Եկեղեցու ճամփան անմխիթար վիճակում է

01/03/2007 Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ

Ներքին Շենգավիթում 1991 թվից գործում է Սբ. Զորավոր Խաչ եկեղեցին, որը կառուցվել է անհատի` Ռուբիկ Գասպարյանի ջանքերով:

Ժողովրդին առավել հայտնի Խաչքարը` իր փոքրիկ, սակայն գեղեցիկ բակով, երբեմն ժամադրավայր է հանդիսանում, ինչն այնքան էլ դուր չի գալիս տարեց հավատացյալներին:

Եկեղեցու տարածքում` գմբեթարդ կառույցի ներքո մի քար է դրված, որն էլ հիմք է հանդիսացել եկեղեցի կառուցելու համար:

Ռ. Գասպարյանի մահվանից հետո նրա գործը շարունակում է աղջիկը` Հռիփսիմե Գասպարյանը: Պատմում են, որ Ռ. Գասպարյանը մի քանի անգամ երազ է տեսել, որտեղ նրանից պահանջել են տեր կանգնել քարին, իսկ վերջինս սեփական միջոցներով եւ ծանոթների ու բարեկամների աջակցությամբ սկսել է եկեղեցու շինարարությունը: Ասում են, որ քարը հին եկեղեցուց է մնացել: Իսկ դեռեւս 1980-ականներին երիտասարդները երկաթի կտոր են դրել քարի մոտ` մոմ վառելու համար, իսկ քարի վրա եղել եւ պահպանվում է քար կպցնելու ավանդույթը, ըստ որի, եթե փոքրիկ քարը շփես Սուրբ քարի (ինչպես ժողովուրդն է ասում` Խաչքարի) հետ, եւ այն կպած մնա, ապա նպատակներդ կիրականանան:

– Այս եկեղեցին շատ եմ հավանում: Երբ եւ ինչ նպատակով եկել եմ` իրականացել է,- պատմում է այցելու տիկին Լուսյան:

Սակայն այսօր եկեղեցին ունի մի շարք խնդիրներ, որոնք հնարավոր կլինի լուծել միայն որոշ գումարի առկայության դեպքում:

– Շուրջ երեք տարի է, ինչ եկեղեցու պատերին ճաքեր են հայտնվել: Անցյալ տարի մի քանի հոգով գումար հավաքեցինք` տանիքը եւ ներսը ներկեցինք, քանի որ ծխից սեւացել էր: Եկեղեցում լույս չկա: Չորս տարի այն երկու հարկանի տան տերն է տվել,- ձեռքով ցույց է տալիս Ռ. Գասպարյանի կինը` Սիլվա Գասպարյանը, ապա նայում երկինք եւ ավելացնում,- գոհ ու շնորհակալ ենք:

Չնայած եկեղեցու պատերի ճաքերին` առաջնային խնդիր է համարվում եկեղեցի բերող ճանապարհը, որն անձրեւոտ օրերին անանցանելի է դառնում: Խաչքար այցելողների թիվը քիչ չէ, սակայն ավելանում է հատկապես եկեղեցական տոների օրերին:

Հռիփսիմե Գասպարյանն ամեն ամսվա 26-ին հաշվետվություն է ներկայացնում Սուրբ Սարգիս եկեղեցի եւ այնտեղից էլ մոմ է ձեռք բերում. «Եկեղեցու վիճակին ծանոթ են, թե Սուրբ Սարգիսում, որի «մասնաճյուղն» է համարվում, թե Մայր Աթոռում, որին «նվիրաբերել» ենք, քանի որ եկեղեցին անհատինը լինել չի կարող: Մի քանի ամիս առաջ Մայր Աթոռի ճարտարապետը եկավ, նայեց, գնաց: Սուրբ Սարգսից մոմ վերցնելուց Սրբազանի քարտուղարուհուն ասում եմ, որ փոխանցի եկեղեցի տանող ճանապարհի վատ վիճակի մասին, բայց դե ոչ մի բան չեն անում»,- ասում է նա:

«Ռուբիկը միշտ ասում էր` մինչեւ կյանքիս վերջը սարքելու եմ եկեղեցին: Բայց ինքը շուտ մահացավ, իսկ եկեղեցին ու ճանապարհը վատ վիճակում են: Էլ արդեն չեմ հավատում, թե մի բան կանեն, մի բանով կօգնեն,- ձեռքը հուսալքված թափահարելով` ասում է Ռ. Գասպարյանի կինը՝ Սիլվա Գասպարյանը: