Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախակի ենք հանդիպում այնպիսի հայտարարությունների, որ հրավիրում են օտար լեզուների, հաշվապահական, համակարգչային ծրագրերի, մոդելավորման, գիդ-թարգմանիչների անվճար դասընթացների: Ինչպես պարզեցինք Երեւանում գործող նմանատիպ կենտրոններից, այս ամենը միայն մեկ նպատակ է հետապնդում. մարդկանց տալ մասնագիտական կրթություն, որ հետո կարողանան գտնել համապատասխան աշխատանք: Տարիքային սահմանափակում չկա. նման կենտրոններ հաճախում են 18-60 տարեկան անձինք` աշխատանքի տեղավորվելու համար: Մեծ տոկոս են կազմում իգական սեռի ներկայացուցիչները:
Արդեն յոթ տարի է, ինչ գործում է «FES HOUSE» կենտրոնը: Մինչեւ այս տարվա փետրվարի 12-ը կենտրոնը գործում էր «անվճար» անվան տակ, սակայն արդեն ունի իր կոնկրետ գները: Ուսուցումը լինում է եւ՛ անհատական, եւ՛ խմբակային, շաբաթական 3 օր` մեկուկես ժամ տեւողությամբ: Անհատական պարապմունքների վճարը տատանվում է 20.000-45.000 դրամի սահմաններում` կախված ծրագրման լեզուներից: Իսկ խմբակային պարապմունքներին, որտեղ ընդգրկված են 3-4 հոգուց մինչեւ 10-11 հոգի, համակարգչային ծրագրերի եւ անգլերենի համար 12 դասի վճարը 6000-ական դրամ է, իսկ հաշվապահական դասընթացի համար՝ 12.000 դրամ: Բայց կենտրոնի անվճար գործելու ընթացքում էլ գրանցվելու համար մարդիկ վճարում էին 5000 դրամ: Չնայած, որ կենտրոնն ունի իր հիմնական գները, ըստ «FES HOUSE»-ի տնօրեն Վազգեն Փարսադանյանի` այն չի կարելի համարել վճարովի, քանի որ բարձրակարգ մասնագետներ են եւ ուսուցումն էլ բարձր մակարդակի է, իսկ դա արդեն իսկ հավասար է անվճար ուսուցման: Իսկ նախորդ 5000 եւ 12.000 դրամի փոխարեն, այսօրվա 6000-ը եւ 20.000-ը, ըստ Վ. Փարսադանյանի` պայմանավորված են հետեւյալով. «Քանի որ կյանքի բոլոր ոլորտները թանկանում են, դրա համար էլ գները թանկացել են»:
Ուսանողների վճարած գումարով էլ կատարում են զուտ կոմունիկացիոն ծախսեր` լույսի վարձ, տարածքի մաքրություն եւ այլն: Իսկ թե դասախոսներին ինչ գումարով են վարձատրում, կենտրոնի տնօրենը չցանկացավ բացել չակերտները` ասելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Պետք է նշել նաեւ, որ նման կենտրոնները հիմնականում ինքնաֆինանսավորվող սուբյեկտներ են, եւ այս բիզնեսն ուղղված է տարբեր խավի ներկայացուցիչներին:
Ի տարբերություն «FES HOUSE» կենտրոնի, «ԷՄԻԼԻԱ» վերապատրաստման կենտրոնում դասընթացների մասնակցությունն անվճար է: Այստեղ վճարում են միայն վկայականի համար` 3000-5000 դրամ: Սա եւս մասնավոր կազմակերպություն է, չի ֆինանսավորվում որեւէ այլ կազմակերպության կողմից: Ներկա պահին կենտրոնն ունի 400-500 ուսանող: Տարբերությունը մյուս կենտրոններից այն է, որ այստեղ բացի անգլերենից, ուսուցանվում են նաեւ գերմաներեն, պարսկերեն, արաբերեն, իտալերեն, իսպաներեն լեզուներ: Միակ կենտրոնն է, որտեղ գիդի դասընթացներն անցկացվում են համապատասխան լեզուներով: Ուսանողներն անցնում են հայ մշակույթի պատմություն, սկզբում` հայերեն, այնուհետեւ` մասնագիտական լեզուներով, կազմակերպում են էքսկուրսիաներ, ինչպես նաեւ համագործակցում են Տուրիզմի վարչության հետ: Ինչպես նշեց «ԷՄԻԼԻԱ» վերապատրաստման կենտրոնի տնօրեն Ասյա Աբրահամյանը, դիմում են այն մարդիկ, ովքեր ունեն որոշակի գիտելիքներ եւ գալիս են հիմնականում վերապատրաստվելու:
Ըստ տնօրենների` երկու կենտրոններում էլ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ: «FES HOUSE» կենտրոնի դասախոսները, ունենալով բարձրագույն մասնագիտական կրթություն, նախքան աշխատելը 4-6 ամիս վերապատրաստվել են կենտրոնում, այնուհետեւ անցել աշխատանքի: Իսկ «ԷՄԻԼԻԱ» վերապատրաստման կենտրոնի դասախոսական կազմում կան նաեւ ուսանողներ, ովքեր, սովորելով պետական բարձրագույն հաստատություններում, միաժամանակ աշխատում են այստեղ: Կենտրոնը համագործակցում է նաեւ աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ եւ լավագույններին ապահովում աշխատանքով:
Իսկ այն հարցին, թե ի՞նչ է տալիս այդ վկայականը, հատկապես Հայաստանից դուրս, կենտրոնի տնօրեն Ա. Աբրահամյանը պատասխանեց. «Այս վկայականներն այլ երկրներում անցնել չեն կարող, որովհետեւ այն միայն հավաստիացնում է, որ ուսանողը տվյալ կազմակերպությունում ավարտել է համապատասխան կուրսը»:
Այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունի «FES HOUSE» կենտրոնի տնօրենը. «Մեզ մոտ սովորել են Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Պարսկաստանից եկած հայեր, ինչպես նաեւ` տվյալ երկրի քաղաքացիներ: Հետո մենք իմացել ենք, որ այդ ուսանողներն աշխատում են իրենց երկրներում, եւ դա նշանակում է, որ մեր վկայականն անցնում է նաեւ արտասահմանում»:
Ի դեպ, այս կենտրոնում վկայականի համար վճարում են 1000 դրամ:
Իսկ թե որքանով է հավաստի իրենց աջակցությունն աշխատանքի տեղավորման գործում, «FES HOUSE»-ի մոդելավորման դասախոս տիկին Արուսյակն ասաց. «Ես ունեմ ուսանողներ, ովքեր աշխատում են նորաձեւության տներում, եւ մեկ ուսանող, ով ունի իր սեփական նորաձեւության տունը եւ ավարտելուց հետո այստեղի լավագույններին վերցնում է աշխատանքի: Բացի այդ, սա այնպիսի մասնագիտություն է, որ, ինքնըստինքյան, տան աղջիկ է ձեւավորվում: Այն, ինչ պետք է թանկ գներով գնեն խանութից, հիմա իրենք կարող են կես գնով կարել»: