Թեյախմություն Ուկրաինայում

01/03/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Եթե Մոսկվայում բնակվող, այսպես կոչված, «մերձավոր արտասահմանցիներին» հարցնեք, թե ինչն է իրենց համար ամենատհաճ բանը, ճնշող մեծամասնությունը կնշի գրանցման ինստիտուտը: Ամենահասարակն ու մատչելին ըստ բնակության վայրի եռամսյա գրանցումն է: Դրա համար շրջանային միլիցիայի բաժնում պետք է համապատասխան դիմում ներկայացնել՝ այս կամ այն բնակարանում գրանցված բոլոր մարդկանց համաձայնությամբ: Եվ վերջ: Ռուսաստանի սահմանն անցնելու մասին փաստաթղթով եւ եռամսյա գրանցման քարտով մարդը, որպես կանոն, ազատվում է միլիցիոներների ավելորդ հարցերից, որոնք արտասահմանցիներին ըստ արտաքին տեսքի են որոշում: Սակայն այդ երեք ամսից հետո արտասահմանցին դառնում է միլիցիայի, միգրացիոն ծառայությունների ցանկալի որսը: Տեսականորեն հնարավոր է երկարացնել միգրացիոն քարտի ժամկետը, սակայն դա քչերին է հաջողվում: Պետք է մեկնել Ռուսաստանից: Իհարկե, մետրոյում փակցված հայտարարություններին դիմելու գայթակղությունը կա. կարելի է որեւէ մեկին վճարել եւ ստանալ «օրինական» գրանցում (ինչպես վկայում են այդ հայտարարությունները): Սակայն չեք կարող վստահ լինել, որ ամեն ինչ իրոք կարվի օրենքի համաձայն: Դա, ի դեպ, շատ հեշտ է ստուգել: Եվ եթե, Աստված չանի, պարզվի, որ փաստաթուղթն ապօրինի է, տհաճ իրավիճակում կհայտնվեք: Այնքան տհաճ, որ պարզապես կերազեք «ինքնադեպորտացիայի» մասին եւ կմոռանաք Ռուսաստանի ճամփան: Իսկ նման դեպքերում հաճախ ստիպված են լինում մոռանալ: ԱՊՀ-ն թեեւ գրեթե ողջ աշխարհին զիջում է կոմպյուտերիզացիայի ոլորտում, բայց միգրացիոն օրենքների խախտման հարցում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է: Այնպես որ, լավագույն ելքը Ռուսաստանի տարածքն իսկապես լքելն է, նոր միգրացիոն քարտով նորից վերադառնալը եւ նոր գրանցման համար միլիցիայի բաժին դիմելը:

Ոմանք այդպես էլ անում են: Սակայն մեկնում են ոչ թե հայրենիք, այլ գնացքով գնում են Ուկրաինա, քանի որ դա ավելի էժան է նստում:

Անցյալ շաբաթվա վերջում գործերով Խարկովում էի: Հայրենակիցներիս բազմությունը չէր կարող ուշադրություն չգրավել: Մեկի հետ զրույցի բռնվեցի: Հենց նա էլ պատմեց այս սխեմայի մասին, որին արդեն երկրորդ անգամ էր դիմում: Ընդ որում, Սուրենը (անունը պայմանական է) լրջորեն մտահոգված էր. նրա գրանցման ժամկետը լրացել էր երկու օր առաջ: «Ամեն ինչ կախված է սահմանապահների կարգին մարդ լինելուց»,- հոգոց հանեց նա: «Կարգին մարդ» ասվածի տակ պետք էր հասկանալ մի բան. որ սահմանապահները շատ բծախնդիր չլինեն այդ չարաբաստիկ երկու օրվա պատճառով: «Գուցե չնկատե՞ն»,- խոսակցությունը շարունակելու նպատակով ասացի ես, թեեւ դժվար էր դրան հավատալ: Բնականաբար, նկատեցին: Ռուս սահմանապահը, ուշադրություն չդարձնելով Սուրենի խնդրանքներին, առանց ավելորդ խոսքի ռացիայով կանչեց Միգրացիոն ծառայության ներկայացուցչին: Վերջինս շատ արագ եկավ եւ հակիրճ ասաց. «Ի՞նչ ենք անելու»: Գործին այսպիսի մոտեցումը ենթադրում էր սովորական կաշառք: «Ընդամենը երկու օր է… մեջքս ցավում էր, չէի կարողանում տանից դուրս գալ… տոմս չկար… խնդրում եմ…»,- սկսեց նվնվալ իմ նոր ծանոթը: Միգրացիոն ծառայության աշխատակցի նման ռեակցիան անսպասելի, նույնիսկ անհնար էր պատկերացնել. «Դե լավ, գնա: Տոնի առթիվ»: Փետրվարի 23-ն էր:

Սուրենը շնորհակալություն հայտնեց եւ վերադարձավ գնացք: Ես աչքերիս չէի հավատում: Մի՞թե բանը Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու մեջ է: «Չէ, ուղղակի լավ մարդ էր»,- ասաց Սուրենը: «Իսկ հետ գնալիս խնդիրներ չե՞ն ծագի: Կնիքից երեւում է, որ դու մի անգամ արդեն խախտում արել ես»,- հարցրի ես: «Ռուսների հետ հարց չի լինի, նրանք հին փաստաթղթերին չեն նայում: Էս խոխոլներն են գլուխ տանում»,- բողոքեց ուկրաինացիներից Սուրենը:

Դրանում շուտով համոզվեցի: Ուկրաինացի սահմանապահը Սուրենին կուպեից հանեց միջանցք եւ շշնջաց. «Գիտեմ, թե ինչի ես գնում. գրանցման ժամկետդ լրացել է: Ես իրավունք ունեմ քեզ գնացքից իջեցնելու եւ հարցաքննելու: Մինչեւ զրուցենք՝ գնացքը կգնա: Դա քեզ պե՞տք է: Ոչ էլ ինձ է պետք»,- սահմանապահը մի պահ դադար առավ, իսկ Սուրենը ձեռքը տարավ գրպանը, ինչ-որ բան հանեց, եւ այն արագ անհետացավ…

Խարկովից Մոսկվա վերադառնալիս եւս մի քանի հայերի հանդիպեցի, որ ակնհայտորեն նույն «օպերացիան» էին անցկացնում, ինչ որ Սուրենը: Ուկրաինական սահմանից ոչ հեռու նրանք անձնագրերի մեջ ինչ-որ բան դրեցին եւ սկսեցին սպասել սահմանապահներին: Վերջիններս նրանց հետ կատակում էին. «Գոնե հասցրե՞լ եք թեյ խմել»: Երեւում է՝ այդ մարդիկ սահմանն անցել էին ընդամենը մի քանի ժամ առաջ: Իսկ ռուս սահմանապահներն իրենց ընդգծված զուսպ էին պահում: Բնականաբար, նրանք ուկրաինացի իրենց գործընկերներից վատ չգիտեին, թե այդ մարդիկ ինչ պատճառով էին այդքան կարճ ժամկետով մեկնել Ուկրաինա, սակայն նրանք գերադասում էին գործել օրենքի շրջանակներում, իսկ այդ մարդիկ օրենքը չէին խախտել, այլ պարզապես ելք էին գտել ստեղծված դրությունից:

Եվ այդ ժամանակ անսպասելի միտք ծագեց կամ էլ հիշեցի ինչ-որ մեկի ասածը, թե ծառայողների վերաբերմունքն օրենքի նկատմամբ վկայում է օրենքի կայացած լինելու մասին: Կամ էլ հակառակը՝ չկայացած լինելու: Ռուսաստանցիներն իրենց օրենքներին (լավն են դրանք, թե չէ՝ այլ հարց է) տվյալ դեպքում հարգանքով վերաբերվեցին: Իսկ ուկրաինացի սահմանապահները նախընտրեցին, օգտագործելով նույնիսկ ոչ թե իրենց, այլ ռուսաստանյան օրենքները, հնարավորություն գտնել եւ…: Մտածեք` ինչ ուզում եք: Իսկ ես այս ամենի մեջ տեսա այն պատճառը, թե ինչու է Ռուսաստանն իրեն երբեմն թույլ տալիս արհամարհական տոնով խոսել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ: Երեւում է՝ վերջիններս՝ իբրեւ լիարժեք, անկախ պետություններ, հարցերի տեղիք են տալիս: Համենայնդեպս՝ դեռ տալիս են: