Իրանը չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից՝ չնայած ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զգուշացումներին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Նրա խոսքերով՝ Իրանը չպետք է «թուլություն ցուցաբերի» իր միջուկային ծրագիրը պաշտպանելու հարցում: Ահմադինեջադը նաեւ ասել է, թե այդ ծրագիրն Իրանի իրավունքն է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը երեկ նոր զեկույց է հրապարակել, համաձայն որի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած ժամկետում Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պնդում են, որպեսզի ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ կիրառի Իրանի նկատմամբ՝ ի հավելումն Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 23-ի որոշումը չկատարելու հետեւանքով սահմանված պատժամիջոցների: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը կասկած է հայտնել նոր պատժամիջոցների արդյունավետության առնչությամբ եւ կոչ է արել դիվանագիտական լուծում գտնել խնդրին: