«168 Ժամն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր «ԱրմենՏելի» մի քանի աշխատակիցների այն մտահոգություններին, թե ընկերությունը մտադիր է վերացնել իր արհմիությունը:
Արհմիությունն ինչ-որ տեղ գործատուի եւ աշխատակիցների միջեւ միջնորդ օղակ է հանդիսանում եւ փորձում է լուծել երկուստեք ծագած անհամաձայնությունները, հնարավորության սահմաններում պաշտպանել աշխատակիցների իրավունքներն ու շահերը: Իհարկե, անկախ Հայաստանի արհմիութենական կազմակերպությունները չունեն իրենց նախկին դերն ու նշանակությունը. շատ դեպքերում ձեւական բնույթ են կրում: Սակայն նվազագույն իրավունքներով ու լիազորություններով անգամ աշխատողների համար նրանց գոյությունը ցանկալի է: Առանց արհմիության, փաստորեն, «ԱրմենՏելի» աշխատակիցներն իրենց գործատուի հետ հարաբերություններում կմնան միայնակ եւ չեն ունենա քիչ թե շատ ունեցած պաշտպանվածությունը: Մեր զրուցակիցները տեղեկացել էին, թե «ՎիմպելԿոմն» ուզում է «ԱրմենՏելում» ստեղծել այնպիսի արհմիություն, որն ավելի թույլ եւ կառավարելի կլինի, ավելի շատ կպաշտպանի ոչ թե աշխատակիցների, այլ ընկերության ղեկավարների շահերը:
Բացի աշխատանքային իրավունքի պաշտպանվածությունից, արհմիության եւ «ԱրմենՏելի» ղեկավարության միջեւ կնքված կոլեկտիվ պայմանագիրն աշխատակիցների համար որոշակի արտոնություններ էլ է նախատեսում: Ընկերության որոշ աշխատակիցների, ամենամսյա աշխատավարձից բացի, վճարվել է նաեւ տրանսպորտի եւ սննդի գումար՝ ամսական 6500 եւ 3000 դրամի չափով: Եթե հաշվի առնենք, որ «ԱրմենՏելում» միջին աշխատավարձը 62.500 դրամ է, եւ այդքան են ստանում հատկապես տարածքային կառույցների շարքային աշխատակիցները, ապա ամսական 9500 դրամը նրանց համար նշանակալից գումար է եղել: Բացի այդ, արհմիությունն ընկերության աշխատակիցներին որոշակի դրամական փոխհատուցում է հատկացրել նաեւ նրանց հետ տեղի ունեցած դժբախտությունների եւ հիվանդությունների դեպքում: Իսկ առանց արհմիության այդ արտոնությունները չեն գործի: «ԱրմենՏելի» արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը դեռ չի կնքվել: Ահա այս հանգամանքն է մտահոգել ընկերության աշխատակիցներին:
«ԱրմենՏելի» արհմիության նախագահ Ռաֆիկ Վարդանյանը եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը ցանկացան ցրել իրենց աշխատակիցների մտահոգությունը եւ ասացին, որ արհմիությունը փակելու մտադրություն չկա: Պարզապես ղեկավարության եւ արհմիության միջեւ նոր կոլեկտիվ պայմանագիրը դեռ կնքված չէ, եւ այն դեռ մշակման եւ համաձայնեցման փուլում է: «Կոլեկտիվ պայմանագիրը կնքելուց հետո մենք աշխատակիցներին կփոխհատուցենք արտոնություններով սահմանված, բայց անցած երկու ամիսներին չվճարած գումարները,- ասաց Ռ.Վարդանյանը: -Ես հասկանում եմ, թե որտեղից է գալիս մեր աշխատակիցների մտահոգությունը, բայց հավատացնում եմ, որ դրա կարիքը չկա: «ԱրմենՏելի» նոր ղեկավարները մտադիր չեն վերացնել արհմիությունը»:
Ռ.Վարդանյանի ասելով, 2006թ. ընկերության հույն ղեկավարներն արհմիությանը հատկացրել են 47 մլն դրամ: Նրա ասելով, գումարի նույն չափը պահպանվելու է նաեւ այս տարի: Իսկ Հ. Չութիլյանն էլ ավելացրեց, որ, բացի արհմիության կողմից նախատեսված արտոնություններից, որոշակի սոցիալական ծրագրեր իրականացնում է նաեւ ընկերությունն ինքը: «Մեր սոցիալական ծրագրերի բյուջեն անցած տարի եղել է 90 մլն դրամ,- ասում է Հ.Չութիլյանը: -Արհմիությունից անկախ, մեր աշխատակիցներին դրամական օժանդակություն ենք հատկացրել հիվանդությունների, դժբախտ պատահարների, նաեւ ամուսնությունների դեպքերում: Որոշակի փոխհատուցում է հատկացվում նաեւ կրճատվողներին: Իսկ այս տարի ընկերության ղեկավարները որոշել են ապահովագրել մեր աշխատողների առողջությունը եւ դժբախտ պատահարները: Հիմա բանակցություններ են ընթանում ապահովագրական ընկերությունների հետ: «ԱրմենՏելը» շուտով կընտրի այն ընկերությանը, որի հետ առաջիկայում կհամագործակցի եւ գումարներ կփոխանցի իր աշխատողների առողջությունն ապահովագրելու համար»:
Ավելացնենք, որ 2005թ. նոյեմբերին ընկերության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տնօրինության մոտ 50 աշխատողներ գործադուլ էին արել եւ պահանջում էին ազատել իրենց հույն տնօրեն Ջորջ Կուլոյանոսին: Գործադուլավորների ասելով, հույն տնօրենը ոտնահարում է իրենց իրավունքները: Ընդհանրապես «ԱրմենՏելի» աշխատակիցները շատ են դժգոհել, որ հույն սեփականատերերը խտրականություն են դրել հայ եւ հույն աշխատակիցների միջեւ: Իսկ խտրականությունը հիմնականում կայանում էր նրանում, որ ղեկավարները նույն գործը կատարող հայ մասնագետին մի քանի անգամ ավելի պակաս էին վճարում, քան հույն մասնագետին: Այն ժամանակ գործադուլավորները դժգոհում էին նաեւ արհմիության նախագահ Ռաֆիկ Վարդանյանից, թե վերջինս աշխատակիցների շահերը պաշտպանելու փոխարեն, աշխատում է ղեկավարների օգտին: Իսկ արհմիության նախագահն էլ հակադարձում է, թե ինքն օրենքի ընձեռած հնարավորություններից դուրս ոչինչ անել չի կարող: