Բողոքել են

28/02/2007

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի իրավունքների պաշտպանության Ադրբեջանի համակարգող խորհուրդը բողոք է արտահայտել Բուդապեշտի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատավճիռը: Այդ մասին, ըստ Day.az-ի, հայտարարել է համակարգող խորհրդի ներկայացուցիչ, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Ղուլիեւը: Նա ասել է, որ խորհուրդը դատավճիռը համարում է «կանխակալ ու կողմնակալ եւ մտադիր է բողոքարկել այն Հունգարիայի Գերագույն դատարանում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»: Իսկ մարդասպանի հայրը` Սահիբ Սաֆարովը հայտարարել է, թե նման դատավճռի սպասում էին: Նա դժգոհություն է հայտնել Ադրբեջանի Պաշտպանության, Արդարադատության, ԱԳ նախարարություններից, Գլխավոր դատախազությունից, որ «որեւէ միջոցի չեն դիմել Ռամիլի պաշտպանության համար»: «Գտնում եմ, որ այս դատավճիռը ոչ թե իմ որդու, այլ ողջ Ադրբեջանի նկատմամբ է»,- ասել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Բուդապեշտի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել 2006 թ. ապրիլի 13-ի Ռ. Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը` ցմահ ազատազրկում` 30 տարի առանց ներման իրավունքի: