Երեկ խմբագրությունն ահազանգ էր ստացել Հարավ-Արեւմտյան Ա2 թաղամասի բնակիչ Կարեն Գեւորգյանից. «Իմ ընտանիքը ծանր վիճակում է, ես ինձ սպանելու եմ: Ես մի ժամ ժամանակ եմ ձեզ տալիս, որ գաք, իսկ եթե չգաք՝ վաղը կիմանաք, որ Կարեն Գեւորգյանն ինքնասպան ա եղել ու էդպես արել ա, որովհետեւ իրա պետությունն իրա գումարները գողացել ա, իսկ երեխա պահելու գումար չի թողել»,- գրեթե բղավելով ասաց նա եւ լսափողը ցած դրեց: Ձայնից ակնհայտ էր, որ հոգեպես ծանր վիճակում է: Սպառնում էր իրենց բնակելի շենքի տանիքից նետվել: Խնդրեցինք սպասել` մինչեւ կհասնենք իրենց տուն: Քիչ անց նույն հեռախոսահամարով հետ զանգահարեցինք: Զանգին պատասխանեց նրա մայրը՝ տիկին Գենյան: Նա շատ հուզված եւ խուճապահար վիճակում էր: «Ձեզ զանգահարելուց հետո բարձրացավ շենքի կռիշ, չգիտեմ ինչ անեմ… Խնդրում եմ, աղաչում եմ, օգնեք մեզ… Եթե չլսեք իրեն՝ հաստատ կյանքին վերջ կտա: 1 ժամ կսպասի, եթե հնարավոր է` շուտ եկե՛ք, խնդրում եմ»,- լացակումած ասում էր տիկին Գենյան: Նա նաեւ նշեց, որ Կարենը հոգեկան հիվանդություն ունի:
Շատ արագ այցելեցինք նշված հասցե եւ գտանք Կ. Գեւորգյանենց տունը: Մայրը համոզել էր տանիքից ցած իջնել՝ հորդորելով, որ խմբագրությունից խոստացել են արագ արձագանքել: Մեր այցելության ժամանակ Կ. Գեւորգյանն ահավոր գրգռված վիճակում էր, բղավելով ու անսպասելի շարժումներով էր խոսում: Նրա պարանոցի վրա սրիչով կտրվածքների հետքեր կային: Այդ պահին էլ ձեռքի ափի մեջ սրիչ էր թաքցրել: Ի դեպ, զրույցի վերջում, երբ Կարենի մայրը մեզ ճանապարհեց, թաքուն ասաց, որ ամբողջ մարմինը «բրիտվայով փրթել է»: Տիկին Գենյայի եւ նրա ամուսնու սարսափած վիճակը հնարավոր չէ նկարագրել, երկուսն էլ վախից կծկվել եւ օգնություն էին խնդրում: Բանն այն է, որ այս ընտանիքը «Հայխնայբանկի» ավանդատուներից մեկն է: «Խոստացել էին ցուցակում առաջնահերթ տեղերում գցել, բայց հետո ասացին, որ հերթի 22.000-րդ տեղում ենք: Դա որ իմացավ՝ միանգամից վատացավ վիճակը: Ախր էսպես ո՞նց կլինի, մեր քրտինքով աշխատած գումարները մեզ չեն տալիս, որ հացի գումար ունենանք: Ինքը 2-րդ կարգի հաշմանդամ է, անելանելի վիճակ է»,- տղայից թաքուն շշնջում էր խեղճացած մայրը, ում սաստող տոնով ընդհատում էր Կարենը. «100 հատ նամակ ուղարկել եմ ղեկավարությանը, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել: Հորս եւ իմ հալալ քրտինքով աշխատած գումարները փոշիացրել-կերել են: Էսօր թող մի չնչին գումար տան: Ամենաանապահով ընտանիքը ես եմ, բայց գցել են 22.000-րդ հերթը: Ջղայնացած, նեղված եմ, կռիշից ինձ կգցեմ… Ձեզ խոսք եմ տալիս` կամ ինձ կվառեմ, կամ էլ կգցվեմ շենքից… Թքել եմ էդ փողի վրա… Դանակը հասել ա ոսկորին, ուղղակի ամոթ ա էս ղեկավարությանը…»,- զայրացած ասում էր նա: Կարենը վստահեցնում էր, որ իր ուսանող երեխան սովորում է համալսարանի 5-րդ կուրսում, ընդ որում` գերազանց գնահատականներով: Ամեն տարի պարտաճանաչ վճարել է տարեկան վարձավճարը` 300 դոլարը, մինչդեռ այս տարվա վճարի համար վերջնաժամկետ են ներկայացրել մարտի 15-ը: «Ինչ ունեմ` ծախել եմ, պատերն են մնացել: 150.000 դրամի համար երեխեն դուրս ա մնում, դասի չի գնում ամոթից: Էլ ի՞նչ ծախեմ, էլ ուղեղս չի աշխատում: Ես ուզվորություն չեմ անում, չեմ ասում՝ փող տվեք, հացի փող անեմ: Ասում եմ՝ իմ աշխատած, տանջանքով վաստակած գումարը տվեք` ընտանիքս կարիքի մեջ ա»,- բղավելով ասում է Կարենը: Նրանց բնակարանի պատերին փակցրած կտավները եւ արտաքին ձեւավորումը վկայում են, որ ժամանակին այս ընտանիքը բարեկեցիկ է եղել: Կարենի հայրը՝ Ռազին Գեւորգյանը վստահեցնում է, որ փոխհատուցման ցանկում իբրեւ առաջնահերթ տեղ զբաղեցրած իր անվան դիմաց սահմանված 8228 ռուբլին այլեւս «կոպեկ» է, սակայն այդ գումարը կարող է իրենց որոշ խնդիրներին լուծում տալ: «Մոտավորապես մի 400.000 դրամ է, բայց մեկ ասում են` որպես անապահով, հաշմանդամ, թոշակառու ընտանիք` առաջնահերթ եք, մեկ էլ, թե՝ 22.000-րդն եք ցուցակում: Մարդ գժվում է արդեն»,- պատմում է նրա հայրը: Կարենը 3 երեխա ունի: Ծնողները թոշակառու են, իսկ ինքը հաշմանդամություն ունի: Ապրում են տիկին Գենյայի 4200 դրամ թոշակով, Կարենի 5000 դրամ հաշմանդամության թոշակով եւ «Փարոսից» ստացած 12.000 դրամով: Կարենը կրկին բորբոքված ասում է: «Մեկը համալսարանում ա, մեկը` դպրոցում: Դպրոցում ալան-թալան են անում, հավաքել ա, որ հավաքում են, չեն մտածում` մարդիկ աշխատո՞ւմ են, թե՞ չէ: Երբ որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նստած էր ԱԺ նախագահ, ի՞նչ արեց, ո՞ւմ լավություն արեց էդքան ավանդների մասին խոսալով… «Ավանդ, ավանդ» ասելով` ման էր գալիս: Կարելի՞ ա մարդկանց գժվացնել: Ես մինչեւ մարտի 15-ը ի՞նչ տանեմ մուծեմ, ես ինձ կռիշից կգցեմ, ու թող իմանան, թե ինչով ա ավարտվում մարդկանց անընդհատ խաբելը»: Նա բարկությունից ձեռքի միջի սրիչը ծալում էր եւ խոսակցության ընթացքում այնպիսի տպավորություն էր, թե ուր որ է` իրեն կվնասի: Տիկին Գենյային հարցրեցինք, թե ինչո՞ւ չեն դիմում հոգեբույժի օգնությանը: «Արդեն մենք էլ ենք գժվում, ի՞նչ անի` ասեք, 3 երեխա է մեծացնում: Դիմում ենք՝ տանում, սրսկում, ուղարկում են: Հետո նորից էս պայմաններից վատանում է: Էդ ավանդների վերադարձը կսպանի էս ժողովրդին»: Ինչեւէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կ. Գեւորգյանը որոշակիորեն տառապում է հոգեկան հիվանդությամբ, ապա, գուցեեւ էթիկայի սահմաններում չէ նրա խոսքերն ու սպառնալիքները մամուլում ներկայացնելը: Սակայն նրա մտահոգությունն ու պահանջը միանգամայն օբյեկտիվ է, առավել եւս, որ Կարենի վիճակը վատանում է սոցիալական խնդիրներին լուծում չգտնելու պատճառով: Կ. Գեւորգյանն իր պահանջի մեջ ողջամիտ է, ավելին՝ ծնողները վստահեցնում են, որ ավանդների վերադարձի մեխանիզմներն անգամ առողջ մարդուն խելագարության կհասցնեն: Նա չէր դադարում ինքնասպանություն գործելու իր մտադրության մասին խոսելուց: Նա օգնության կարիք ունի, ողորմություն չի խնդրում, պարզապես խնդրում է վերադարձնել իր գումարը, որով որպես հաշմանդամ մարդ` գոնե կարող է իր երեխաների որոշ խնդիրները լուծել: Կարենն այն հազարավոր մարդկանցից մեկն է, ում համբերության բաժակը լցվել է:
Հ.Գ. Այս հոդվածը գրելն իսկապես դժվար էր, քանզի մեր աչքով տեսածը շարադրելիս անընդհատ մտածում էինք, որ Կարենը ամեն վայրկյան կարող է ինքնասպանություն գործել, եւ հիշում էինք տիկին Գենյայի ու նրա ամուսնու վախով լի ու անկարող հայացքները… Գրելը` գրեցինք, իսկ արդյոք համապատասխան մարմինները կաջակցե՞ն այս ընտանիքին, ի վերջո, խնդրին լուծում կտա՞ն…, թե՞…: