Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատներ ստանալու համար քաղաքական պայքարի մեջ ներգրավված կողմերը ստիպված են լինելու ոչ միայն օգտվել քաղաքական տեխնոլոգիաների հարուստ զինանոցից, այլեւ` ապացուցելու, որ սեփական ծրագրային փաստաթղթերով իրե՛նք են արժանի վաստակելու ժողովրդի վստահության քվեն: Հարկ է նկատել, որ շատերի կարծիքով, նախընտրական ծրագրերի մասին խոսելն անիմաստ է, քանի որ հայաստանյան ընտրությունների համապատկերում դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ` «տպագրական շռայլության» հերթական դրսեւորում: Այսինքն՝ ուզում են ասել, որ ընտրություններից հետո ծրագրային բուկլետների բովանդակությունը մոռացության գիրկն է թաղվում, իսկ իշխանական «փափկատեղերի» տերերն անմնացորդ նվիրվում են սեփական գոյության պայմանների կատարելագործմանը: Այն, որ հայաստանյան իրականության մեջ այսօրինակ երեւույթներ կան, դժվար թե որեւէ մեկը վիճարկի: Սակայն ասել, թե մեր քաղաքական կյանքն, ի դեմս իշխանության գործունեության, ոչ այլ ինչ է, եթե ոչ` վերը նշված երեւույթի զարգացման պատմություն` կլինի ծայրահեղ եւ կողմնակալ գնահատական:
Այո, Հայաստանում կան անպատժելիության տխրահռչակ դեպքեր, կաշառակերություն, ժողովրդավարական բացթողումներ, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, քաղաքական մշակույթի պակաս եւ այլն: Սակայն այս ամենի կողքին չի կարելի չնկատել նաեւ որոշակի դրական տեղաշարժեր, որոնք, անշուշտ, բացասական երեւույթների ֆոնի վրա դեռեւս չեն կարողանում իրենց արժանի գնահատականը ստանալ: Եվ չեն ստանա, քանի դեռ հայաստանյան քաղաքական կյանքում գերիշխում է ոչ թե կառուցողական, այլ «իշխանածարավ» քննադատության ոգին, քանի դեռ նոր եւ մարդավայել կյանքի պահանջ ունեցող ժողովուրդն իր քաղաքական «ծարավը» հագեցնում է անցյալից եկած, սակայն քաղաքական անցյալ չունեցող, ինչպես նաեւ` նորահայտ քաղաքական առաքյալների վեհ «ճշմարտություններով» կամ փրկարար խոստումներով: Չեն ստանա, քանի դեռ հայաստանյան կուսակցական վազքարշավի մասնակիցներից շատերն իրականում ոչ մի առնչություն չունեն համապատասխան «մարզաձեւի» հետ: Այլ կերպ ասած, եթե վազորդի համար էական է ֆիզիկական պատրաստվածություն ունենալը, ապա «կուսակցական մարզիկի» կամ մարզիկ կուսակցության համար` գաղափարականը: Մինչդեռ, ինչպես հայտնի է, հայաստանյան կուսակցությունների մեծ մասը շարունակում է մնալ գաղափարական «միստր իքսի» կարգավիճակում, իսկ ժողովրդի մոտ, ցավոք, ցանկություն էլ չի առաջանում լուծելու անհայտ գաղափարականով «հավասարումը»: Ավելին, բազմաթիվ կուսակցություններ քարոզչական եւ ֆինանսական «արգելված խթանիչներով» (դոպինգներով) փորձում են հատել ընտրական վերջնագիծը, իսկ ժողովուրդը միամտաբար փորձում է նրանց գոտեպնդել: Գոտեպնդում է, հետո նոր միայն հասկանում, որ իր երկրպագած մարզիկ-կուսակցություններից սպորտ զարգացնող դուրս չի գա:
Մամուլով եւ հեռուստատեսությամբ քանիցս է նշվել, որ Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեբարոյական կյանքի բարեփոխման իրական ճանապարհը քաղաքական կյանքի գաղափարականացումն է եւ իրատեսական ծրագրերի մրցակցության համար անհրաժեշտ պայմանների ձեւավորումը: Սրանք այն նախապայմաններն են, առանց որոնց Հայաստանը չի կարող ունենալ զարգացման հուսալի ռազմավարություն եւ այդ ռազմավարությունն իրականացնելու վճռականություն ունեցող ուժեր: Այո, Հայաստանին անհրաժեշտ են նախընտրական իրատեսական ծրագրեր եւ դրանք իրականացնողներ: Սակայն, փաստը մնում է փաստ, որ հայաստանյան ընտրողը հաճախ է տուրք տալիս քաղաքական նորաձեւությանը, ընտրական «կենցաղվարությանը», իր հոգսերին «հաղորդակից» քաղաքական գործիչների «սրտաբուխ» խոսքի անքննադատ յուրացմանը եւ այլն: Տուրք է տալիս այն կուսակցություններին ու քաղաքական գործիչներին, որոնք նախընտրական շրջանում վառ գարուն են երգում, իսկ տարվա մնացած եղանակներին օբյեկտիվ դժվարությունների մասին «ողբալուց» չեն հրաժարվում:
Արդեն նշել ենք, որ հայաստանյան ընտրողն ունի հիմնավոր դժգոհություններ` կապված իշխանությունների գործունեության հետ: Դժգոհություններ, որոնց պատճառով ծրագրային եւ գաղափարական հիմքով ընտրություն կատարելու շարժառիթը հաճախ հետին պլան է մղվում: Սա բացատրվում է այն իրողությամբ, որ հայաստանյան ընտրողը, տեսնելով իրապես գաղափարակիր կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի իշխանավարման տարիների բացթողումները եւ, միեւնույն ժամանակ, անտեսելով նրանց կյանքի կոչած հետեւողական ձեռքբերումները, կարծում է, որ հայաստանյան քաղաքական կյանքը «դատապարտված» է անցնելու ոչ-ծրագրային զարգացումների ճանապարհ: Ավելին, ընտրողը նաեւ «կարծում» է, որ քաղաքական պայքարի հիմքում գաղափարական գործոնների փոխարեն կարելի է դնել անհատական հատկանիշների, նախընտրական բարեգործությունների, մխիթարող ճառերի եւ այլ գործոններ` մոռանալով, որ պատերազմի ճանապարհ անցած, տնտեսական շրջափակման «հաճույքն» ապրած Հայաստանը չի կարող մեկ օրում ժողովրդավարության, ինչպես նաեւ` ժողովրդի կենսապայմանների եվրոպական չափանիշներ բավարարել: Արդյունքում կարող է ստացվել տխուր մի իրավիճակ. ժողովուրդը, լինելով որոշակիորեն դժգոհ իշխանությունների գործունեությունից, ընտրություններում կուսակցությունների գաղափարակիր լինելու գործոնը, ներպետական կյանքի զարգացման դրական միտումներն անտեսում է` փոխարենը հույսեր փայփայում առ գաղափարական դիմագիծ եւ ծրագրային հստակ ռազմավարություն չունեցող կուսակցությունների ներուժ: Կուսակցություններ, որոնք առավելապես ծառայում են ժողովրդի հոգսերի շահարկման, այլ ոչ դրանց հաղթահարման գործին: Եվ քանի որ մխիթարության կարիք ունեցող ժողովրդին անհրաժեշտ է հույս առ լուսավոր ապագա, ապա դրա պատասխանատվությունը ստանձնում են, ասենք, իշխանությունների թերիները եւ սեփական «առավելությունները» շեփորահարող կուսակցությունները` ժողովրդին տալով հույս, ապագան թողնելով անլույս: Կուսակցություններ, որոնք առավելապես ծառայում են ժողովրդի հոգսերի շահարկման, այլ ոչ դրանց հաղթահարման գործին: Այս առումով, թերեւս, կարելի է զուգահեռներ անցկացնել որոշ կուսակցությունների եւ աղանդավորական շարժումների միջեւ, քանզի երկուսն էլ իրենց համարում են փրկիչներ, որոնց անդամագրվելու կամ աջակցելու պարագայում ծանր վիճակում հայտնված մարդիկ կարող են գտնել իրենց հանգստությունը: Միայն այն տարբերությամբ, որ եթե առաջիններն օգնության կարիք ունեցողների համար «փրկություն» են ապահովելու երկրային կյանքում, ապա վերջիններս` առավելապես անդրշիրիմյան:
Ցավալի է, սակայն Հայաստանում կուսակցական «մարդաորսը» ոչ միայն շարունակվում, այլեւ նոր թափ է ստանում: Իսկ սա նշանակում է, որ հայաստանյան քաղաքական կյանքում «աղանդավորության» նախանշաններն առկա են, իսկ խորացման հնարավորությունները` նշմարելի: Դա, օրինակ, կարելի է նկատել զանգվածաբար կուսակցականներ «հավաքագրելու» գործընթացներից եւ այլն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն կարիք ունի մարդկային ռեսուրսների: Սակայն, կարծում ենք, որ ինքնահաստատման ճանապարհ անցնելու խնդիր ունեցող կուսակցություններն են իրենց գաղափարական եւ ծրագրային բացերը փորձում լրացնել կուսակցական մարդաքանակի ավելացմամբ եւ դրա վկայակոչումներով, պերճախոս եւ «բաժակաճառային» ելույթներով: Մինչդեռ գաղափարական դիմագիծ ունեցող կուսակցություններն առավել հետեւողական են իրենց անդամների ընտրության հարցում եւ սեփական կարողությունները չեն պայմանավորում նրանց քանակական ցուցանիշներով: