Հայ արտադրողը պետք է ճնշում գործադրի

28/02/2007

Վրաստանի Ֆինանսական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ-ից Ջավախք «Ավշար» օղու, «Բջնի» եւ «Արզնի» հանքային ջրերի եւ «Կոտայք» գարեջրի ներմուծող Սամվել Մանուկյանի նկատմամբ: Ըստ «Ջավախք-ինֆոյի» աղբյուրի, Վրաստանի Հարկային տեսչությունը մոտ օրերս պատրաստվում է Ս. Մանուկյանի անունով 420.000 լարիի չափով (մոտ 250.000 դոլար) տուգանք ուղարկել: Ըստ Վրաստանի քրեական օրենսդրության, ակտի ստացման պահից 45 օրվա ընթացքում քաղաքացին պարտավոր է կատարել որոշումը: Ս. Մանուկյանին մոտ կանգնած անձանցից մեկը նշել է, որ Մանուկյանը յուրաքանչյուր բեռնատարի անցկացման համար պետք է վճարի միջին հաշվով, մոտ 15.000 դոլար, ինչը գերազանցում է տեղական արդյունաբերողի վճարած հարկը: ՀՀ-ից Ջավախք մեկ այլ ներմուծող նշել է, որ գործն ամբողջովին սարքված է, չունի ոչ մի իրավական հիմք, հետապնդում է տարածաշրջանից ՀՀ-ին տնտեսապես դուրս մղման նպատակ, եւ անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ-ում արտադրողներն իրենց ունեցած հնարավոր միջոցներով ճնշում գործադրեն եւ կանխեն տվյալ ծրագրի իրականացումն, այլապես, ներմուծողներին մնում է միայն Ջավախքը լքել: Հիշեցնենք, որ Ախալքալաքում հունվարի 30-ին ձերբակալվել էին «Ջերմուկ» հանքային ջուր եւ «Կիլիկիա» գարեջուր ներկրողներ Մերուժան Կարոյանը եւ Արմեն Ուզունյանը, ովքեր մեղադրվում էին Բաթումիում բնակվող ոմն Տանյայի առեւանգման մեջ: Ըստ «Ջավախք-ինֆոյի» աղբյուրի, Մ. Կարոյանի եւ Ա. Ուզունյանի անունով «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման հետ կապված, Վրաստանի Հարկային տեսչությունն ուղարկել է 100 հազար լարիի չափով տուգանք (մոտ 60 հազար ամերիկյան դոլար):