«Ուրացողներին» «չուրացան»

01/03/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Հերթական համաշխարհային շոուն ավարտվեց: Ամերիկյան կինոակադեմիան փետրվարի 25-ին 79-րդ անգամ բաժանեց իր «Օսկարները»: Ինչպես եւ ակնկալվում էր, արդեն ժամանակն էր, որ տաղանդավոր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ոսկե արձանիկով դուրս գար Լոս Անջելեսի «Կոդակ» թատրոնից:

Սակայն, «Օսկարը» բաժին հասավ ոչ միայն անձամբ Սկորսեզեին, այլեւ նրա «Ուրացողները» ֆիլմին, որն, ընդհանուր առմամբ, արժանացավ ամենաշատ` 4 մրցանակի: Արդյունքում, տուժեց ավելի հզոր ժապավեն` մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բաբելոնը»: Վերջինս միակ «Օսկարին» արժանացավ արգենտինացի տաղանդավոր կոմպոզիտոր Գուստավո Սանտաոլալայի երաժշտության շնորհիվ: Արձանիկների թվով երկրորդ տեղում մեքսիկացի Գիլյերմո Դել Տորոյի «Պանի լաբիրինթոս» ժապավենն էր, որն «Օսկարների» արժանացավ նկարչի, դիմահարդարի եւ օպերատորի աշխատանքների շնորհիվ: Բայց ակնհայտ է, որ այս տարի Ամերիկյան կինոակադեմիան անցյալ տարի համաշխարհային կինոյում աչքի ընկած մեքսիկացիների նկատմամբ այդքան էլ լավ տրամադրված չէր: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում «Պանի լաբիրինթոսին» հաղթեց գերմանական «Ուրիշների կյանքը» ժապավենը: Երկու «Օսկարի» արժանացավ «Փոքր միսս Երջանկություն» կատակերգությունը: Այդ ֆիլմի երկրորդ պլանի դերակատար Ալան Արկինն արժանացավ «Օսկարի»` անսպասելիորեն հաղթելով Էդի Մերֆիին («Երազանքի աղջիկներ»): Փոխարենը, «երազանքի աղջիկ» Ջենիֆեր Հադսոնը տարավ իր արձանիկը: Լավագույն դերասան ճանաչվեց Ֆորեստ Ուիտակերը` «Շոտլանդիայի վերջին թագավորը» ֆիլմում Ուգանդայի բռնապետին մարմնավորելու համար: Իսկ Մեծ Բրիտանիայի թագուհու դերի համար «Օսկարը» ստացավ ծագումով ռուս, սակայն բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենը (իսկական անունը` Ելենա Միրոնովա): Ի դեպ, սա նույնպես «Թագուհին» ֆիլմի միակ արձանիկն էր: Որպես լավագույն անիմացիոն ֆիլմ` «Օսկարի» արժանացավ «Պինգվինների երթը», իսկ լավագույն փաստագրական ֆիլմ ճանաչվեց «Անհարմար ճշմարտությունը», որն արձանիկի արժանացավ նաեւ երգի համար:

Այսպիսով, համաշխարհային կինոյի` անցյալ տարվա «պտուղներին» գնահատական տալու գործընթացն ավարտվեց: Նկատենք հետաքրքիր զուգադիպություն: Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան գլխավոր «Ոսկե գլոբուսը» շնորհեց «Բաբելոնին», իսկ որպես արտասահմանյան ֆիլմ` Քլինթ Իսթվուդի «Նամակներ Իվո Ձիմայից» ժապավենին: Ալմոդովարի «Վերադառնալը» տարբեր մրցանակներ էր ստանում մի շարք փառատոներում եւ գլխավոր մրցանակը ստացավ հայրենիքում` Իսպանիայում: Ֆրանսիական կինոակադեմիան լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչեց «Փոքր միսս Երջանկությունը», իսկ Բրիտանական կինոակադեմիան գնահատեց «Թագուհու» հմայքը: Եզրափակելու հերթը հասել էր Ամերիկյան կինոակադեմիային, իսկ վերջինս ոչ մի կերպ չցանկացավ «ուրանալ» սեփական «Ուրացողներին»: