Իրան-ԱՄՆ հակամարտություն

01/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Միջուկային ծրագրի կասեցման առնչությամբ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրացել է, եւ, ըստ ամենայնի, նախագահ Մահմուդ Ահմադինեջադը չի պատրաստվում ընդունել այն: Ավելին, այն չի ընդունում նաեւ երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալի Համենեին, ում խոսքը տվյալ, ինչպես նաեւ` մնացած բոլոր դեպքերում որոշիչ դեր է խաղում: Արդյոք ԱՄՆ վարչակազմն Իրաքում «ժողովրդավարության հաստատման» ձախողումից հետո կհամարձակվի՞ եւս մեկ, կանխավ ձախողման դատապարտված պատերազմ սկսել: Ահա թե որն է հարցը:

Վերջին հաշվով նախագահ Բուշը գրեթե կորցնելու ոչինչ չունի. նրա վարկանիշն ընկել է աներեւակայելի չափերով: Սակայն խնդիրը նույնիսկ դրանում չէ: Եվս մեկ պարտությունը հազիվ թե միավորներ ավելացնի հանրապետականների օգտին, որոնք իրենց իշխանության 8 տարիների ընթացքում գրեթե ոչնչի չեն հասել: Մյուս կողմից՝ Իրանի վրա հարձակումն արդեն վերածվում է համաշխարհային տերության հեղինակության խնդրի: Սակայն Իրանն Իրաք չէ: Իրանի նախագահ Մ. Ահմադինեջադը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ԱՄՆ ռազմական հզորությունից, եւ, որ ցանկացած հարձակում «խստորեն կպատժվի»: Նա նաեւ հայտարարել է, որ Իրաքում բռնության հրահրման վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքները սեփական անհաջողությունները թաքցնելու ԱՄՆ փորձն են: Օրերս Իրանի նախագահը հարցազրույց է տվել ԱՄՆ հեռուստատեսությանը, եւ պատասխանել է նախկինում Վաշինգտոնի կողմից առաջադրված պահանջներին: ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ իրենք ապացույցներ ունեն Իրանի կողմից Իրաքում շիա ապստամբներին զենք մատակարարելու վերաբերյալ: Նախագահ Բուշի վարչակազմը ժխտում է այդպիսի հարձակման ծրագրումը, սակայն, դրա հետ մեկտեղ` չի թաքցնում, որ Իրաքի գործերին Իրանի միջամտությունը կարող է հանգեցնել ռազմական պատժամիջոցների: «Չնայած նախագահ Ջորջ Բուշն ասել է, որ առայժմ քննարկվում են Իրանի խնդրի վերաբերյալ բոլոր տարբերակները, կարծում եմ, որ Իրանի վրա ռազմական հարձակումը քիչ հավանական է»,- «Turkish Daily News»-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ԱՄՆ քաղաքականությունը կայանում է դիվանագիտական ճանապարհով Իրանի կառավարության դիրքորոշումը փոխելու մեջ: Իր հերթին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բուշի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բուշի վարչակազմն իրեն վստահեցրել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում պատերազմ սկսել Իրանի դեմ: «Ամերիկյան կողմը մեզ վստահեցրել է, որ Պարսկական ծովածոցի տարածաշրջանում լրացուցիչ ուժերի եւ միջոցների ներկայությունն ուղղված է իրավիճակի կայունացմանը»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայն են այն հարցի շուրջ, որ Իրանի հետ հարկ է պայմանավորվածություն ձեռք բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգնությամբ: Նշենք, որ Իրան ներխուժման համար Բուշին հարկավոր է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը, որը հանդես է գալիս Իրաքյան պատերազմի դեմ: Անվտանգության հարցերով BBC մեկնաբան Ֆրենք Գարդները, վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրները, հաղորդում է, որ այդ դեպքում ԱՄՆ ծրագրերն արդեն հայտնի են եւ հնարավոր միջուկային օբյեկտների ռմբակոծությունից շատ ավելի հեռու են գնում: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի շտաբականներն արդեն նախանշել են այլ հնարավոր նպատակներ, այդ թվում՝ նաեւ Իրանի ռազմաօդային եւ ռազմածովային կայանները, հակաօդային օբյեկտները, հրթիռների պատրաստման գործարանները եւ հրամանատարական կետերը: Ֆլորիդայում Կենտրոնական հրամանատարության կողմից կազմված այդ նույն ցուցակում ընդգրկվել են Նաթանզում եւ Իսպահանում ուրանի հարստացման գործարանները, ինչպես նաեւ Արաքի եւ Բուշերի օբյեկտները: Մինչդեռ, անցյալ շաբաթ ազդեցիկ ժողովրդավար կոնգրեսականները նախագահ Բուշին նախազգուշացրել են այն մասին, որ նա անհրաժեշտ լիազորություններ չունի Իրանին պատերազմ հայտարարելու համար: Ճիշտ է, Բուշն ինքն ասել է դիվանագիտական ճանապարհով Իրանի հետ վեճը կարգավորելու իր մտադրության մասին, որից հետո Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ն. Փելոսին հայտարարել է, որ Կոնգրեսը պետք է «հստակորեն հասկացնի, որ ո՛չ այս նախագահը, ո՛չ էլ ԱՄՆ մեկ ուրիշ նախագահ լիազորություն չունեն հարձակվելու Իրանի վրա»: Այնուամենայնիվ,

ԱՄՆ-ը պետք է որոշում կայացնի Թեհրանի դեմ ռազմական ուժ կիրառելու կամ չկիրառելու շուրջ: Վաշինգտոնն, իհարկե, հույս չունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաջակցի իրադարձությունների այդպիսի ընթացքին, քանզի Անվտանգության խորհրդի մշտական անդամ թե՛ Ռուսաստանը, եւ թե՛ Չինաստանը բազմիցս հասկացրել են, որ կարգելափակեն Ամերիկայի վարչակազմին Իրանում ռազմական գործողություն սկսելու համար «կանաչ լույս» հանդիսացող ցանկացած բանաձեւ: Եթե ԱՄՆ վարչակազմն, այնուամենայնիվ, համարձակվի Իրան ռազմական ներխուժում իրականացնել, Հայաստանի համար ծանր իրավիճակ կստեղծվի առաջին հերթին տնտեսական ոլորտում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից նույնպես կարող է որոշ լարվածություն ստեղծվել. դեռեւս պարզ չէ, թե ինչպես իրեն կդրսեւորեն հարեւան երկրները, եւ, առաջին հերթին, Ադրբեջանը: Հենց նրան են վերագրում ԱՄՆ «հինգերորդ գաղութի» դերը` նկատի ունենալով երկրի հյուսիսում բնակվող 16 մլն էթնիկ ադրբեջանցիներին: Սակայն պարզ է՝ ինչ էլ որ լինի, Իրանի դեմ ռազմական գործողությունը հղի է ամենաանկանխատեսելի եւ բավականին վտանգավոր հետեւանքներով տարածաշրջանի ու Մեծ Մերձավոր Արեւելքի համար: