Սպասումը՝ կյանքի իմաստ

01/03/2007 Հասմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

– Ուզո՞ւմ ես պարեմ քո համար,- հարցրեց նա, ու աչքերը խնդրեցին ասել` այո:

– Չէ, արդեն պիտի գնամ,- ասացի ես:

– Ուզո՞ւմ ես երգեմ: Կամ արտասանեմ:

– Ուրիշ անգամ, լա՞վ: Հիմա իրոք պիտի գնամ:

– Դու գնում ես քո…,- մի պահ կանգ առավ, – տո՞ւն:

Նա մեկն է Նորքի Մանկան տանն ապրող 78 երեխաներից: Անհեթեթություն է, բայց ես հանկարծ ինձ մեղավոր զգացի, որ տուն ունեմ:

– Լավ,- ասացի ես,- մի քիչ էլ կմնամ:

Նա բարձրացավ բազմոցին ու դեմքիցս ետ տարավ մազերս:

– Դու արդեն մեծ աղջիկ ես,- ասաց լրջորեն,- մազերը պետք է սանրել ու հավաքել:

Իսկ ինքն ընդամենը 4-5 տարեկան է: Փոքրիկ կին: Անկասկած, նա երեխաների մեջ առաջնորդ է: Ոչ ոքի չի թողնում մի բառ ասել, պատասխանում է բոլորի փոխարեն ու իրեն անվանում է Մալինկա:

– Այ հիմա աչքերդ բացվեցին ու կարող ես տեսնել,- գոհունակությամբ ասաց նա ու մյուս երեխաների հետ ինձ քարշ տվեց խաղալիքները ցույց տալու:

– Նայի, իմ մեքենան հեռակառավարման վահանակով է, մայրիկն է բերել:

– Տե՛ս, ինչ փոքրիկ ինքնաթիռ է: Ամենափոքրն է աշխարհում: Մայրիկս է բերել, երբ եկել էր նախորդ անգամ:

Նրանք ունեն մեծ թվով խաղալիքներ, ամենատարբեր, սակայն նրանց համար ամենալավ, ամենաթանկ խաղալիքները նրանք են, որոնք մայրիկն է բերել: Նրանք ունեն դաստիարակներ եւ դայակներ, ովքեր սիրում են իրենց, հոգ են տանում իրենց մասին, բարկանում են իրենց վրա, ճիշտ մայրերի նման: Սակայն նրանք, միեւնույն է, անընդհատ սպասում են իրենց մայրիկին:

Կարենը Մանկան տանն ապրում է արդեն հինգ տարի: Նրան գտել են աղբակույտում, մեկ տարեկան հասակում: Մայրն իրեն այցելում է տարին մեկ անգամ, որպեսզի երկարացնի երեխայի՝ մանկատանը գտնվելու դիմումը: Որոշ երեխաների մոտ մայրերն ավելի հաճախ էին գալիս, եւ Կարենը տառապում էր: Դաստիարակները ստիպված էին համբերատար բացատրել տղային, որ իր մայրը հիվանդ է կամ շատ զբաղված, բայց շուտով անպայման կգա: Եվ նա հավատում էր ու սպասում: Սակայն վերջին այցելության ժամանակ մայրիկն ասաց, որ նրան տեղափոխում են Գավառի մանկատուն, քանի որ նա ունի մեկ այլ նորածին երեխա եւ չի կարող պահել իրենց երկուսին: Իսկ Մանկան տան օրենքով՝ վեց տարեկանը լրացած երեխաներին տեղափոխում են այլ մանկատներ: Կարենը շատ կապված է իր դաստիարակչուհուն: Կինն էլ սիրում է նրան հարազատի պես եւ ուրախությամբ կորդեգրեր նրան:

«Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ առանց նրա ապրելու,- ասում է նա արցունքն աչքերին,- կարծես հարազատ երեխայիս ուրիշին եմ տալիս»:

Սակայն օրենքը թույլ չի տալիս նրան որդեգրել Կարենին, քանի որ տղայի կենսաբանական մայրը, ով, ի դեպ, դատապարտվել էր վեց տարի ազատազրկման` գործած հանցանքի համար, իսկ հետո վերականգնել իր մայրական իրավունքը, պաշտոնապես չի հրաժարվել տղայից: Մալինկան երբեք չի տեսել մորը: Մանկան տուն նրան բերել են տատն ու պապը, երկուսն էլ` հիվանդ: Պապիկը, որ տեղաշարժվում է հենակներով, այցելում է նրան տարին մի քանի անգամ: Նա էլ է անընդհատ սպասում ու երեւի հարցնում բոլորին, ով իրեն այցելում է, ինչպես հարցրեց ինձ.

– Ուզո՞ւմ ես իմ մայրիկը լինել:

Նորքի Մանկան տունը միակն է Հայաստանում, որ սպասարկում է երեխաներին ծնվելու պահից: Երեխաներն ապրում են այստեղ մինչեւ վեց տարեկանը լրանալը, հետո, եթե ոչ ոք նրանց չի որդեգրում, տեղափոխվում են այլ մանկատներ:

Մանկան տուն ընդունում են ընկեցիկներին, միայնակ ծնողների, ազատազրկման վայրում կամ բուժման մեջ գտնվող ծնողների երեխաներին: Մանկան տունը գործում է 1937 թվականից: Սովետական Միության տարիներին կային շատ դեպքեր, երբ երեխաներին գտնում էին այգու նստարանին կամ աղբանոցում: Հաճախ երիտասարդ կանայք բերում էին իրենց ապօրինի նորածիններին, որովհետեւ իրենց հայրերը կամ եղբայրները հրամայում էին ազատվել «ամոթալի» երեխայից:

Մանկան տան տնօրեն Լիանա Կարապետյանն ասում է, որ վերջին տարիների ընթացքում նման դեպքերը գրեթե վերացել են. հիմա հիմնական պատճառը, որը մայրերը նշում են իրենց դիմումի համապատասխան բաժնում, սոցիալականն է: Այդ կանանց 90%-ը չունեն մշտական բնակավայր: Որոշ մայրեր ընդմիշտ հրաժարվում են իրենց երեխաներից: Մյուսները գրում են երեխային ժամանակավորապես մանկատուն հանձնելու դիմում: Մանկան տանը ծնողին, ով չի հրաժարվել իր զավակից, թույլ են տալիս երեխային այցելել ամեն ուրբաթ: Եթե ծնողը չհայտնվեց մեկ տարի, Մանկան տան ղեկավարությունը դիմում է դատարան, եւ դատարանն է որոշում՝ պահպանե՞լ նրա ծնողական իրավունքը, թե՞ ոչ:

Տարեկան Մանկան տունը սպասարկում է շուրջ 100-140 եւ ընդունում է մինչեւ 70 երեխաների: Մանկան տան տնօրենը, ով այստեղ աշխատում է քսանվեց տարի, ասում է, որ գրանցվող երեխաների քանակի ստույգ վիճակագրություն չկա: Խորհրդային ժամանակներում միայնակ մայրերը պետությունից ստանում էին բնակավայր եւ դոտացիա, սակայն այն ժամանակ էլ լքված երեխաների քանակը փոքր չէր: Այն ժամանակ Հայաստանի բնակիչների թիվն ավելի մեծ էր, իսկ մանկատները` երկու անգամ քիչ (ներկայումս կա ութ պետական եւ 4 մասնավոր մանկատուն):

Ամեն տարի երեխաների 20-25%-ը վերադառնում է իր կենսաբանական ընտանիք, 20-25%-ը որդեգրվում է, շուրջ 10%-ը տեղափոխվում է այլ մանկատներ:

Բոլոր առողջ երեխաները գործնականում որդեգրվում են վաղ հասակում: Առաջնությունն, իհարկե, տրվում է Հայաստանի քաղաքացիներին, հետո` սփյուռքահայերին, այնուհետեւ` օտարերկրացիներին: Օտարերկրացիներին մեծ մասամբ բաժին են ընկնում հիվանդ երեխաներ: Երեխաներին որդեգրել կարող են այն երկրների քաղաքացիները, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ ունի:

Որդեգրումը երկար եւ բարդ գործընթաց է եւ կապված է մեծ ռիսկի հետ:

«Մենք պրակտիկորեն չգիտենք` ովքեր են այս երեխաների մայրերը, որքանով են նրանք առողջ: Դիմումում մայրը պետք է նշի, որ հաշվառված չէ թոքախտային, վեներամաշկային եւ փսիխո դիսպանսերներում, ինչպես նաեւ, թե ինչ հիվանդություններ է ունեցել, արդյոք ընտանիքում եղե՞լ են հոգեկան շեղումներ: Սակայն, մենք երբեք չգիտենք՝ որքանով է իր պատասխանը համապատասխանում ճշմարտությանը: Բացի այդ, նա գրում է միայն իր առողջության մասին, բայց չէ՞ որ կա նաեւ երեխայի հայրը, ով, որոշ դեպքերում, հայտնի չէ նույնիսկ կնոջը»,- ասում է Լ. Կարապետյանը: Եթե որդեգրողը ցանկանում է, անցկացվում է վարակաբանի եւ նյարդաբանի հետազոտում, սակայն դա էլ ոչ մի երաշխիք չի տալիս: Երեխայի մոտ կհայտնաբերեն այն հիվանդությունները միայն, որոնք արտահայտված են տվյալ պահին: Իսկ շիզոֆրենիան, օրինակ, արտահայտվում է միայն տասնչորս տարեկանում: Այդ դեպքերում որդեգրողն իրավունք ունի վերադարձնել երեխային, եթե դատարանի միջոցով ապացուցի, որ դրա համար լուրջ հիմքեր ունի:

Լիանա Կարապետյանն ասում է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ինը տարիների ընթացքում տհաճ դեպքեր են եղել: Օրինակ` որդեգրել են տղային երեք ամսական հասակում, հետո պարզվել է, որ նա խուլ է: Մյուս երեխային որդեգրել են երկու տարեկանում, իսկ մեկ տարուց նրա մոտ գլխի ուռուցք են հայտնաբերել: Ամերիկահայերի որդեգրած աղջիկը մեկուկես տարեկանում սկսել է կորցնել լսողությունը: Ամերիկացի բժիշկներն ասել են, որ, քանի որ երեխան անհաս է ծնվել եւ նրան պահել են կյուվեզում, նա, հավանաբար, կշարունակի կորցնել լսողությունը:

Սակայն առայսօր Մանկան տանը չի գրանցվել երեխայի վերադարձի եւ ոչ մի դեպք:

Մանկան տանը երեխաների հետ աշխատում է հոգեբանը, սոցիոլոգը, երաժշտական մանկավարժը: Յուրաքանչյուր բաժանմունքում (տարիքային խմբում) կա դաշնամուր: Երեխաները հանդեսներ են կազմակերպում Նոր տարուն, Մայրերի տոնին, Երեխաների պաշտպանության օրը, նրանց հետ տարվում են տարրական պարապմունքներ:

«Այն երեխաները, որոնցից ծնողները չեն հրաժարվել, եւ ում այցելում են, սուր հոգեբանական տրավմա չունեն: Նա տեսնում է ծնողին, բայց չի տեսնում տունը: Նա կարծում է, որ այդպես էլ պետք է լինի: Այլ բան է երեխան, ում գտել են փողոցում, ով գիտի՝ ինչ է տունը, անհատական ընտանիքը: Չէ՞ որ մեզ մոտ, այնուամենայնիվ, կոլեկտիվ դաստիարակում է: Բոլոր երեխաներին սիրում են «խմբովի»: Դաստիարակներն, իհարկե, ունեն «սիրելի երեխաներ», սակայն պետք է սիրեն բոլորին: Չսիրել մեզ մոտ գոյություն չունի: Նման կանայք չեն գա այստեղ աշխատելու. աշխատանքը շատ ծանր է, իսկ պահանջները՝ մեծ:

Այսօր մենք ունենք տաք ջուր, շենքը գազիֆիկացված է, երբ ընդունում էի մանկատունը, այդ ամենը չկար, էլ չասած` այնպիսի բաներ, ինչպես խոնավ անձեռոցիկներն ու տակդիրները: Արդեն երեք տարի է, ինչ պետությունն ամբողջովին ֆինանսավորում է մեզ, մենք արդեն վաղուց չենք գնում հագուստ, խաղալիքներ, այդ ամենը մեծ քանակությամբ ուղարկում են բարերարները»,- ասում է Լիանա Կարապետյանը: Սակայն, որքան էլ լավ պայմաններ ապահովի մանկատունը, այնտեղ ապրող երեխան ետ է մնում ընտանիքում մեծացող երեխայից: Ընտանիքում մի երեխայով զբաղվում են մայրը, հայրը, տատիկը, պապիկը, էլ չասած` մնացած հարազատները, բարեկամներն ու հարեւանները: Իսկ այստեղ տասը երեխային հասնում է երկու դայակ:

Երեխաների համար յուրաքանչյուր այցելություն տոն է: Ընդ որում՝ հարազատ ու օտար նրանց համար գոյություն չունի, լինեն դրանք ամսակա՞ն, թե՞ ավելի բարձր տարիքի երեխաներ: Նրանք ժպտում են բոլորին, քնքուշ են բոլորի հետ, եւ երբ խոստանում ես իրենց, որ էլի կգաս, հավատում են, հիշում եւ պատրաստ են սպասել:

«Ի՞նչ բերեմ ձեզ, երբ գամ հաջորդ անգամ»,- հարցրեցի ես: Մալինկան մոտեցավ ինձ ու իրեն բոլորովին ոչ հատուկ երկչոտությամբ խնդրեց… Ի՞նչ կխնդրեին նրա տարիքի երեխաները: Խաղալի՞ք: Շոկոլա՞դ…

– Կգրկե՞ս ինձ,- ասաց նա:

Ես գրկեցի նրան: Նա ձեռքերով ամուր գրկեց պարանոցս ու սեղմվեց ինձ իր փոքրիկ, տաքուկ մարմնով: Ինչպես, երեւի, կսեղմվեր իր մայրիկին:

www.hetq.am