ՆԱՏՕ-ն Թուրքիային է դիմել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով: Ըստ CNN-Turk հեռուստաալիքի, խոսքը նաեւ այն մասին է, որպեսզի Թուրքիան բացի Իրանի հետ ցամաքային սահմանը: Աղբյուրը չի հայտնել՝ արդյոք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան համաձայնություն տվե՞լ է ՆԱՏՕ-ի դիմումին: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, դրական պատասխանի հավանականությունը փոքր է, քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Իսկ համաձայն «Նյու Յորքեր» հանդեսի վերջին համարի հրապարակման, չնայած Ջորջ Բուշի վարչակազմի հավաստիացումներին, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, Պենտագոնն արդեն իսկ մշակել է Իրանի մի շարք օբյեկտների ավիահարվածներ հասցնելու ծրագիր: Իրանի դեմ ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը չի բացառել նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին: