Երջանկության մասին պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են: Ըստ World Values Survey-ի անցկացրած հարցման` եվրոպացիներն ավելի երջանիկ են, քան ասիացիները: Հազարավոր մարդկանց հարցեր են տրվել նրանց երջանիկ եւ կյանքից բավարարված լինելը պարզելու համար: Ցուցակի առաջին տեղերում են Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները: Ճապոնիան, օրինակ, թեեւ իր զարգացման մակարդակով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը, սակայն «երջանիկների» ցուցակում միայն 42-րդն է: Ամերիկացիների համար երջանիկ լինելը հավասար է հաջողակ լինելուն, իսկ ճապոնացիները հաջողակ մարդկանց եսասեր են համարում: Պատմական եւ մշակութային տարբերությունները հաշվի առնելով, բազմազգ գիտնականների խումբը եզրակացրել է, որ Ասիայում կոլեկտիվին ավելի մեծ նշանակություն են տալիս, քան անհատականությանը, եւ այդ պատճառով` Արեւելքի բնակիչներն իրենց ավելի դժբախտ են համարում: Ասիացիները երջանկությունը համեմատում են իրականությունն ու իդեալական աշխարհը կապող կամրջի հետ, երջանիկ չզգալու փաստն իրենց չի մտահոգում, քանի որ երջանկությունը երկնքի շնորհ է: Եվրոպան եւ Ամերիկան դրդում են մարդկանց` երջանիկ լինել: Միլանի համալսարանի հոգեբանների կարծիքով՝ յուրաքանչյուր ժողովրդի համար երջանկությանը հասնելու համար պետք է որեւէ վեհ ու մաքրագործ գործունեությամբ զբաղվել: Հարցումներին մասնակցած մարդկանց մեծամասնությունը նշել է, որ իրեն երջանիկ է զգում, երբ զբաղվում է «օպտիմալ գործով»՝ մոռանալով ժամանակի մասին, ապրելով պահով ու ըմբոշխնելով այն:
Ուսումնասիրությունները պարզել են մեկ ուշագրավ փաստ եւս՝ ամուսնացած մարդիկ ամուրիներից երջանիկ են: «Աշխատանքի մասին մտահոգվելու փոխարեն` ավելի շատ մտածեք սեփական կնոջ մասին»,- ասել է Ռոտերդամի համալսարանի հասարակագետ Ռուտ Վեյենհովենը: