Ազնվամորի

03/03/2007

Բաղադրությունը: Ջուր` 70-90%, ազոտային նյութեր` 1,3-1,5%, օրգանական թթուներ` 3,5-4%, շաքարներ, եթերային յուղեր` 0,4-0,5%, 40 մգ կալցիում, 224 մգ կալիում, 37 մգ ֆոսֆոր, 1,2 մգ երկաթ, 22 մգ մագնեզիում, պղինձ, ցինկ, B խմբի վիտամիններ, 25 մգ վիտամին C, 0,58 մգ վիտամին E:

Կիրառությունը: Դեռեւս հնադարից ազնվամորու ծաղիկների օղեթուրմը համարվել է օձերի եւ կարիճների դեմ հակաթույն:

Բարտոլինին ազնվամորին կիրառել է որպես սրտային, Ժեֆրեն` ախորժակը բացող, աղիների վիճակը բարելավող միջոց, իսկ Բոխանն այն կիրառել է փսխումների դեմ: Տերեւների եփուկը խմում են թոքերի եւ բրոնխների բուժման դեպքում: Պտուղների թուրմը կիրառվում է գրիպի, ռեւմատիզմի, մրսածության դեպքում: Պտուղներն օգտակար են ստամոքսային հիվանդությունների, սակավարյունության, լնդախտի, տենդի դեպքում:

Պտուղների թարմ հյութն իջեցնում է ջերմաստիճանը, հագեցնում հիվանդի ծարավը:

Նշենք կիրառման եղանակներից մի քանիսը.

1. Շնչառական հիվանդությունների դեպքում ազնվամորու պտուղները 1:2 հարաբերությամբ խառնել թանթրվենու ծաղիկների հետ եւ եռման ջրում պահել 15-20 րոպե: Այսպիսի թուրմն օգտագործել օրվա ընթացքում 3 անգամ` մեկական բաժակ: 1 բաժակ ջրին կարելի է ավելացնել 1 ճաշի գդալ բույսերի խառնուրդ:

2. Թարախային վերքերի բուժման կամ կոսմետիկական նպատակով` 1 ճաշի գդալ տերեւների հյութը խառնել 4 ճաշի գդալ կարագի հետ եւ քսել մարմնին: