Նախաքննությունն ավարտվել է

01/03/2007

ՀՀ Գլխավոր դատախազությունն ավարտել է Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ Տիգրան Պետրոսյանի սպանության դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ 2006թ. օգոստոսի 30-ին, ժամը 9:30 սահմաններում գյուղապետարանի շենքի մոտ Տ. Պետրոսյանին հրազենով սպանել էր Դալարի նախկին գյուղապետ Գ. Բադալյանը: Նախաքննությունը պարզել է, որ Գ. Բադալյանը գյուղապետ եղած ժամանակ` 2004-2005թթ., պաշտոնական դիրքը չարաշահելով՝ համայնքի բյուջեից յուրացրել է 1.891.800 դրամ: Բացի այդ, 2005թ. Գ. Բադալյանը բնակիչներից հողի հարկի դիմաց հավաքել է 1,8 մլն դրամ արժողությամբ 15 տոննա հացահատիկ, իսկ ջրագիծը կառուցելու համար՝ 212.000 դրամ: Յուրացրել է նաեւ հավաքած գումարներից 1 մլն 612 հազար դրամը: 2005թ. դեկտեմբերին Դալարի նորընտիր գյուղապետ Տ. Պետրոսյանը հայտնաբերել է այդ չարաշահումները, այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին: Դրա պատճառով էլ Գ. Բադալյանը որոշել է վրեժխնդիր լինել եւ սպանել է Տ. Պետրոսյանին: Քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ սպանության օրերին Տ. Պետրոսյանի հարազատները պնդում էին, թե Տիգրանի միակ թշնամին Արարատի դատախազ Սուրիկ Պարսամյանն է, եւ, որ Գեղամը սպանության մեջ ընդամենը գործիք է եղել: Նրանք նաեւ համոզված էին, որ Գեղամն այդ չարաշահումները կատարել է Ս. Պարսամյանի հովանավորությամբ: Հիշեցնենք նաեւ, որ Տ. Պետրոսյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մտերիմներից էր եւ հայտնի էր որպես արմատական ընդդիմադիր: