«Ադրբեջանցի գաղթականների վերադարձը Ղարաբաղ պետք է նախապատրաստել, եւ այդ գործընթացն անհնար է իրականացնել միանգամից. համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը գաղթականների վերադարձը ոչ մի լավ բանի չի բերի»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: APA գործակալության հարցազրույցում մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունը, ըստ որի, «Մերզլյակովն ասում է, թե անհնար է ադրբեջանցի եւ հայ համայնքների համակեցությունը», ռուսաստանցի համանախագահը հիշեցրել է Բալկանների փորձը՝ ծանր հետեւանքներով: Ըստ նրա, ԼՂ-ում նույնպիսի քայլեր ձեռնարկելը կարող է հանգեցնել է՛լ ավելի ողբերգական իրադարձությունների: Ռուսաստանցի համանախագահն ասել է, թե գաղթականների վերադարձի սկզբունքը տեղ է գտնելու խաղաղ համաձայնագրում, սակայն դրա իրականացման համար նախապատրաստական մեծ աշխատանք պետք է կատարվի: Ադրբեջանական ANS CM ռադիոկայանի վկայությամբ՝ Յու. Մերզլյակովը կարծիք է հայտնել նաեւ, որ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի կարող լուծել ԼՂ-ի հիմնախնդիրը»: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները սոսկ հանձնարարականի բնույթ ունեն: «Եթե ՄԱԿ-ի որոշումները պարտադիր բնույթ ունենային, ապա շատ հիմնախնդիրներ, այդ թվում՝ մերձավորարեւելյան խնդիրը, արդեն լուծված կլինեին»,- ասել է նա: Մերզլյակովի խոսքերով՝ ՄԱԿ-ի շրջանակներում ԼՂ խնդրի լուծումը մի կողմ կթողներ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: Նախօրեին հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գարնանային նստաշրջանում նախատեսվում է ՎՈւԱՄ-ի ներկայացրած՝ հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցի քննարկումը: