի՞ց է վերցված:
– ՀՀ օրենսդրությունից ելնելով: Միջազգային պրակտիկայում գոյություն ունեն տարբեր ձեւեր: Մենք չենք շեղվում օրենքից, որտեղ նշված է, որ կենսաթոշակը պետք է ստանան հաջորդ ամսվա ընթացքում: Ավելին կարող եմ ասել. մենք հիմա կենսաթոշակները վճարում ենք նույն ամսվա ընթացքում: Դեկտեմբերից սկսած Երեւան քաղաքում (իսկ կենսաթոշակառուների 1/3-ն ապրում է Երեւանում) գումարներն այլեւս վճարվում են նույն ամսվա ընթացքում: Տեխնիկական հնարավորություններից կախված` մարտից կամ ապրիլից ՀՀ ամբողջ տարածքում յուրաքանչյուր կենսաթոշակառու տվյալ ամսվա ընթացքում կստանա իր թոշակը, ինչը չի եղել վերջին 15 տարիների ընթացքում:
– Երբ դեկտեմբերի թոշակները տրվեցին նույն ամսվա ընթացքում, ենթադրվում էր, թե դա ամանօրյա նվեր է կենսաթոշակառուներին:
– Մեր խնդիրը տոնական նվերներ մատուցելը չէ, այլ մեր շահառուների սպասարկման որակը բարձրացնելը: Ու երբ որ դա հնարավոր է լինում, այդ ժամանակ էլ անում ենք:
– Այս տարի կտրուկ բարձրացել է (5000-ից դարձել է 25.000) Հայոց ցեղասպանությունը վերապրած քաղաքացիների դրամական օգնության չափը, ինչը չենք կարող ասել, օրինակ, հաշմանդամների համար: Ինչո՞վ է դա պայմանավորված` նրանց սահմանափակ թվո՞վ:
– Պետք չէ պատասխանն ուղղորդել, պարզապես կառավարությունն այդպես է նպատակահարմար գտել:
– Չէ՞ որ բավականին սուղ են պետության միջոցները:
– Բարեբախտաբար, ՀՀ-ն այդքան սուղ միջոցներ չունի, որ չկարողանա 300 հոգու 25 հազար դրամ վճարել: Գուցե մի 5-6 տարի առաջ այդ խնդիրը ծանրանար, երբ որ կենսաթոշակները 2-3 ամսով ուշանում էին: Եվ եթե մի 6-7 հոգու էլ չի բավարարում այդ 12-օրյա ժամանակահատվածը, մենք մի շաբաթ էլ ենք ավելացնելու: Փորձելու ենք հասնել նրան, որ մեր շահառուների օրինական շահերը եւ իրավունքները միշտ էլ պաշտպանված լինեն:
– Նրանց շահերից ելնելով, առաջին հերթին կենսաթոշակները պետք է բարձրացնել:
– Կենսաթոշակների ավելացումը կապված է մի քանի հանգամանքների հետ, առաջին հերթին` երկրի տնտեսության վիճակի, գործատուների հարկեր եւ սոցվճարներ կատարելու կուլտուրայի հետ, որը բավականին հեռու է բավարար լինելուց:
– Սոցվճարների հավաքագրմանը, անկասկած, խոչընդոտում է նաեւ ստվերային զբաղվածության գործոնը:
– Թաքնված զբաղվածության իրավական դաշտ տեղափոխելը կապված է մի քանի հանգամանքի հետ: Անշուշտ, անհատական հաշվառման համակարգի ներդրումը նպաստելու է դրան: 2004թ. ունեցած 420 հազար աշխատողների փոխարեն այսօր ունենք 470 հազար` ի հաշիվ նոր աշխատատեղերի, հարկային դաշտ բերված աշխատողների: Օրինակ, Աշխատանքի պետական տեսչությունը հայտնաբերել է մոտ 3 հազար հոգի:
– Բացահայտման ինչպիսի՞ մեխանիզմներ են գործադրվում:
– Մենք դրանով չենք զբաղվում: Բայց կուրյոզ դեպքեր կան, սկսած մեր քաղաքական կուսակցություններից, որոնք 500 հատ գրասենյակ ունեն, բայց ասում են, որ ունեն 70-80 հազար անդամ, փոխարենը` 5 աշխատող: Կամ 3 հարկանի ռեստորանները ցույց են տալիս ընդամենը մի քանի աշխատող: Ավելի ցնցող բան ասեմ, ֆուտբոլային ակումբն ունի ընդամենը 6 խաղացող, երբ հայտնի է, որ ֆուտբոլ խաղում են առնվազն 11 հոգով: Կամ կան աշխատողներ, որոնք պարզեցված հարկ են վճարում, ամիսը` 10-15 հազար դրամ, բայց իրենց աշխատողներին վճարում են 1 մլն դրամից ավելի աշխատավարձ: Այն կուսակցությունների առաջնորդները, որոնք պատրաստ են անգամ իրենց վերնաշապիկները պատառոտել հանուն ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման, ցույց են տալիս ընդամենը 3 աշխատող, որոնք ստանում են իբր 17 հազար դրամ. դրանցից հավաքված գումարներից էլ մենք թոշակառուներին վճարում ենք թոշակ: Դեռեւս լուսնից փողեր իջեցնելու հրաշագործությանը ոչ ոք չի տիրապետում: Որքան էլ մաթեմատիկական բանաձեւերի տիրապետես, իրականում կյանքում չես կարող հրաշքներ գործել: Իհարկե, բացարձակ թվերով սոցվճարներն աճում են, բայց ՀՆԱ-ի նկատմամբ Աշխատավարձի ֆոնդը եւ սոցվճարների չափը բավականին ցածր են: ՀՆԱ-սոցվճար հարաբերակցության ամենացածր ցուցանիշն ունենք:
– Օրինակ, ՌԴ-ում կենսաթոշակները հետեւողականորեն բարձրացվում են, իսկ մեզ մոտ 50-ական դրամներով բարձրացումներն էական դեր չեն խաղում:
– ՌԴ-ում ավելանում է աշխատողներ-կենսաթոշակառուներ հարաբերակցության հաշվին: Մեզ մոտ մեկ աշխատողին բաժին է ընկնում 1,2 չաշխատող, իսկ ՌԴ-ում 2 աշխատողին բաժին է ընկնում 1 կենսաթոշակառու: Այնտեղ նաեւ նավթի եւ գազի վաճառքից գումար է փոխանցվում կենսաթոշակային ֆոնդերին:
– Իսկ ինչի՞ հաշվին են բարձրանում քաղծառայողների աշխատավարձերը:
– Նրանց թիվն ընդամենը 7 հազար է, եւ շատ ցածր աշխատավարձ են ստանում, իսկ կենսաթոշակառուների թիվը 530 հազար է: Եվ հետո Կենսաթոշակային ֆոնդի միջոցները գոյանում են սոցիալական վճարներով, որն աշխատավարձից մի կողմ դրած գումարներն են, իսկ քաղծառայողների աշխատավարձը պետբյուջեից է փոխանցվում, որը մի քանի հարկատեսակների, տուրքերի եւ մաքսատուրքերի հանրագումար է:
Բարեբախտաբար, հայկական հասարակությունը նման չէ ո՛չ ռուսական, ո՛չ եվրոպական, ո՛չ էլ ամերիկյան հասարակություններին: Մեզ մոտ գործում են ընտանեկան հարազատական ամուր կապեր, որտեղ որ ծնողները ժամանակին մեծացնում են իրենց երեխաներին, երեխաներն էլ հետագայում ապահովում են իրենց ծնողների բարեկեցիկ ծերությունը: Երբ որ խոսվում է 1 մլրդ տրանսֆերտների մասին, դրանց զգալի մասը սոցիալական տրանսֆերտներ են, այսինքն, լրացնում են այն պակասը, որ մեր կենսաթոշակառուն ստանում է: Դրանից բացի, հանրապետության մեջ էլ, եթե զավակն աշխատում է, նրանց մեծ մասն օգնում է իր ծնողներին:
– Բայց եթե չկան այդ աշխատող զավակներն, ինչի՞ վրա հույսը դնել:
– Ուրեմն հույսը պետք է դնենք մաքուր կենսաթոշակային համակարգի բաղադրիչների վրա, որը Հայաստանում ճգնաժամային վիճակում է: Առաջինը` դա բեռնվածության գործակիցն է` աշխատող-կենսաթոշակառու հարաբերակցությունը: Սոցվճարներն այնքան են, որքան հավաքվում են: Կամ պիտի աշխատողների թիվն էապես ավելանա, որը մեր աշխատաշուկայում հնարավոր չէ: Երկրորդը` պետք է Աշխատավարձի ֆոնդը բարձրացնել, որը նորից կախված է երկրի տնտեսական վիճակից, հարկեր վճարելու կուլտուրայից: Կամ էլ մեր կենսաթոշակառուները պետք է քիչ ապրեն, բայց, բարեբախտաբար, նրանք երկար են ապրում: Եվ ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր երկարակեցության ցուցանիշը մենք ունենք: