Նրանք արդեն դիմել են

01/03/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկվանից մինչ մարտի 3-ի ժամը 18:00-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, դաշինքներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող քաղաքացիները, ովքեր ի վիճակի են առնվազն 50 հոգուց կազմված նախաձեռնող խումբ ստեղծել, կարող են Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացնել առաջիկա՝ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման իրենց հայտերը: Երեկ արդեն մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացրել են թվով ինը թեկնածուներ, որոնցից վեցն այս գումարման խորհրդարանի պատգամավորներ են:

Այսպիսով, երեկ շտապել են գրանցվել ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, «Ոգու փորձություն» հասարակական-քաղաքական կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանը՝ թիվ 8 ընտրատարածք (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ), ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ թիվ 10 ընտրատարածք (Կենտրոն, Նորք-Մարաշ), ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ թիվ 19 ընտրատարածք (Վաղարշապատ): Թիվ 30 ընտրատարածքում (Վանաձոր) երեկ քաղաքացիական նախաձեռնությամբ իրենց թեկնածություններն են առաջադրել ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանն ու առայժմ անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը, ովքեր, փաստորեն, պետք է մրցակցեն իրար դեմ: Թիվ 36 (Արթիկ) ընտրատարածքում թեկնածու է առաջադրվել ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մխիթար Վարագյանը, իսկ թիվ 37 ընտրատարածքում (Գորիս)` երեկ առաջադրվել է «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Երեկ մեծամասնական ընտրակարգով թիվ 14 ընտրատարածքում առաջադրվել է Աշտարակի հիվանդանոցի վնասվածքաբան Գագիկ Օհանյանը, իսկ թիվ 1 ընտրատարածքում՝ Ավան, Նոր Նորք, առաջադրվել է «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արշակ Բակլաչյանը: Այս ընտրատարածքում, ինչպես հայտնի է, առաջադրվելու է նաեւ գործարար պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը:

Իսկ ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա նրանք դեռեւս չեն ավարտել իրենց համամասնական ցուցակները կազմելու «սեւ» գործը: Ու քանի որ դեռեւս կուսակցություններից շատերը չեն էլ հստակեցրել, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, նրանք երեկ դժվարանում էին նույնիսկ մոտավոր ժամկետ նշել, թե երբ այն կավարտեն: Արդեն պատրաստ է Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ համամասնական ցուցակը, որտեղ կուսակցության նախագահը, այսինքն՝ Շ. Քոչարյանը,

71-րդն է, որովհետեւ իրենք որոշել են «հանուն ժողովրդավարության» այն կազմել այբբենական հերթականությամբ: Հենց այդ պատճառով էլ Շ. Քոչարյանը հայտնվել է սեփական կուսակցության ցուցակի վերջերում: Պատրաստ է նաեւ Տիգրան Կարապետովիչի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը, որտեղ, ի տարբերություն Շավարշ Քոչարյանի, Տ. Կարապետիչն առաջին հորիզոնականում է: Սակայն այս կուսակցության ցուցակը, ինչպես մենք արդեն գրել էինք մեր նախորդ համարներում, Տ. Կարապետիչից հետո շարունակում են նախկին ՕԵԿ-ականները. Գագիկ Մխեյանն, օրինակ, հայտնվել է ԺԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ Տ. Կարապետովիչից հետո, առաջին տասնյակում է նաեւ ԱԺ պատգամավոր, դարձյալ նախկին ՕԵԿ-ական, SAS սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Տ. Կարապետիչի կուսակցության ցուցակում է հայտնվել նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի նախկին ՕԵԿ-ական եղբայր, ԱԺ պատգամավոր Սամվել Շահգալդյանը: Ի դեպ, ԺԿ ցուցակում է հայտնվել նաեւ քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը:

Բայց Տիգրան Կարապետովիչի կուսակցության համամասնական ցուցակի ամենաուշագրավ հատվածն ամենեւին էլ սա չէ: Այս կուսակցության ցուցակում, որքան էլ տարօրինակ է, ընդամենը երեք ԺԿ-ական կա, որոնցից մեկը Տ. Կարապետովիչն է, երկրորդը` նրա տեղակալ Քացախյանը, եւ «ԱԼՄ» հեռուստաընկերության նախկին լրագրող, այժմ ԺԿ լրատվական ծառայության պատասխանատու, ԺԿ-ական Ռուզաննա Ստեփանյանը: ԺԿ ցուցակում այլ ԺԿ-ականներ չկան:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանք դեռեւս բանակցությունների փուլում են, եւ դեռեւս հայտնի չէ, թե նրանցից ով ում հետ դաշինք կկազմի, ով՝ ոչ: Երեկվա դրությամբ նրանց մոտ դեռեւս ամեն ինչ անորոշ էր:

Հ.Գ. Հիշեցնենք, որ կուսակցությունները եւ դաշինքները, ինչպես նաեւ` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխանաբար ԿԸՀ եւ ԸԸՀ-ներ պետք է ներկայացնեն մինչեւ մարտի 28-ը, ժամը 18:00-ն: Ցուցակների եւ պատգամավորության թեկնածուների գրանցումը ԿԸՀ-ում եւ ԸԸՀ-ներում կատարվում է ապրիլի 2-7-ը, մինչեւ ժամը 18:00-ն:

Իսկ նախընտրական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 8-ից (մինչեւ մայիսի 10-ը): Ի դեպ, նաեւ հիշեցնենք, որ չորրորդ, այսինքն՝ հաջորդ գումարման Ազգային ժողովում 131 պատգամավորներից 41-ը կընտրվեն մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրակարգով, ներկայիս 56/75 հարաբերակցության փոխարեն: