Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անցած տարեվերջին ստուգումներ էր անցկացրել ձվի, շաքարավազի, մսամթերքի, կարագի, գարեջրի, ինչպես նաեւ` դիզելային վառելիքի, ցեմենտի, գաջի եւ լայն սպառման այլ ապրանքների շուկաներում: Ստուգումների պատճառը տարեվերջին տեղի ունեցած գների անհիմն բարձրացումն էր: Հանձնաժողովն ապրանքային այս շուկաներում նկատել էր գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության տարրեր, որի արդյունքում էլ նշված ապրանքները թանկացել էին: Ուսումնասիրություններից հետո հանձնաժողովն ապրանքային այս շուկաներում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերությունների նկատմամբ որոշեց վարչական վարույթ սկսել: 17 տնտեսվարող սուբյեկտներ պետք է իրենց գործունեության մասին տեղեկություններ տրամադրեին: Երեկ լրացավ տեղեկություններ տրամադրելու ժամկետը: Հիմա արդեն հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ստացած տեղեկատվությունը, որից հետո կտեղեկացնի՝ այս 17 ապրանքային շուկաներում կա՞ արդյոք գերիշխող դիրքի չարաշահում եւ հակամրցակցային համաձայնություն: Իսկ մինչ այդ ԱԺ-ն ընդունեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության» եւ «Ստուգումների մասին» օրենքներում փոփոխություններ անելու օրենքները, որոնցով հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններ են տրվում: Եթե մինչեւ հիմա հանձնաժողովն իրավունք չուներ տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ անցկացնել եւ հակամրցակցային համաձայնությունը գնահատել երեւույթներով, ասենք, գների կտրուկ բարձրացմամբ, ապա օրենսդրական այս փոփոխություններով հանձնաժողովի իրավունքներն ընդարձակվում են նաեւ այս լիազորություններով: Պարզապես նոր օրենքը չի տարածվելու վերը նշված 17 ապրանքային շուկաների ուսումնասիրությունների վրա: