Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք 2007թ. պետբյուջեով նախատեսված հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի 27% հավելումներին: Սակայն խոստացված բարձրացումները շատ դպրոցներում չպահպանվեցին այս տարվա առաջին ամսվա` հունվարի աշխատավարձերի հատկացման ժամանակ:
Արդյունքում, ուսուցիչները վարձատրվեցին միջինը 19% հավելումով: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանն ի պատասխան մամուլի հրապարակումների եւ նախարարությանն ուղղված մանկավարժների դիմումների, պարզաբանել է աշխատավարձերի բարձրացման շուրջ ստեղծված տարաձայնությունները: Նրա հավաստմամբ, 2007թ. պետբյուջեով հանրակրթական հաստատությունների մանկավարժների միջին ամսական աշխատավարձը բարձրացվել է 27%-ով` հասցվելով 74.000 դրամի միայն այն դեպքում, եթե այն հաշվարկված է լրիվ ծանրաբեռնվածության համարժեքով: Ըստ ԿԳՆ ծանուցման, լրիվ ծանրաբեռնված ուսուցիչը պետք է ունենա մեկ դրույք, որը հավասար է 22 ժամի, նրա դասարանների միջին խտությունը պետք է կազմի 21,8 աշակերտ, աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը պետք է կազմի 14,0 (այս գործակցով հաշվվում է դպրոցին անհրաժեշտ ուսուցիչների թիվը` համապատասխանեցնելով աշակերտների թվի հետ): ԿԳՆ մամուլի քարտուղարի պնդմամբ, քանի որ հանրապետական միջին այս ցուցանիշները տարբեր մարզերի, ինչպես նաեւ Երեւանի տարբեր համայնքների առանձին դպրոցներում տարբեր են, այդ իսկ պատճառով աշխատավարձերի բարձրացման համար հատկացվում են տարբեր ֆինանսական հնարավորություններ: ԿԳՆ հաղորդագրության մեջ նշված է նաեւ, որ մանկավարժների միջին ամսական աշխատավարձերի մեջ ներառվում են նաեւ նրանց վճարվող հավելավճարները (դասղեկություն` 20%, տետրերի ստուգում եւ մեթոդ միավորման նախագահ` 10-ական տոկոս):
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն` անդրադառնալով հիշյալ թեմային` օրեր առաջ ասել էր, թե 27% հավելումով գումարները տրամադրվում են բոլոր դպրոցներին, սակայն տնօրենները մասնատում են դրանք մի քանի մասի, որի արդյունքում` հաշվարկները փոխվում են: Իրականում, մեր տեղեկություններով, ստեղծված խառնաշփոթում դպրոցի տնօրենները հայտնվել են անելանելի վիճակում, եւ չգիտեն ինչպես բաշխել սուղ միջոցները, որպեսզի ավելի չբորբոքեն կրքերը: Սակայն ուսուցիչներն այդքան էլ չվրդովվեցին, եւ բանը չհասավ համազգային բողոքի ալիքի: Հ. Զատիկյանի անվան դպրոցի տնօրեն Սոխակ Խոցանյանի խոսքով, իրենց ուսուցիչներն ըմբռնումով մոտեցան աշխատավարձերի 19,57% հավելմանը, եւ նրանց տրամադրությունը դրանից առանձնապես մեծ անկում չապրեց: «Յուրաքանչյուր դպրոց ընտանիքի նման իր խոհանոցն ունի: Քանի որ մեր դպրոցի աշակերտների թիվն ընդամենը 665 է, այդ պատճառով աշակերտի թվով ֆինանսավորման համամասնությունը չպահպանվեց: Հազարից ավելի աշակերտ ունեցող դպրոցները նման խնդիրներ չունեցան»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Խոցանյանը: Իսկ ահա 1977 աշակերտ ունեցող Պուշկինի անվան դպրոցում աշխատավարձի հավելումը հունվարին կազմել է 17%, սակայն այս փաստը բացարձակ չի անհանգստացրել ոչ դպրոցի տնօրենին, ոչ էլ աշխատակազմին: «Դպրոցի առաջիկա խորհրդի նիստում կհաստատվի մեր նոր բյուջեն: Մենք կարող ենք ապահովել սահմանված 27%-ը, որովհետեւ վարձակալության տրված տարածքների հաշվին ունենում ենք լրացուցիչ ֆինանսական հոսքեր: Ուսուցիչները տեսնում են, որ իրենց աշխատավարձերը պարբերաբար ավելանում են: 3-4 տարի առաջ 10.000 դրամ աշխատավարձ ստացող մանկավարժն այսօր կարող է ստանալ 58-60 հազար դրամ»,- նկատում է դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը: Կոնկրետ այս դպրոցի օրինակով կարող ենք փաստել, որ պետբյուջեի դեֆիցիտը կրթական օջախն իր միջոցներով է փորձելու ծածկել: Ստացվում է, ով կարողանում է՝ մի ճար գտնում է, ով էլ չի կարողանում՝ սփոփվում ու մխիթարվում է՝ լավ է, գոնե էդ էլ տալիս են մտքով: