Մահացել է լրագրող Ալեքսանդր Գրիգորյանը

03/03/2007

Փետրվարի 28-ին հանկարծամահ է եղել ԼՂՀ Նախագահին առընթեր Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Խորենի Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանը ծնվել է 1951թ. Բաքու քաղաքում: Պրոֆեսիոնալ լրագրողական գործունեությունը սկսել է 1977թ. Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» թերթում (հայերեն լեզվով), որտեղ ընդմիջումներով աշխատել է մինչեւ 1986 թ.: 1980 թ. դարձել է ԽՍՀՄ Լրագրողների միության անդամ: 1980-1981 թթ. զբաղեցրել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրի տեղակալի պաշտոնը:

1986-1992 թթ. որպես սեփական թղթակից աշխատել է ՏԱՍՍ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ Ադրբեջանում եւ Հայաստանում: 1993 թ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ ծրագրերի պետական վարչության տեղեկատվության բաժնի վարիչի պաշտոնում, որն զբաղեցրել է մինչեւ 1995թ.: 1995-1997թթ. Ալեքսանդր Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամլո քարտուղարն է եղել, 1997 -2001թ. հուլիսը՝ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների Հայաստանի կենտրոնի կովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրների գծով փորձագետ: 2000թ. փետրվար-մարտ ամիսներին նա զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Տեղեկատվության պետական վարչության պետի պաշտոնը, իսկ 2001 թ. օգոստոսից ղեկավարել է ԼՂՀ Նախագահին առընթեր Տեղեկատվության գլխավոր վարչությունը: