Ազգային եւ պետական շահեր

01/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Հավանաբար, սխալված չենք լինի, եթե փաստենք, որ վերջին օրերին խիստ ակտիվացած եւ դեռ նոր զարգացումների ակնկալիքներ արձանագրող նախընտրական պայքարում առաջնային են դառնում ազգային հիմնախնդիրների եւ դրանց պետական լուծումներ տալու անհրաժեշտության մասին քննարկումներն ու բանավեճերը:

Վերջիններս, սակայն, ինչպես եւ կարելի էր գուշակել ընտրապայքարից առաջ, սահմանափակվում են նախորդ եւ ներկա իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում ազգի առջեւ ծառացած պրոբլեմների զուտ արձանագրումով, բայց ոչ` լուծումներ փնտրելով կամ առաջարկելով: Ասում են՝ «Ընտրեք մեզ, որովհետեւ մենք ուզում ենք լուծել այս, այս եւ այս պրոբլեմները», սակայն այդ նույն տրամաբանությամբ կարելի է ընտրել բոլոր նրանց, ովքեր ընդամենը գիտեն եւ բարձրաձայնում են այդ եւ նաեւ այլ պրոբլեմների առկայության, դրանց արդիականության եւ լուծելու անհրաժեշտության մասին: Այսինքն` «կարելի է ընտրել բոլորին, որովհետեւ բոլորն էլ այդ մասին տեղեկացված են»: Իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում պարբերաբար ի հայտ եկող այս օրինաչափությունը ոչ թե իրավիճակային, այլ համակարգային բնույթ է կրում, քանի որ իրենք` ընտրվողները, տարիների ընթացքում ձեւավորել են Ազգային ժողովի նկատմամբ թերահավատության եւ անվստահության զգացում, որն իջեցնում է ընտրողների պահանջկոտությունը, ձեւավորում քաղաքական-գաղափարական մրցակցության անառողջ մթնոլորտ եւ նաեւ հարցականի տակ դնում սեփական երկրում սեփական ապագան տեսնելու եւ՛ ցանկությունը, եւ՛ կարողությունը: Մինչդեռ պետք է հիշել, որ այսօր ընտրվողները ձեւավորելու են խորհրդարանի ազգային-քաղաքական «դեմքը» եւ մեծապես ազդելու են հաջորդ սերնդի ընտրողների քաղաքական նախասիրությունների վրա:

Հետեւաբար, ինչպես ընտրողների, այնպես էլ ընտրվողների համար ճիշտ կլինի առաջնորդվել ոչ թե տարածված այն մոտեցմամբ, թե «որ թեկնածուն կամ կուսակցությունն ինչի մասին է խոսում», այլ այն սկզբունքով, թե որքանով է նախընտրական այս կամ այն ծրագիրը բխում ազգային-պետական շահերից, արտացոլում երկրի եւ ժողովրդի ներկա իրավիճակը եւ ուրվագծում ընդհանուր զարգացման ուղիներն ու հեռանկարները: Այն, որ նման հարցերում կողմնորոշվելու փորձ դեռ չունի հայաստանյան քաղաքական «էլիտան», երեւաց թեկուզ եւ երկքաղաքացիության խնդրին հապճեպ լուծումներ փնտրող եւ նույնքան հապճեպ այդ գործընթացը խոչընդոտող քաղաքական ուժերի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից: Կարծես թե միայն հասարակությունն այս գործընթացից դասեր քաղեց եւ հասկացավ, որ իշխանության որոշ ուժեր սեփական վերարտադրության համար կարող են հարցականի տակ դնել քաղաքական մշակույթի ձեւավորման եւ ազգի հոգեւոր վերարտադրության գործընթացները:

Այս օրինակն, անշուշտ, սոսկ եզակի վկայությունն է ընդհանուր այն օրինաչափության, որ հայաստանյան իրականության մեջ առաջնային դեր կատարող քաղաքական գործընթացներում հստակ չեն ազգային եւ պետական շահերի ընկալումները, դրանց բովանդակությունը եւ նշանակությունը երկրի ներկա զարգացումներում եւ հեռանկարներում: Վստահաբար կարելի է փաստել, որ զուր են քաղաքական մշակույթի ձեւավորման մասին բոլոր խոսքերը, երբ հայրենի քաղաքական գործիչներն ու կուսակցությունները չունեն միասնական պատկերացում ազգային եւ պետական շահերի մասին, քանի որ դա է փոքր ազգերի եւ նորանկախ պետությունների քաղաքական զարգացման առաջին ազդակներից մեկը:

Քաղաքագիտության տեսության մեջ ընդունված է տարբերակել ազգի շահերն ազգային եւ պետական շահերից: Խոսելով ազգի շահերից, առաջին հերթին նկատի են առնվում տվյալ հասարակարգում դոմինանտ ազգի, այն է` պետականակիր ազգի շահերը: Վերջիններս, ամենայն հավանականությամբ, վերաբերում են ավելի շատ ազգի զարգացման անընդհատությանը, ինչը որեւէ ժամանակահատվածում առաջացնում է հանրային կյանքի կազմակերպման պետական-հասարակական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն: Այն է` ազգայինը պետականով ամրագրելու անհրաժեշտություն, ինչպես նաեւ` գիտակցումն այն բանի, որ այլեւս ազգի ֆիզիկական եւ հոգեւոր գոյատեւումը կախված է ոչ միայն մշակութային վերարտադրությունից, այլեւ այդ մշակույթը պետական մակարդակում ներկայացնելու եւ ձեւակերպելու կարողությունից: Այլ կերպ ասած, ազգի շահերն առնչվում են այն օրինաչափության հետ, որ պատմականորեն ինքնության ձեւավորման եւ պահպանման աղբյուր հանդիսացող ազգային մշակույթը լրացվում, հարստացվում է ինքնության պահպանման նոր մեխանիզմով` պետությամբ: Ակնհայտ է, որ ազգի շահերից է բխում սեփական գոյատեւման եւ զարգացման առավել կայուն մեխանիզմների եւ հեռանկարների ձեւակերպումն ու իրականացումը, ինչի արդյունավետությունն ուղղակիորեն կապվում է պետականության ձեռքբերման հետ: Այստեղ է, որ կարող ենք խոսել պետական շահի առաջացման մասին, որը համընկնում է արդեն ոչ միայն եւ ոչ այնքան պետականակիր տվյալ ազգի շահի, այլ ավելի լայն` հասարակական շահի հետ: Դա բացատրվում է նրանով, որ պատմության ընթացքում մոնոէթնիկ պետություններն անհրաժեշտաբար վեր են ածվում պոլիէթնիկ (բազմազգ) պետությունների, որտեղ գերակայող են դառնում ազգային (այն է` բազմազգ հասարակության) եւ պետական շահերը: Իսկ այն, որ ժամանակակից աշխարհում կան մի քանի մոնոէթնիկ պետություններ, ինչպիսին նաեւ Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե ընդհանուր այդ օրինաչափության մերժումը, այլ մեկ այլ օրինաչափության՝ պատմականորեն հասարակական կյանքում ազգային մշակույթի գերակայության դրսեւորման արդյունք է:

Բանն այն է, որ պետության ձեռքբերման գործընթացին հաջորդում է հանրային կյանքն արդեն ոչ այնքան ազգային-մշակութային, որքան պետական-հասարակական մեխանիզմներով կազմակերպելու գործընթացը, եւ այստեղ է, որ ազգային-պետական, այսինքն՝ հանրային-ընդհանուր շահը գերակա նշանակություն է ստանում: Այն անպայմանորեն ներառում է տվյալ հանրության պետականակիր ազգի շահերը, դրանք լրացնելով, ամբողջացնելով հանրային` ընդհանուր շահերով: Այն, որ ազգային (հանրային) եւ պետական շահերն ամենուր համընկնում են, վկայում է թեկուզ եւ այն, որ ԱՄՆ-ի իշխանություններն անվերջ ակնարկում են «Ամերիկայի ազգային շահերի» մասին` այն դեպքում, երբ հայտնի է, որ ԱՄՆ-ը չունի պետականակիր ազգ եւ չի կարող համարվել ազգային պետություն: Ակնհայտ է, որ խոսելով ԱՄՆ-ի ազգային շահերից, առաջին հերթին նկատի են առնվում ԱՄՆ-ի պետական շահերը, որոնք համընկնում են ոչ թե որեւէ ազգի, այլ արդեն հասարակական կամ ընդհանուր-հանրային շահերի հետ:

Պետք է հաշվի առնել պատմական եւս մեկ օրինաչափություն, որը դրսեւորվում է հասարակական կյանքի զարգացման ընթացքում: Բանն այն է, որ հասարակական կյանքում կարեւորվում են նախ եւ առաջ տնտեսական, քաղաքական եւ իրավական ոլորտները, որոնց վրա խարսխվում է հասարակության հոգեւոր-մշակութային կյանքը: Այսինքն՝ որքան պետությունը միասնական տնտեսական, քաղաքական եւ իրավական դաշտ է ստեղծում հանրային կյանքն առավել արդար եւ արդյունավետ կազմակերպելու համար, այդքան ազգային-հանրային շահը դարձնում է սեփական` պետական հոգածության եւ իրականացման խնդիր: Համապատասխանաբար, հասարակական կյանքում ծագող ընդհանուր կարգի հիմնախնդիրների լուծումը շահեկան է որքան հանրային, նույնքան էլ պետական մակարդակներում: Ազգային (հանրային) եւ պետական շահերի միասնականության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ պետական քաղաքականությունն ի սկզբանե որոշվում է ոչ թե արտաքին հոսանքների ազդեցության, այլ ներքին` հասարակական կյանքին առավել համապատասխանող գաղափարական խմորումների արդյունքում: Այլ հարց է, որ գլոբալացման ժամանակակից պայմաններում ազգային-պետական քաղաքականության վրա մեծապես ազդում են արտաքին քաղաքական-գաղափարական ուժերը. հաճախ` տնտեսական կամ կրթական բարեփոխումների անվան տակ: Սակայն նույնիսկ այս պարագայում ակնհնայտ է ազգային-պետական շահի միասնականությունը, քանի որ արտաքին մարտահրավերներն իմաստավորելու գործընթացը կրկին ելնում է պետական մակարդակում այս կամ այն քաղաքական նոր պրոցեսի` հասարակության համար նպաստավոր լինելու կամ չլինելու հանգամանքից: Այլ կերպ ասած` պետական շահը նույն ազգային-հանրային շահն է` բարձրացված միջազգային իրավահարաբերությունների լիիրավ անդամ հանդիսացող պետության մակարդակի:

Սակայն այս գործընթացն այդքան էլ հարթ չի անցնում այն պետություններում, որտեղ հասարակության քաղաքական կյանքը միջնորդավորվում եւ պայմանավորվում է ազգային հոգեբանության այնպիսի գործոններով, ինչպիսիք են եսապաշտությունը եւ կլանային էգոիզմը: Հոգեբանական կարգի նման խոչընդոտներից մեծապես տուժող հայ հասարակությանն առավել հայտնի են անձնական (ընտանեկան, կլանային, ընկերային) շահերով պայմանավորված քաղաքականության կործանարար հետեւանքները: Կարծես թե ինքը` պատմությունը, որպես ամենաարդար դատավոր, պարբերաբար հիշեցնում է այն մասին, որ պետությունը կարող է լինել պետականակիր ազգի եւ առհասարակ` հասարակական շահի իրականացնողն այն ժամանակ, երբ պետական քաղաքականությունն իրականացնողներն են այդ ընդհանուր շահի եւ արժեքների կրողը: Իսկ այս պարագայում գործ ունենք հայկական իրականության մեջ անտեսանելի այնպիսի երեւույթների հետ, ինչպիսիք են հայրենասիրությունը, բարոյականությունը եւ արդարությունը:

Խորհրդարանական ընտրություններով պայմանավորված քաղաքական զարգացումների ընթացքը փաստում է, որ դեռեւս հաղթահարված չէ ազգային եւ պետական շահերի չիմացությունը եւ ձեւավորված չէ հասարակության համար անբարենպաստ քաղաքական որոշումների եւ օրենքների ընդունման հետեւանքների կանխատեսման ու կանխման կարողությունը: Վերջինիս ձեւավորումն, ի դեպ, մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է քաղաքական այս կամ այն գործիչն ընդհանուրն առավել բարձր դասում սեփականից՝ անձնականից, որքանով է նա պատրաստ պատասխանատու լինել հասարակության անունից ընդունած որոշումների համար եւ որքանով է ինքն իր բարոյական պարտքը համարում ծառայել երկրի եւ ժողովրդի զարգացմանն ու հզորացմանը:

Նաեւ նկատենք, որ որքանով ազգային շահերը համընկնում են պետական շահերի հետ, այնքանով էլ վերաբերում են հանրային կյանքի բոլոր բնագավառներին՝ առանց բացառության: Այդ նույն ազգային շահերին են պատկանում ոչ միայն տնտեսական, քաղաքական եւ իրավական կարգի, այլեւ հասարակության կրթական, բարոյահոգեբանական, գաղափարական զարգացումներին առնչվող հարցերը: Եվ ոչ թե վերջին շաբաթներում «մոդայիկ» դարձած եւ դեռ մոտ ապագայում «մոդայից դուրս գալու միտք էլ չունեցող» կուսակցական «ամուսնությունների ու դավաճանությունների» թեման:

Որքան էլ «ընդունված» չէ ժամանակակից Հայաստանում լուրջ վերաբերվել լուրջ մարդկանց եւ նրանց մտքերին, այնուամենայնիվ, երկրի եւ ազգի ապագայի համար վճռական նշանակություն ունեցող ընտրությունների շեմին հարկ է վստահել ոչ այնքան հարեւան-բարեկամին կամ երկրի քաղաքական կյանքում իրենց «ներկայությունն» Ազգային ժողովի նիստերից բացակայությամբ հիմնավորած մարդկանց, որքան երկրի զարգացմամբ մտահոգված, բայց նաեւ` հիմնախնդիրների իրական լուծումներ առաջարկող քաղաքական ուժերին եւ անձնական կյանքում քաղաքացիական վարք դրսեւորող անհատներին:

Ազգային եւ պետական շահերի չիմացությունն է, որ անջրպետ է մտցնում զարգացման պետական ծրագրերի եւ հասարակության զարգացման տեմպերի միջեւ: Այսինքն՝ հակասության մեջ է դնում զարգացման հեռանկարն ու ներկա կարողությունները: Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում այն պարագայում, երբ, օրինակ, միասնական ազգային-պետական գաղափարախոսության բացակայության պայմաններում, այն է` երկրի եւ հասարակության անվտանգության եւ միասնական զարգացման ուղիների բացակայության պայմաններում, մասնատվում է սոցիալական օրգանիզմը, ապակառուցողական է դառնում սոցիալական ակտիվությունն ու հասարակական կյանքն առհասարակ, հատկապես, երբ «կոալիցիոն» կոչված կառավարությունում ներկայացված քաղաքական ուժերն առանց միասնական կարծիքի գալու` իրենց սեփական քաղաքականությունն են իրականացնում հանրային կյանքի «սեփական» կամ արդեն` «սեփականաշնորհված» բնագավառներում` կրթական ոլորտը մեկինն է, մշակութայինն` այս մեկինը…

Հետաքրքիր է` քաղաքական ուժե՞րն են կրում հասարակական հիմնախնդիրների բեռը, թե՞ հակառակը…