Փետրվարի 20-ին «Նոյյան տապանը» լուր էր տարածել, համաձայն որի` «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետի տնօրեն Կարեն Ջանոյանն անձնակազմի որոշ անդամների հետ ազատվել է աշխատանքից: Ըստ «ՆՏ»-ի, դրա պատճառը եղել է ապրանքների անօրինական ներկրումը: Իսկ «Panorama.am» կայքի աղբյուրների համաձայն, ապօրինի ճանապարհով ՀՀ է ներկրվել բջջային հեռախոսների մեծ քանակություն: «Դրանք չեն մուտքագրվել ո՛չ բեռնափոխադրումների համալիրում, ո՛չ պահեստում, ո՛չ էլ, բնականաբար, մաքսազերծվել են: Այսպիսով, դուրս են մնացել հարկային ու մաքսային վերահսկողությունից: Այդ կապակցությամբ, ձերբակալվել են մի շարք ներկրողներ, աշխատանքից ազատվել են «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան պետը, հերթափոխի պետեր, գնահատման բաժնի պետը եւ մի շարք այլ պաշտոնյաներ: Իսկ մի խումբ անձինք կալանավորված են, եւ քննությունը վարում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը»: Կայքի հարցմանը Մաքսային պետական կոմիտեից պատասխանել են, որ ապօրինի ներկրված բջջային հեռախոսների մասին լուրեր չունեն, հակառակ դեպքում` կհայտարարեին այդ մասին: Իսկ աշխատակիցների մասով մեկնաբանել են, թե տեղի ունեցած կադրային փոփոխությունները պայմանավորված են զուտ բարեփոխումներով: «Այս տարի ծրագրված է ՀՀ պետական բյուջե հավաքագրել 180,1 մլրդ դրամի մաքսային մուտքեր: Նման բարձր ցուցանիշների ապահովման պայմաններում առանձնահատուկ կարեւորություն են ստանում վարչարարության կատարելագործումն ու բոլոր տարածքային մաքսային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատանն իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, եւ մի շարք ղեկավար կազմի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից»,- պատասխանել են Մաքսային կոմիտեից: Մեր աղբյուրների հավաստմամբ, Կարեն Ջանոյանն ընդհանրապես հեռացվել է մաքսային համակարգից: