Ինքնանկար
Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն ինքն իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ կյանքի ամեն մի պտույտում պոեզիա ու գույն է տեսնում: Բարեհամբույր ու եռանդով լի նկարիչը շարունակում է բնության, մարդկանց եւ պատմության մեջ փնտրել գեղեցիկը: Ա. Գրիգորյանը բնապատկերներ ու դիմանկարներ է ստեղծում` աշխատելով մարդկանց մեջ որսալ ամենացայտուն ու արտահայտիչ գծերը: Նա սիրում է նկարել արվեստի մարդկանց, քանի որ նրանց մեջ վառ արտահայտված արտիստիկ գծեր է տեսնում: Ա.Գրիգորյանը ոչ միայն դիմանկարային ճշգրտության է ձգտում, այլեւ` պատկերում է մարդու խառնվածքը, ճակատագիրը: Նույնիսկ պատմական հերոսներն են սուր ընդգծված բնավորություններ ունենում: Ա. Գրիգորյանի ստեղծած կերպարները շատ հայկական, լուսավոր ու հեքիաթային են: Միաժամանակ կենդանի ու թատերական են: Նա առաջին հայ նկարիչն է, ով նկարազարդել է Շեքսպիրի պիեսները, եւ նրա ձեւավորած գրքերը ցուցադրվում են Ստարֆորդում` Շեքսպիրի տուն-թանգարանում:
Մարտիրոս Սարյանը
– Սարյանի կողքին լինելն ինձ համար մեծ երջանկություն էր: Սարյանը շատ ջերմ, սրտացավ մարդ էր, միշտ հետաքրքրվում էր իմ եւ ուրիշ երիտասարդ նկարիչների կյանքով: Կարող եմ ասել, որ իմ «աստղս» Սարյանի հետ բռնել էր: Հիշում եմ, որ Սարյանին 80-ամյակի կապակցությամբ Լենինի շքանշան տվեցին, իսկ ֆրանսիացիներն էլ նրան երկու էտյուդնիկ ուղարկեցին, որոնք այստեղ չտեսնված մի բան էին: Սարյանն ինձ փողոցում տեսավ, իր տուն հրավիրեց ու ասաց. «Հավանո՞ւմ ես էտյուդնիկը»: Ասացի՝ «Շատ լավն է» (իմ էտյուդնիկը քոսոտ ու մաշված էր): Սարյանն ասաց. «Մեկը նվիրում եմ քեզ»: Եվ երբ հետո բոլորը զարմանքով ասում էին, որ ես հիանալի էտյուդնիկ ունեմ, միշտ պատասխանում էի, որ սա սովորական էտյուդնիկ չէ, այլ իմ շքանշանն է: Հետաքրքիրն այն է, որ երկրորդ էտյուդնիկը Սարյանը նկարիչ Հենրիկ Սիրավյանին նվիրեց: Սարյանը սիրում էր նվերներ անել: Երբ Սարյանի կտավները ֆրանսիական նավի վրա այրվեցին, Ֆրանսիայի կառավարությունը նրան փոխհատուցում առաջարկեց, բայց Սարյանը փողի փոխարեն գերադասեց, որ իրեն պարբերաբար ներկեր ուղարկեն: Եվ 20 տարի շարունակ նրան Փարիզից ներկեր էին ուղարկում: Այդ ներկերը Սարյանի տանը պարկերի մեջ դրված էին լինում, եւ նա դրանք մեզ էր նվիրում: Սարյանը նույնիսկ կարող էր ասել. «Սաշիկ ջան, ինչո՞ւ չես գալիս, արի՛, ապրանքդ տար»: Սարյանի հետ իմ մտերմությունը պատահական ու երջանիկ եմ համարում: Չեմ կարող հասկանալ` թե ի՞նչ գտավ Սարյանն իմ մեջ, որ առավոտից մինչ երեկո թույլ էր տալիս իր կողքին լինել: Հիշում եմ, որ մի անգամ առավոտը գնացի Սարյանի տուն, օգնեցի նրան կտավը ձգել, հետո միասին թեյ խմեցինք, զրուցեցինք, հետո ճաշեցինք: Նա սիրում էր նկարելու ժամանակ զրուցել: Եվ երբ երեկոյան որոշեցի տուն գնալ, Սարյանը զարմանքով ասաց. «Ո՞ւր ես գնում, մենք միասին ճաշեցինք, ընթրեցինք, գիշերն էլ մնա»:
Երբ առաջին անգամ պետք է ցուցադրվեի, ինքնանկարս էի կախել, որը, սակայն, հետո հանձնաժողովը հանեց` ասելով` այդ ո՞վ դարձար, որ ինքնանկարով ես ներկայանում: Ես շատ վիրավորվեցի, բայց Մարտիրոս Սարյանն ասաց ինձ. «Ինչո՞ւ ես հանձնաժողովի այդ էշերին նկար ցույց տալիս»: Սարյանի սիրելի հայհոյանքը «էշ» բառն էր, նա հաճախ էր այդ բառը որպես շատ ազդեցիկ բնորոշում օգտագործում: Սարյանի կարծիքն ինձ համար շատ թանկ էր:
Դիմանկարները
– Ես սիրում եմ դիմանկարներ անել, որովհետեւ պորտրետի միջոցով կարողանում եմ մարդու ներքինը բացել: Ես փորձում եմ մարդու արժեքը նկարել: Հաճախ ինձ ասում են, որ նույնիսկ փոքր-ինչ գեղեցկացնում եմ մարդկանց: Բայց գեղեցկացնելու մեջ ես շահ չեմ տեսնում: Մարտիրոս Սարյանը հանճարեղագույն դիմանկարներ ունի, կարծես թե վերցնում է մարդու ներքինը ու «շուռ է տալիս» երեսի վրա: Դիմանկարն այդպես պիտի ստեղծվի: Ռուբենսը, Տիցիանը կամ Ռենուարը, եթե նույնիսկ ուզենային մարդուն «գեշացնել»՝ չէին կարողանա: Նրանք այնպես էին կնոջը նկարում, որ դու կանգնում ես նրանց նկարների առաջ ու բերանդ բաց է մնում: Ընդ որում, Ռուբենսը առաջին նկարիչն էր, որի գործերը ես տեսա ու որոշեցի նկարիչ դառնալ: Առաջին անգամ իմ մայրիկի հետ Լենինականից Երեւանի պատկերասրահ եկա, սկսեցի քայլել սրահներում: Հենց որ եկա ու հասա Ռուբենսի նկարին, քարացա ու չկարողացա շարժվել: 11 տարեկան երեխա էի ու ինձ թվում էր, որ Ռուբենսից այն կողմ էլ աշխարհ լինել չի կարող: Ընդհանրապես, ես ինձ բացարձակ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ գտել եմ իմ տեղը: Մանուկ ժամանակվանից ինչ թղթի կտոր գտնում էի՝ վրան նկարում էի ու մոռանում էի աշխարհի մասին: Նույնիսկ մի անգամ իմ հայրը ասաց մորս. «Հեղուշ, վախենում եմ, որ մեր տղան սովից մեռնի, հացը կողքը լինի, բայց նա չուտի ու միայն նկարի»:
Դիմանկարներ շատ եմ նկարել, բայց տղամարդկանց նկարել չեմ սիրում: Մի անգամ, երբ Ծաղկաձորում էինք աշխատում, Խուդֆոնդի տնօրենը եկավ ինձ մոտ ու ասաց` ուզում եմ, որ ինձ նկարես: Պատասխանեցի, որ ես միայն կանանց եմ նկարում ու, եթե որոշեմ տղամարդու նկարել՝ ինձ կնկարեմ: Հաճախ եմ հայելին դիմացս դնում ու ինքս ինձ նկարում: Ես հայ նկարիչների մեջ ամենաշատ ինքնանկար ունեցողն եմ: Կարելի է մտածել, որ ես ինքնասիրահարված մարդ եմ, բայց դա այդպես չէ: Ամեն անգամ, երբ առավոտյան լվացվելիս հայելու մեջ եմ նայում, տեսնում եմ, որ փոխվել եմ, որ ուրիշ դիմակ եմ ձեռք բերել:
Վիլյամ Սարոյանը
– Սարոյանի մոտ ինձ Սարյանը ուղարկեց, տվեց իր նոթատետրը, որտեղ Բուդյոննու նկարներն էին ու ասաց` գնա, նկարս նվիրիր Սարոյանին ու նկարիր նրան: Հյուրանոցի սենյակում սկսեցի նկարել Սարոյանի դիմանկարը: Նա հարցրեց. «Ինչի՞ համար ես գծում», հետո տեսավ նկարս, հավանեց ու ստորագրեց վրան: «Մեկ հատ էլ ինձ համար գծե՛, դիր վրան քո ֆաքսիմիլեն ու տուր ինձ»,- ասաց:
Սարոյանին բոլորը նվերներ էին նվիրում, գրողներն` իրենց մի քանի հատորանոց գրքերը, տարբեր հուշանվերներ էին բերում:
Սարոյանը ասում էր. «Ինչո՞ւ են բերում, չգիտե՞ն, ինչ է, որ ես հայերեն չեմ կարդում»: Գրող Վալտեր Արամյանը նրան մի զույգ տրեխ էր նաեւ նվիրել, Սարոյանը շատ էր զարմացել. «Պիտի հագնե՞մ դրանք, ի՞նչ է»: Ի վերջո, նա Հայաստանից տարավ կաթողիկոսի նվիրած փոքրիկ ավետարանը, մի շիշ կոնյակ ու իմ նկարը:
Խորհրդային Խուդֆոնդը
– Խուդֆոնդն ուներ պահեստ, որտեղ պահվում էին այն նկարները, որոնք նկարիչները պարտավոր էին հանձնել պետությանը: Ասենք, երբ ստեղծագործական գործուղումների էինք գնում, մեզ տալիս էին երեք կտավ` այն պայմանով, որ մենք մեկ նկարը պետք է Խուդֆոնդին տայինք: Մեզ համար դա դժվար չէր, քանի որ այդ գործուղումների ժամանակ տասնյակ նկարներ էինք նկարում: Մեր նկարները պետության սեփականությունն էին: Իսկ երբ ֆոնդը քայքայվեց՝ նկարները ցրվեցին: Շատերը կորան կամ վաճառվեցին: Նկարները «մեջ-մեջ» արեցին, արտասահման տարան ու ծախեցին: Մի քանի անգամ ես տարբեր մարդկանց հյուր եմ գնացել ու տեսել եմ իմ նկարները: Զարմացել եմ, քանի որ լավ հիշում էի, որ դրանք ոչ նվիրել եմ, ոչ էլ վաճառել եմ իրենց: Բայց դե ի՞նչ կարող ես անել: Ճարպիկ մարդիկ միշտ էլ գտնվում են: Ֆոնդը վերացավ, բա ո՞ւր կորան նկարները:
Սովետական տարիներին նկարները պետությունն էր գնում, եւ հետո էլ ամեն մի նկարիչ գիտեր, որ տարեկան պարտադիր երկու ցուցահանդեսի պետք է մասնակցի, մեկը` Երեւանում, մյուսը` Մոսկվայում: Եվ հետո էլ մեզ նկարի համար նյութեր հավաքելու համար փող էին տալիս կամ գործուղման էին ուղարկում: Օրինակ, եթե նկարիչը դիպլոմային աշխատանքը հեղափոխական թեմայով էր անում, նրան Լենինգրադ էին գործուղում: Ես իմ դիպլոմային աշխատանքն Այվազովսկուն էի նվիրել եւ այն Սեւ ծովի ափին եմ նկարել: Այն ժամանակ նկարիչը գոնե նկար վաճառելու մասին չէր մտածում, Մոսկվայից էին գալիս նկար ընտրում: Ես, օրինակ, Տրետյակովյան թանգարանում երեք նկար ունեմ, իսկ մեր պատկերասրահում` մեկ: Իհարկե, նկարիչը կարող էր նաեւ ստոր վերաբերմունքի արժանանալ. ընդհանրապես հայի ամենամեծ թշնամին հենց հայն է: Բայց ես հասկանում եմ, որ նկարիչը, բացի իր նկարներից, ուրիշ զենք չպիտի ունենա:
Հայկական առանձնահատկությունները
– Հայերը հիմնականում սուտասան են: Ամեն օր կարելի է հեռուստատեսությամբ լսել. «Օ, ես հայրենիքի համար կմեռնիմ»: Ես շատ երկրներում եմ եղել ու ամեն տեղ էլ հայի եմ հանդիպել, լսել եմ, որ բոլորը ասում են` աման, շատ կկարոտնանք մեր Հայաստանը… Վերին աստիճանի սուտասան են: Եվ հետո էլ չեն կարող մարդուն գնահատել, դրսից որեւէ մեկը որ քո մասին խոսի, նոր այստեղ քեզ կգնահատեն: Բայց ինչո՞ւ պետք է այդպես լինի, եթե մեր կողքին շատ տաղանդներ կան: Երբ ես իմ առաջին կնոջ` նկարչուհի Արփինե Ղափանցյանի հետ Լենինգրադ գնացի` սովորելու, միանգամից հասկացա, որ իզուր եմ եկել, որ դա դատարկ որոշում էր, քանի որ այնտեղի դասախոսները շատ ավելի վատն էին, քան Երեւանում: Միայն նրա համար, որ հետո ասեի, որ Լենինգրադում եմ սովորել՝ չէի ուզում, ու մեկ տարի հետո նորից Հայաստան վերադարձա: Ընդհանրապես, կարծում եմ, որ ինստիտուտներում սովորելը սուտ բան է: Տաղանդը կամ ունենում ես, կամ` ոչ, մնացածը սուտ է:
Վահրամ Փափազյանը
– Վահրամ Փափազյանը մեծ դերասան ու մեծ մարդ էր: Նա անում էր այն, ինչ ուզում էր: Նա այն մարդն էր, որ հանգիստ սրտով կարող էր իր փորձասենյակի դուռը բացել ու յուրաքանչյուրին ասել՝ «Չքվիր այստեղից»: Երբ ես Փափազյանի պորտրետն էի նկարում, երկու օր գնում էի նրա տուն: Փափազյանի կյանքի ամեն մի վայրկյանը կարծես թե խաղ էր, թատրոն: Նույնիսկ տանն էր նա Օթելլոյի խալաթով ու մաշիկներով շրջում ու նկարելուս ժամանակ Օթելլոյի մենախոսություններն էր ասում եւ ինձ էլ այնպես էր դիմում, կարծես ես Դեզդեմոնան լինեի: Երբ Փափազյանը տեսավ նկարս, գոհ մնաց ու ասաց. «Հա, Փափազը կա այստեղ»: Նա կարող էր շատ լուրջ հարցադրում անել ինքն իրեն, օրինակ, ասել` ծխե՞լ, թե՞ չծխել, կամ էլ` գնա՞մ մի գավաթ սուրճ խմեմ, թե՞ ոչ… Իսկ ես էլ, քանի որ չեմ ծխում, ու Փափազյանն էլ նկարս գովեց, հանդգնեցի ասել. «Վարպետ, դուք հազում եք, լավ կլինի չծխեք»: Փափազյանը զայրացավ. «Դուն ո՞վ ես, որ ասում ես` ես ի՞նչ անեմ: Ես միշտ ծխել եմ ու ծխելու եմ»: Հետո` տեսնելով, որ ես մի քիչ վիրավորված գլուխս կախեցի, փորձեց սիրտս շահել ու առաջարկեց ինձ… ծխախոտ ծխել: