«Moody’s Investors Service» միջազգային ռեյտինգային ընկերությունը, որը վարկանշավորում է պետական եւ առեւտրային հաստատություններին, առաջին անգամ ռեյտինգ է շնորհել հայկական առեւտրային բանկի:
1909թ. հիմնադրված «Moody’s»-ը մինչեւ այժմ վարկանշավորել է աշխարհի մոտ 1000 բանկերի: «Հայէկոնոմբանկը» (ՀԷԲ) ստացել է ֆինանսական կայունության E+ եւ երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով B1 ռեյտինգները: Երեկ հրավիրված ասուլիսում բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանն ասաց, որ «Moody’s»-ի փորձագետները Հայաստան են ժամանել անցյալ տարվա հոկտեմբերին եւ վերլուծել են ՀԷԲ-ի գործունեության նախորդ 3 տարիների արդյունքները: Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հայաստանյան ներկայացուցիչը նշեց, որ այս վարկանիշը վստահություն է ներշնչում «իրենց նման» կազմակերպություններին, որպեսզի նրանք խորացնեն իրենց համագործակցությունը ՀԷԲ-ի հետ: Իսկ IFC-ի «նման» կազմակերպությունները բանկերին ֆինանսական ռեսուրսներ են տրամադրում: Դ. Սուքիասյանի խոսքերով, այս ռեյտինգը հնարավորություն կտա, որպեսզի ՀԷԲ-ն ավելի ցածր տոկոսադրույքներով ու երկար ժամկետներով ռեսուրսներ ներգրավի միջազգային դոնոր կազմակերպություններից: Սա տեղի կունենա մոտ ապագայում, սակայն երկարաժամկետ հատվածում ՀԷԲ-ն այլ ակնկալիքներ ունի: «Այս վարկանիշը հնարավորություն կտա մեզ՝ բանկի բաժնետոմսերը հանել Լոնդոնյան բորսա»,- ասաց ՀԷԲ նախագահը: Բայց, նրա հավաստմամբ, միջազգային շուկայում ՀԷԲ-ի բաժնետոմսերի առք ու վաճառքի համար դեռ բավական գործընթացներ պետք է կատարվեն: «Երբ բանկը հայտնվում է միջազգային ֆինանսական քարտեզի վրա, ապա նրա բաժնետոմսերի գինը կտրուկ բարձրանում է»,- նշեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է հայաստանյան շուկայում ՀԷԲ-ի բաժնետոմսերի ներկայիս վիճակին, ապա Դ. Սուքիասյանը հավաստիացրեց, որ «դրանց նկատմամբ պահանջարկը բավական մեծ է, բայց, ցավոք, բաժնետոմս վաճառող չկա»: Հարցին, թե ի՞նչ խնդիրներ էին առկա, որ «Moody’s»-ի վարկանիշն ավելի բարձր չէր, ՀԷԲ վարչության նախագահը պատասխանեց. «Քանի որ սա ՀՀ առեւտրային բանկին տրվող առաջին վարկանիշն էր, ուստի նրանք («Moody’s»-ի փորձագետները.-Կ. Թ.) ավելի զգույշ մոտեցան»:
Տ. Սարգսյանն էլ է ոգեւորված «Moody’s»-ի կողմից ՀԷԲ-ին շնորհված վարկանիշով: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանը ստացավ «Moody’s»-ի եւ «Ֆիտչի» սուվերեն վարկանիշը, եւ այդ գործընթացին մասնակցում էին նաեւ առեւտրային բանկերը: «Այսօր համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա հայտնվում է առաջին հայկական բանկը` բոլոր ներդրողների համար հասկանալի վարկանիշով: Այսուհետ «Moody’s»-ի ծառայություններից օգտվողները կարող են գնահատել «Հայէկոնոմբանկի» տեղը ֆինանսական շուկայում: Սա համաշխարհային ֆինանսական համակարգին ինտեգրվելու առաջին քայլն էր»,- ասաց ԿԲ նախագահն` ավելացնելով, որ այսուհետ հայաստանյան բանկերն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն դրամային վարկավորմանը եւ նախապատվությունը պետք է տան ազգային արժույթով գործունեության ծավալմանը: Տ. Սարգսյանի խոսքերով, դեռ երկրի վարկանիշը ստանալիս պարզ էր, որ ՀՀ ֆինանսական շուկայի ամենակարեւոր խնդիրն այսօր տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակն է: Ուստի դրա նվազեցումը կհանգեցնի ֆինանսական ինստիտուտների նկատմամբ վստահության եւ դրանց կայունության ամրապնդմանը: ԿԲ նախագահը նշեց, որ իրենք «հորդորում են» բանկերին` աշխատել հիմնականում ՀՀ դրամով: Դ. Սուքիասյանն էլ վստահեցրեց, որ 2005թ. սեպտեմբերից ՀԷԲ-ն իր բոլոր սպառողական վարկերը տրամադրում է միայն դրամով:
Տ.Սարգսյանը նաեւ ակնկալում է, որ այս վարկանիշը ստանալուց հետո ՀԷԲ-ն ակտիվորեն կմասնակցի ԿԲ-ի եւ շվեդական հայտնի OMX բորսայի համատեղ ծրագրերին: Հիշեցնենք, որ ԿԲ-ն մտադիր է արժեթղթերի շուկայում ռեֆորմներ իրականացնել` ստեղծելով մասնավոր բորսա, եւ այդ նպատակով այժմ բանակցություններ է վարում OMX-ի հետ: Բնականաբար, այս գործընթացում «Moody’s»-ի կողմից միայն ՀԷԲ-ին տրված վարկանիշը բավական չէ: «Մենք ունենք նաեւ այլ առեւտրային բանկեր, որոնք այսօր գտնվում են ռեյտինգավորման գործընթացում: Ես կարծում եմ, որ այս տարվա ընթացքում առնվազն եւս 3 բանկեր վարկանիշ կստանան»,- ասաց Տ. Սարգսյանը` չցանկանալով նշել այդ բանկերի անունները: Նա նաեւ նշեց, որ Վրաստանը եւ Հայաստանը հավակնություններ ունեն տարածաշրջանում դառնալ ֆինանսական կենտրոն: «Սակայն միջազգային կազմակերպությունների կողմից տրված վարկանիշների շնորհիվ մենք նկատում ենք, որ մենք այս գործում առավելություն ունենք»,- ասաց Տ. Սարգսյանը: