ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը եւ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ կուսակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը երեկ պետք է «Հայելի» ակումբում բանավիճեին երկքաղաքացիության մասին օրենքի եւ ներքաղաքական թեմաների շուրջ։ Սակայն բանավեճը չստացվեց։
Չստացվեց այն պատճառով, որ երկուսի դիրքորոշումներն էլ շատ հարցերի շուրջ համընկնում էին։ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Երկքաղաքացիության մասին» օրենքի վերաբերյալ եւ՛ Հ. Իգիթյանը, եւ՛ Գ. Ղոնջեյանն ունեին քննադատական դիրքորոշում։
ԱԺ ՄԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագծին, որն, ըստ Գ. Ղոնջեյանի՝ որոշ հարցեր լուծում է, որոշ հարցեր՝ ոչ։ Նախ, ՄԱԿ-ը մտավախություն ուներ, թե երկքաղաքացիներին ընտրական իրավունք տալը կարող է հանգեցնել այնպիսի վիճակի, որ ՀՀ իշխանությունների ճակատագիրը կամ ֆորմատը կորոշվի դրսում։ Այս առնչությամբ ՄԱԿ-ին բավարարում է այն սահմանափակումը, որ ընտրությունը պետք է կատարվի միայն ՀՀ սահմաններում։ Առաջ անցնելով նշենք, որ Հ. Իգիթյանն այս դրույթին այլ տեսանկյունից է նայում. դա նշանակում է՝ դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրության իրավունքից, ինչ է թե՝ լուծում են երկքաղաքացիության հարցը։ Խնդիրն, ըստ պրն Իգիթյանի, պետք է լուծվեր հենց Սահմանադրությամբ։ Մինչդեռ Սահմանադրության մեջ խոսք է գնում միայն ՀՀ քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների մասին։ Նույն Սահմանադրությամբ, երկքաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են եւ հետեւաբար՝ օժտված են նույնատիպ իրավունքներով եւ պարտականություններով։ «Վաղը ցանկացած երկքաղաքացի կդիմի Սահմանադրական դատարան, կներկայացնի իր հայկական անձնագիրը եւ կասի՝ ինչո՞ւ եք ինձ զրկում իմ սահմանադրական իրավունքներից»,- ասում է Հ. Իգիթյանը։
Նա նաեւ մատնանշեց այլ խնդիրներ։ Օրինակ, 30-ից ավելի երկրներ արգելում են երկքաղաքացիությունը, եւս 20-30 երկրներ, Հ. Իգիթյանի խոսքերով, պարզապես դա անտեսում են՝ ասելով, եթե ունես իմ անձնագիրը, ինձ չի հետաքրքրում՝ ուրիշ ինչ երկրի անձնագիր ունես, դու ունես որոշակի պարտավորություններ։ ՀՀՇ-ական Հ. Իգիթյանի կարծիքով, խնդիրներ են առաջանալու նաեւ կուսակցական համակարգում։ ՀՀ օրենսդրությամբ կուսակցության ղեկավար կազմում այլ երկրների քաղաքացիներ չպետք է լինեն։ Այս դեպքում ինչպե՞ս են վարվելու երկքաղաքացիների հետ։ Իսկ Գ. Ղոնջեյանի կուսակցությանը մտահոգող հարցերից մեկն էլ եղել է՝ ո՞ր ընտրատարածքում են քվեարկելու երկքաղաքացիները։ Սակայն այս հարցը լուծվել է. որոշվել է, որ նրանք ընտրություններին կարող են մասնակցել միայն համամասնական ընտրակարգով։ Այս լուծումը բավարարում է ՄԱԿ-ին։ Այդ դեպքում ինչո՞ւ է այս կուսակցությունը դեմ քվեարկել առաջարկվող նախագծին։ Պարզվում է՝ կառավարության ներկայացրած այս նախագծի՝ ՄԱԿ-ի համար անընդունելի, ամենասկզբունքային կետն իշխանության մարմինների ձեւավորման առանձնահատկությունն է։ Գ. Ղոնջեյանը տեղեկացրեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է՝ երկքաղաքացիները չեն կարող ընտրվել ՀՀ նախագահ, ԱԺ պատգամավոր, նշանակվել վարչապետ կամ կառավարության անդամ։ Գ. Ղոնջեյանը համաձայն չէր նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի այն մտքին, թե երկքաղաքացիության դեմ խոսողներն իրականում վախենում են, որ ՀՅԴ ռեսուրսը կմեծանա։ «Մենք համոզված ենք, որ առաջնային մանդատ կրողները պետք է երկու ոտքով ամուր կանգնած լինեն այս հողի վրա»,- ասաց Գ. Ղոնջեյանը՝ ավելացնելով, որ երկքաղաքացիները չպետք է Հայաստանում լուրջ դերակատարության հավակնություններ ունենան։ Նա նաեւ նշեց, որ պետք չէ գերագնահատել «Երկքաղաքացիության մասին» օրենքը, քանի որ, ամեն դեպքում, հարցերը պետք է լուծվեն միջպետական համաձայնագրերով, իսկ այս օրենքը զուտ բարոյական դաշտում է. «Ուզում են Հայաստանի անձնագիր ունենալ` թող ունենան»։ Հ. Իգիթյանն էլ հիշեցրեց, որ Սահմանադրությունը չի պարտադրում, որ «Երկքաղաքացիության մասին» օրենքն ընտրությունների նախաշեմին, հապճեպ կերպով ընդունվեր։ «Հենց այսօ՞ր պետք է դա արվեր։ Սա որոշ կասկածների տեղիք է տալիս»,- ասաց Հ. Իգիթյանը։ Բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ առաջիկա ընտրություններին։ Պարզվում է՝ Հ. Իգիթյանը կասկածանքով է վերաբերվում այն ուժերին եւ քաղաքական գործիչներին, որոնք 17 տարվա մեջ ոչ մի անգամ ընդդիմություն չեն եղել։ Սակայն դրանց ցուցակից նա հանեց ՄԱԿ-ին, այն հիմնավորմամբ, որ ՄԱԿ-ը համեմատաբար նոր ուժ է։ Իսկ միգուցե նաեւ այն պատճառով, որ Գ. Ղոնջեյանը նստած էր իր կողքին։ Այս առումով միգուցե ԲՀԿ-ն է՞լ է «կասկածյալների» շարքից դուրս, քանի որ ՄԱԿ-ից էլ նոր է։ ԲՀԿ-ին, սակայն, Հ. Իգիթյանը հիշատակեց լրիվ այլ համատեքստում։ Նա կարծում է, որ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները չեն տեղավորվի Հայաստանի ներկայիս դաշտում, քանի որ. «Այս դեպքում շատ ազդեցիկ է քո գումարը, ադմինիստրատիվ ռեսուրսը, լկտիությունը, բանդան եւ թիկնապահները, որոնք թիկնապահի ինստիտուտի հետ որեւէ կապ չունեն»։ Իսկ ԲՀԿ-ն, Հ. Իգիթյանի կարծիքով, հենց այս իրավիճակի ծնունդ է։ Նա տեղեկացրեց, որ ՀՀՇ-ն առաջիկա ընտրություններին միայնակ է մասնակցելու։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա երեկվա դրությամբ նրանք նույնպես պատրաստվում էին միայնակ գնալ ընտրությունների։ Թեեւ, ինչպես նշեց Գ. Ղոնջեյանը, դեռ մի քանի օր ունեն՝ ընտրությանը մասնակցելու ձեւերի եւ մեխանիզմների շուրջ մտորելու համար։