Բջջային հեռախոսը մեր կյանք մտավ 1997թվին: Սկզբից հայտնվեց որպես թանկ հաճույք եւ իր գոյությամբ կտրուկ ավելացրեց տիրոջ հմայքը: Նախ՝ որ բջջային քարտերի բաժանորդագրությունը խիստ սահմանափակ էր ու գործում էր միայն պայմանագրային տարբերակը (SIM քարտը), եւ հետո՝ բարձր հեռախոսավարձի ու րոպեավճարի պատճառով քչերի համար էր մատչելի: Կյանքի առաջին տարիներին բջջային հեռախոսի հիմնական ֆունկցիան՝ որպես կապի միջոց, ունեցավ երկրորդական նշանակություն, առաջնային էր, ինչպես նշեցինք, թանկ հաճույքի ֆունկցիան: Այդ հաճույքը կարողացան իրենց թույլ տալ հիմնականում պաշտոնյաներն ու մեծահարուստները: Բջջային ապարատի շլացնող գոյությունը մեկ անգամ եւս ինքնավստահություն ու մեծ հնարավորություններ ունեցողի զգացողություն պարգեւեց սեփականատիրոջը: Այդ ապարատը ձեռքին բռնողը մոգական ազդեցություն էր թողնում դիմացինի վրա: Իսկ բջջային ապարատի առքուվաճառքն այս քիչ պահանջարկի դեպքում շատ կցկտուր բնույթ ուներ: Հայերն արտասահման գնալիս հետները բերում էին կամ արտասահմանյան բարեկամներից էին նվեր ստանում: Երբ թողարկվեցին կանխավճարային քարտերը (EasyCard), ծածկույթի գոտին մայրաքաղաքից ընդլայնվեց դեպի մարզերը եւ բաժանորդների թիվն ավելացավ, մեր հասարակությունն արդեն սկսեց ընտելանալ շարժական կապի գոյությանը: Ու բջջային հեռախոսը մատչելի դարձավ մի քիչ ավելի լայն շրջանակների համար: Գործարարներն էլ սկսեցին զբաղվել բջջային հեռախոսների եւ դրանց աքսեսուարների արդեն կանոնավոր առքուվաճառքով: Իհարկե, այն չափով, ինչ չափով «ԱրմենՏելն» է «թույլ տալիս»: «ԱրմենՏելն» ունի բջջային հեռախոսակապի մոտ 205.000 բաժանորդ, այսինքն, ճիշտ այդքան էլ ապարատ է այսօր աշխատում: Շատ քչերն են իրենց ապարատը հաճախակի փոխում, հիմնականում օգտագործում են մինչեւ «վերջ», իսկ նորը գնելիս հինը վաճառում են: Բջջային ապարատներն ու դրանց աքսեսուարները ներկրվում են հիմնականում Ռուսաստանից եւ Դուբայից: Այս ապրանքատեսակի վաճառքով զբաղվում են ինչպես էլեկտրոնային սարքավորումների բիզնեսով զբաղվող կազմակերպությունները, այնպես էլ՝ ամենատարբեր անհատ ձեռներեցներ: Այնպես որ, այս ոլորտում շրջանառությունը մեծ չէ ու կախված է «ԱրմենՏելի» քմահաճույքից: Մի ժամանակ նույնիսկ «ԱրմենՏելը» քարտի հետ միասին պարտադրում էր իրենցից գնել նաեւ ապարատը: Հավանաբար ներսից ինչ-որ մեկը որոշել էր օգտվել իր հնարավորությունից, բայց դա կարճ տեւեց: «Հոգնած բիզնես է,- ասում է բջջային հեռախոսների առքուվաճառքով զբաղվող Արմենը: -Մի քիչ աշխուժանում է, երբ իզիների նոր խմբաքանակ է վաճառվում: Մնացած դեպքերում վաճառվում է օրը մեկ-երկու, հազվադեպ՝ չորս, հինգ հատ, բոլորի մոտ էլ էդպես է: Ռուսաստանում հեռախոսների խանութում ես տեսել եմ՝ նորը առնելուց, հինը գցում են աղբամանը: Անկեղծ ասած, զարմացա, մոտեցա-նայեցի՝ աղբամանները լիքը ապարատ էր: Ամոթ չլիներ՝ կհավաքեի-կբերեի: Իմիջիայլոց, այնտեղ ապարատն էլ կապի նման էժան է»: Ի դեպ, հարեւան Վրաստանում էլ բջջային կապն ու ապարատը համեմատաբար էժան են: Հայաստանի՝ Վրաստանին սահմանամերձ շրջանների՝ Տաշիրի, Նոյեմբերյանի, Ալավերդու բնակչությունն օգտվում է կապի վրացական ծառայությունից, ապարատն էլ գնում են Վրաստանից: «ԱրմենՏելը» հայտարարել է, թե շուտով սկսելու է անսահմանափակ քանակությամբ իզիներ վաճառել,- շարունակում է Գագոն,- այդ ժամանակ արդեն նորմալ առեւտուր կլինի: Չնայած, ասեմ՝ սկզբում տռուբկեքը մի քիչ կթանկանան, հետո կսկսեն ավելի էժանանալ»: Այս ամենից պարզ է, որ ի տարբերություն մյուս ապրանքատեսակների, այս ոլորտում դեռ մենաշնորհային կամ տանիքային վերահսկողություն չկա: Երեւի թե կլինի այն ժամանակ, երբ պահանջարկն ավելի մեծանա: Այնպես որ, բջջային հեռախոսի թանկ հաճույքը Հայաստանում դեռ երկար կշարունակվի պահպանվել: