«Այո եւ ոչ միայն»

28/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայրենի ընդդիմությունն ընտրությունների նախաշեմին երկու մասի է բաժանվել: Մի մասը գտնում է, որ ընտրություններին պետք է մասնակցել մի մեծ դաշինքով, իսկ մյուս մասը՝ հակառակը, գտնում է, որ ընտրություններին պետք է մասնակցել առանձին-առանձին: Ընդ որում, այս վերջին տեսակետի կողմնակիցներն իրենց այդ տեսակետը «հիմնավորում են» ապշեցուցիչ տրամաբանությամբ:

Ըստ այդմ, եթե ընդդիմությունը միասնական հանդես գա, ապա դրանով կհեշտանա իշխանությունների գործը, որոնք կպայքարեն ընդամենը մի ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ չմիավորվելն այսկերպ «հիմնավորողներից» յուրաքանչյուրն արդեն մի քանի անգամ բացահայտվել է` որպես ընդդիմության դաշտում դրված «ական»: Ու այս հիմնավորմամբ նրանք թերեւս փորձում են կրկին խաղալ ընդդիմադիրի՝ իրենց վերապահված դերը: Պատկերացնո՞ւմ եք, արդեն օգտագործված «ականները» նորից ուզում են «ական» աշխատել կամ, այլ կերպ ասած՝ փորձում են դիմացինին դնել հայտնի բեռնակիր կենդանու տեղը: Սակայն ամբողջ դժբախտությունն էլ այն է, որ չի բացառվում, որ դա նրանց հաջողվի: Համենայնդեպս, ընդդիմադիր դաշինք ստեղծելու շուրջ ընթացող բանակցությունները մինչ օրս որեւէ արդյունք չեն տվել: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմության մի մասը՝ ի դեմս ԱԺՄ, «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ նաեւ այլ կուսակցությունների, ձեւավորի նախընտրական դաշինք: Երեկ «Ուրբաթ» ակումբում «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե «քաղաքական հանգուցալուծումների մասին» կհայտարարվի մարտի 2-ին, ժամը 12-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Իսկ մինչ այդ «խորհրդակցությունները, որոնումները, փնտրտուքները» շարունակվում են: «Ժառանգության» առաջնորդի խոսքերով՝ եղել են ամենատարբեր՝ միջանձնայինից մինչեւ գաղափարական, կազմակերպչական, նյութական դժվարություններ «եւ իհարկե այն, ինչը միգուցե բնական է քաղաքական դաշտում, որ յուրաքանչյուրի շրջապատը, կուսակցությունն ուզում է, որ իր գործընկերը, իր լիդերը դառնա համընդհանուր»: «Եվ կարծում եմ, որ այդ հոգեբանական խնդիրն է, որ պետք է հաղթահարվի»,- ասաց նա ու հավելեց, թե ընդդիմության միավորումը ցանկալի է եւ հնարավոր: Ր. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքը «մեծ ընդդիմադիր լուծումների» կողմնակից է, այլ ոչ թե` «մասնավոր, փոքրիկ, եսակենտրոն լուծումների, որոնք անցողիկ շահերն են սպասարկում»: «Հուսով եմ, որ այդ առավել մեծը՝ թե՛ քանակով, թե՛ որակով կկայանա»,- նշեց նա: Միաժամանակ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքը «կարիերիստ» չէ ու պատրաստ է ցուցակում լինել երկրորդը, 10-րդը…: «Ես հարգում եմ իմ գործընկերների որոշումը, եթե որոշեն առանձին գնալ, դա իրենց խնդիրն է: Ես ուղղակի կարծում եմ, որ սխալ է: Հայաստանի իրական վիճակից ելնելով, մարտավարական, գաղափարական եւ քաղաքացիական մեծ սխալ է: Եվ ես իմ համեստ լուման պետք է բերեմ, որ կայանա այդ ավելի մեծ լուծումը: Ինձ մոտ ցուցակի հարց կամ հերթականության խնդիր չկա: Սոսկ արդյունավետության եւ իրական ոչ միայն ցուցակային, իրական այլընտրանք ներկայացնելու խնդիր կա»,- նշեց նա: Իսկ կմիանա՞

Ր. Հովհաննիսյանն «իմպիչմենտ նախագծին»: Հիշեցնենք, որ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն ընդդիմությանն առաջարկել է ձեւավորել «Իմպիչմենտ» միասնական համամասնական ցուցակ, այդ ցուցակով մտնել խորհրդարան ու Ռոբերտ Քոչարյանին իմպիչմենտի ենթարկել: «Ես «իմպիչմենտ» դաշինքի մասին տեղեկություններ չունեմ: Ուղղակի մամուլի հպանցիկ ընթերցումից գիտեմ, որ նման առաջարկով հանդես եկել է «Հայկական ժամանակ» օրաթերթը կամ «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչը: Ես հարգում եմ այդ նախաձեռնությունը: Միաժամանակ, ես որքան հասկացել եմ այդ կազմակերպության իմաստը, նա արդարացիորեն քաղաքական դաշտով մեկ նկատողություն էր ուղարկել, անգամ ընդդիմադիրներին, որ չի կարելի սոսկ իշխանափոխության կամ մեխանիկական ինչ-որ հեղափոխության կոչեր կատարել, այլ պետք է լինի բովանդակային, ծրագրային, կանխորոշված այլընտրանք: Ես համամիտ եմ դրան, եւ ինձ թվում է, որ այդ առաջարկը, գոնե առաջին մատուցմամբ, հակասում է դրան»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ եթե գործող նախագահը կատարել է այնպիսի գործեր, որոնք իմպիչմենտի հիմք են, ապա պետք է հետապնդել այդ նպատակը: Միաժամանակ, ըստ «Ժառանգության» առաջնորդի, իմպիչմենտի պետք է ենթարկել մեր վերջին շրջանի իշխանաձեւը, այս իշխանակարգը: «Իմպիչմենտի պետք է ենթարկել այդ մտայնությունը, ըստ որի՝ գյուղապետարանների, քաղաքապետարանների վրա փակցվում է կուսակցական ցուցանակ: Իմպիչմենտի պետք է ենթարկել մեր անվտանգության ծառայությունների այն շերտերը, ովքեր ազգային անվտանգությունը թողած` կամ բիզնես են անում, կամ հետապնդում են սեփական քաղաքացիներին, վախեցնում, ահաբեկում…»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ որոշ նախաձեռնող խմբեր՝ Արագածոտնից, գյուղերից, քաղաքից, առաջարկել են մեծամասնական ընտրություններով իր մասնակցությունը: «Հաջորդող օրերին Նալբանդյան փողոցից (այս փողոցի վրա գտնվում է ԱԱԾ շենքը.- Ռ.Թ.) գործուղվել է մի խումբ՝ հասկանալու համար, թե ովքե՞ր են այդ նախաձեռնողները, ի՞նչ թույլ օղակներ ունեն, ի՞նչ գործ ունեն նման առաջադրանք անելու համար,- ասաց Ր. Հովհաննիսյանն ու հավելեց,- Իմպիչմենտի պետք է ենթարկել այն հոգեբանությունը, այն մտայնությունը, այն աշխատակարգը, ըստ որի, երկրի դատախազությունը, փոխանակ ինքը նախաձեռնի, որ իր պետության քաղաքացու իրավունքները պաշտպանի, կոծկում է, փակում է…: Իսկ «Ռ. Քոչարյանին իմպիչմենտ հայտնելու հիմքեր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Եվ երկրորդ. կա՞ն այնպիսի կուսակցություններ, որոնք, չէիք ցանկանա, որ լինեն Ձեր ասած այդ ընդդիմադիր մեծ դաշինքի մեջ՝ ռուսամետության կամ անցյալի հետ ունեցած խնդիրների պատճառով» հարցին Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Առաջին հարցին` այո եւ ոչ միայն, երկրորդին՝ ոչ»: Իսկ ընտրություններին միայնակ գնալը նա «Հայաստանի համար» սխալ է համարում, թեեւ որպես «ամենապահեստային տարբերակ»` չի բացառում, որ «Ժառանգությունն» էլ միայնակ գնա ընտրություններին:

Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նշեց նաեւ, որ մարտի 4-ին կլրանա առաջին տարին, ինչ «ժառանգության» գրասենյակը «փակի տակ է»: Նրա խոսքերով՝ օրենքը պահանջում է, որ ցանկացած գրանցման համար գրանցվի կուսակցության կանոնադրության բնօրինակը, իսկ «Ժառանգության» կանոնադրության բնօրինակը գտնվում է «ապօրինի ձեւով փականի տակ գտնվող այդ գրասենյակի մեջ»: Այս հարցով կուսակցությունը դիմել է պատկան բոլոր մարմիններին, սակայն պատասսխան չի ստացել: