Նիդեռլանդների ոստիկանությունը մերժել է Հաագայում Խոջալուի դեպքերի 15-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը թույլ չտալու՝ տեղի հայ համայնքի պահանջը: Ըստ ադրբեջանական APA գործակալության, գիտաժողովի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել Իգդիրի քաղաքապետարանը եւ Կարսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսությունը: Իգդիրի քաղաքապետ Նուրեդդին Արասը տեղեկացրել է, որ հայերը պաշտոնական դիմում են հղել Հոլանդիայի Ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով թույլ չտալ գիտաժողովի անցկացումը, սակայն նախարարությունը եւ Հաագայի քաղաքային իշխանությունը, «անհիմն» համարելով հայերի փաստարկները, չեղյալ չեն հայտարարել գիտաժողովի անցկացման թույլտվությունը: Երեկ ադրբեջանցիները նշում էին Խոջալուի դեպքերի 15-րդ տարելիցը, որի կապակցությամբ միջոցառումներ են եղել Ադրբեջանում ու աշխարհի տարբեր երկրներում: Ըստ day.az-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, ու «Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներ», Բաքվում ծաղկեպսակ են դրել Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հուշարձանին: