Փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում «Արմենիան Քափըր Փրոգրամ» (Էյ Սի Փի) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հայտարարեց, որ Լոռու մարզի Թեղուտի անտառի տարածքում գտնվող պղնձամոլիբդենի հանքավայրի շահագործման դեպքում հատվող անտառի մակերեսը կկազմի 357,16 հա, իսկ փայտանյութի ծավալը` 57,7 հզ. խմ: Այս հաշվարկները վերաբերում են հանքավայրի շահագործման 25 տարիների ընթացքում անտառին հասցվելիք վնասին, որը գումարային տեսքով կազմելու է 2 մլրդ դրամ: ՀՀ Բնապահպանության նախարարությունն արդեն տվել է իր դրական եզրակացությունը հանքավայրը 8 տարի շահագործելու աշխատանքային նախագծի վերաբերյալ, որում գնահատվում էր շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հանքահանության ընթացքում: Մինչդեռ բնության պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները նշում են, որ այս որոշումն ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» մասին ՀՀ օրենքի 14 հոդվածների խախտմամբ: «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանի հավաստմամբ՝ այդ որոշումը հետագայում կհանգեցնի ՀՀ օրենքների մոտ 77 դրույթների պահանջների խախտման:
Փետրվարի 16-ի ասուլիսում «Էյ Սի Փի» ընկերության գործադիր տնօրենը կոչ արեց թողնել այս «չնչին» մտահոգությունը եւ ուժերն ուղղել ապօրինի ծառահատումների կանխմանը, որոնց ծավալները անհամեմատ գերազանցում են նախատեսվելիք անտառի հատման ծավալներին: Կարծես համաձայնեցված սցենարով, նույն օրը տեղի ունեցած մեկ այլ ասուլիսում նմանատիպ առաջարկ էր անում նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: «Ընդամենը կտրվելու է 60 հազար խմ փայտանյութ: Հայաստանում, Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն, տարեկան ապօրինի հատվում է 600-700 հզ. խմ փայտանյութ: Կան ավելի լուրջ ծավալներ»,- արդարանում է Վարդան Այվազյանը: Ինչպես նշեց նախարարը, այս հարցում նրա դիրքորոշումը միանշանակ է:
Բնապահպանները պնդում են, որ նման համեմատությունն ուղղակի անհեթեթ եւ անտեղի է: Հանքահանության ընթացքում ոչնչանալու են ոչ միայն ծառերը, այլեւ ամբողջ շրջակա միջավայրը` գետերը, հողը, օդը, բուսական եւ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ չեն կարող գոյություն ունենալ, եւ նման պայմաններում բնությունն այլեւս չի կարողանա վերականգնվել: «Որպես մասնագետ՝ ես կարող եմ համոզված ասել, որ նման թեք լանջերի վրա գտնվող անգամ մի քանի ծառի հատումը հանգեցնելու է հողի էռոզիայի: Հանքահանությունից հետո մենք երկրի հյուսիսում կունենանք 400-500 մետր խորությամբ խոռոչ, եւ տարածքը կհամարվի աճող դեգրադացիայի տարածք: Ի՞նչ կապ ունի սա ապօրինի ծառահատումների հետ»,- ասում է Սրբուհի Հարությունյանը:
Բնապահպանական ՀԿ-ները նշում են, որ նախագիծը թերի է, եւ բոլոր էական վնասները հաշվարկված են միայն 8 տարիների համար: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ ծրագրի գործողությունները միտումնավոր են կիսատ ներկայացված, ինչն աննախադեպ ու հակաիրավական է: Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը բացատրում է, որ կան հետեւանքներ, որոնք նրանք չեն կարող կանխատեսել հիմա: «Այո, նախագծում ոչ բոլոր տեղեկություններն են ներկայացված 25 տարվա կտրվածքով: Նախագծում մենք փորձել ենք ներկայացնել միայն այն ցուցանիշները, որոնք կանխատեսելի են հանքավայրի շահագործման 8 տարիների ընթացքում»,- ասում է Գագիկ Արզումանյանը:
«25 տարվա հաշվով ներկայացվում են հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, կորզվելիք պղնձի, մոլիբդենի եւ ուղեկից մետաղների ծավալները։ Սակայն բնությանը հասցվելիք վնասները ներկայացնում են միայն 8 տարիների համար: Նախագիծը մաս-մաս ներկայացնելով` ընկերությունը փորձում է կոծկել հասցվելիք վնասի իրական ծավալները: Եթե ընկերությունը ստանա հանքավայրի առաջին փուլի շահագործման թույլտվությունն ու սկսի աշխատանքները, ապա գործընթացը կդառնա անկասելի»,- ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Պրն Սանասարյանի կարծիքով՝ նույնիսկ այդ հարուստ անտառի հատումը չի կարող համեմատվել այն սպառնալիքի հետ, որին կհանգեցնի կոմբինատի աշխատանքը: «Արտադրության ընթացքում առաջանալիք թափոնները պարունակելու են ծանր մետաղները եւ կյանքի համար խիստ վտանգավոր այլ նյութեր, որոնք անկասկած կհայտնվեն հողում, ջրում, օդում: Այն տնտեսական վնասները, որոնք ընկերությունը ներկայացրել է գումարային արտահայտությամբ, ուղղակի ծաղրի է նման»,- ասում է պրն Սանասարյանը: Թեպետ ընկերությունն ընդունում է, որ տանձենին հազվագյուտ ծառատեսակ է, սակայն, օրինակ, 36 սմ կոճղի տրամագծով մեկ տանձենու հատման տնտեսական վնասը գնահատել է ընդամենը մեկ հազար դրամ: Ամենալուրջ վտանգը, բնապահպանների կարծիքով, պոչանքի նախագիծն է:
Պղնձի եւ մոլիբդենի արտադրությունը մոտավորապես հետեւյալ կերպ է տեղի ունենում: Պայթուցիկ միջոցներով առանձնացնում են հանքի բեկորները եւ մանրացնում մինչեւ փոշիանալը: Գործարանում այդ փոշուն խառնվում են ջուր եւ անհրաժեշտ քիմիական նյութեր: Այնուհետեւ ջրի պղպջակների վրա ջրի երես է բարձրանում պղնձի եւ մոլիբդենի պարունակությամբ փոշին: Հենց այդ փրփուրն էլ հավաքվում է, որպես թանկարժեք մետաղի կրիչ: Այնուհետեւ մնացած նստվածքը խողովակներով լցվելու է պոչամբար: Պոչային տնտեսությունը նախատեսվում է տեղադրել ֆաբրիկայից 3.5 կմ հեռավորության վրա գտնվող Խառատանոց գետի կիրճում, որի մակերեսը մոտ 110 հա է: Պոչամբարի ընդհանուր ծավալը տարեկան 7 տ արտադրողականության դեպքում 25 տարիների ընթացքում կկազմի 522 մլն խմ (կիրճում մոտ 1000 մլն տ թափոն կառաջանա հանքահանությունից հետո): Նախագծի հեղինակներն այս դեպքում կարող են միայն մեկ բան առաջարկել` հանքահանությունից հետո կիրճում լցված փոշին կծածկվի 30-50 սմ հողաշերտով:
Հակոբ Սանասարյանի հավաստմամբ՝ մեծ թեքությունների վրա նախագծված պոչամբարը չի կարող դիմակայել միլիոնավոր տոննա կշռող թափոնների ճնշմանը: Նրա կարծիքով՝ պատվարի ու կավի շերտի կայունության ապահովման երաշխիքները հիմնավորված չեն, եւ այդտեղ, մեծ հավանականությամբ, սողանքներն ու փլուզումները կդառնան շարունակական երեւույթ։ «Ով իսկապես մտահոգ է այդ տարածքի պահպանմամբ, համոզվելու եւ համեմատություն անելու համար, թե ինչ վիճակում կհայտնվեն այդ վայրերը հանքահանությունից հետո, կարող է գնալ եւ տեսնել, թե ինչ անտանելի տեսք ունի Նահատակ գետի կիրճը, որտեղ տեղակայված է այսօր շահագործվող Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի պոչամբարը, որը 1,5 մլն խմ-ից չի գերազանցում»,- ասում է Կանաչների միության նախագահը:
Պոչանքի ստեղծման համար նախատեսվում է փոխել Խառատանոց գետի հունը: Բնապահպանները մտահոգված են նաեւ այն հանգամանքով, որ գետի փոխված հոսքը կպահպանվի միայն 25 տարիների ընթացքում, իսկ հետո չկա ոչ մի երաշխիք, որ ընկերությունը կպարտավորվի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ գետի արհեստական ջրատարը վերանորոգելու համար: «Էյ Սի Փի» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը վստահեցնում էր, որ հանքավայրի գործարկման նախագիծը չի նախատեսում Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչների վերաբնակեցում: Սակայն այդ գյուղերը գտնվում են հանքավայրից 4 եւ 6 կմ հեռավորության վրա: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ կարիք չկա բնակիչների վերաբնակեցումը պաշտոնապես ներկայացնել որպես ընկերության գործունեության հետեւանք, քանի որ մարդիկ ինքնակամ ստիպված կլինեն լքել այդ վայրերը:
«25 տարի հետո այդտեղ կլինի անապատ: Պոչամբարում եւ թափոնակույտերում եղած մեծ պարունակությամբ ծանր մետաղները եւ մյուս խիստ վտանգավոր նյութերը թափանցելու են հողի, ջրի եւ օդի մեջ, որի արդյունքում առաջ են գալու հիվանդություններ, գյուղամթերքը որակազրկվելու է, կտրուկ նվազելու է հողի բերրիությունը: Բնականաբար, մարդիկ կհեռանան այդտեղից արդեն ստիպված»,- ասում է պրն Սանասարյանը:
«Էյ Սի Փի» ընկերությունն արդեն ձեռք է բերել գյուղացիներին պատկանող 200 հա տարածքի կեսը, որն անհրաժեշտ է հանքավայրի շահագործման համար: Կոմբինատի արդյունաբերական օբյեկտների շինարարության եւ հանքավայրի վերջնական շահագործման անհրաժեշտ տարածքը կազմելու է մոտ 670 հա, որից անտառածածկ է 510 հա-ը: Ընկերության ներկայացրած հանքահանության աշխատանքային նախագծում, որի հիման վրա ստացել են նախարարության դրական եզրակացությունը, կան մի շարք բացթողումներ, որոնք, բնապահպանների կարծիքով, կարող են լուրջ կասկածներ հարուցել ամբողջ ուսումնասիրության լիարժեք եւ հավաստի լինելու վերաբերյալ:
«Միջատների աղյուսակի վերեւում գրված է` «Հյուսիս-արեւելյան Դիլիջանի Թեղուտ գյուղի տարածքում գրանցված միջատներ», հեղինակ միջատագետ` Մարկ Քալաշյան: Հեռախոսազրույցում Մարկ Քալաշյանն ինձ տեղեկացրեց, որ ինքը 2005 թվականին Համաշխարհային բանկի պատվերով ուսումնասիրել է Դիլիջանի Թեղուտ գյուղին հարող անտառի միջատները, որ տասնյակ կիլոմետրերով հեռու է Թումանյանի շրջանի Թեղուտ գյուղից: Նաեւ ասաց, որ երկար տարիներ է, ինչ Լոռվա մարզի Թումանյանի շրջանի Թեղուտի անտառտարածքում չի եղել: Փաստորեն, Դիլիջանի անտառներին վերաբերող տվյալները վերագրել են Լոռվա անտառներին: Կեղծիքն ակնառու է:
Կամ, Նախագծի աղյուսակներում բերված են հատվելիք ծառատեսակները եւ յուրաքանչյուրի քանակը: Տեքստում գրված է, որ հատվելու է 127 հազար ծառ, սակայն երբ ինքս գումարեցի` պարզվեց, որ աղյուսակներում եղած ծառերի քանակը կազմում է 170 հազար 833 հատ: Ճիշտ է, Նախագիծը կազմելիս Ընկերության թույլ տված իրավական խախտումների համեմատությամբ միջատներին կամ ծառերին վերաբերող կեղծիքներն աննշան են, սակայն դրանք եւ չնշվածները հիմք են տալիս` չվստահել Ընկերության հաշվարկներին ու չհավատալ նրա խոստումներին: ՀՀ Բնապահպանության նախարարությունն այդ Նախագծին դրական եզրակացություն է տվել: Կարելի է ասել, որ ՀՀ օրենքները չհարգելու խնդրում` Ընկերության եւ Բնապահպանության նախարարության գործելակերպերը համահունչ են»,- ասում է Հակոբ Սանասարյանը:
Մինչեւ գործունեության իրականացումն անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ համապատասխան համաձայնությունները եւ թույլտվությունները (ներառյալ ՀՀ կառավարության որոշումը` հողերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ, այսինքն, այդ հանքահանության համար անհրաժեշտ տարածքը պետք է ճանաչվի արդյունաբերական նշանակության հողատարածք):
Հանքավայրի պաշարները հաստատվել են 1991թ.: 453.8 մլն տ հանքաքարում պղնձի միջին պարունակությունը կազմում է 0.355%, իսկ մոլիբդենի միջինը` 0.021%: Հանքավայրի շահագործումն իրականացվելու է բաց լեռնային աշխատանքների եղանակով: Ընկերության ներկայացրած նախագծի համաձայն՝ շահագործման առաջին փուլում (8 տարի) կոմբինատի արտադրողականությունը կկազմի տարեկան 7մլն տ: Առաջին 8 տարիների ընթացքում պետք է հատվի 158 հեկտար անտառ (24,5 հզ. խմ):
«Այժմ մենք իրավունք ունենք բողոքարկել նախարարության կայացրած որոշումը դատարանում: Այդ իրավունքը մեզ տալիս է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը: Մենք մտադիր ենք նաեւ ակցիաներ կազմակերպել գործընթացը կանխելու ուղղությամբ»,- ասում է Սրբուհի Հարությունյանը:
www.hetq.am