Իրինայենց տանն ամեն ինչ մոխրագույն է երեւում: Միակ բանը, որ գույն ունի՝ Իրինայի՝ երկնքի պարզությամբ աչքերն են, որոնց տառապանքն ու թախիծը շատ խորն է: 31-ամյա Իրինայի խոսքերում տարիքն առած մարդու հոգնություն կա: Աչքերի ու ձայնի մեջ զսպված ու թաքցրած զայրույթ կա, սակայն ամուսնու կոպիտ վերաբերմունքից նա ավելի է խեղդում ներսում եղածը:
Իրինան եւ Կարապետն ապրում են Երկաթգծի կայարանի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի խարխուլ սենյակում: Նրանց 6 երեխաներից 3-ը տղաներ են, իսկ ամենափոքրը սպիտակամաշկ, բայց վառարանի մրից սեւացած 4-ամյա Ստեփանն է: Ժպտալով մոտենում է ու ոգեւորությամբ ասում՝ «Գիտե՞ս, ես ամենաշատը խտացրած կաթ եմ սիրում ու ուզում եմ, որ տունը միշտ խտացրած կաթ լինի: Մեկ էլ ամենաշատը մամայիս եմ սիրում»: Հարցնում եմ՝ «Իսկ ամենից շատ մայրիկի՞դ ես սիրում, թե՞ խտացրած կաթ»: Առանց մտածելու պատասխանում է՝ «Խտացրած կաթ: Պիտի շատ ուտեմ, ուժեղանամ, որ մարդկանց ծեծեմ: Պիտի մամայիս պաշտպանեմ, դրա համար պիտի ուժեղանամ, իսկ ուժեղանալու համար պիտի խտացրած կաթ ուտեմ»: Որդու անկեղծությունից կաշկանդվելով` մայրն ասում է` «Ճիշտն ասած, որ լավ չէի սնվում` ստիպված եղա կրծքի կաթից կտրեմ երեխային: Սկզբում խտացրած կաթ տվեցի, որ կտրվի, ու հիմա տակից դուրս չենք գալիս: Շատ ա սիրում, բայց չենք կարողանում հասցնել»: Ամեն անգամ, երբ ծնողները տանից դուրս են գալիս՝ Ստեփանը պարտադիր նրանցից խտացրած կաթ է խնդրում, սակայն, երբ նրանք դատարկաձեռն են վերադառնում՝ նեղանում, լաց է լինում: «Ամոթ էլ ա ասելը, բայց դե՛, փող չի լինում, որ տեսնում ա` չենք բերել, նեղանում ա, մեր հետ չի խոսում: Ասում ա` դուք ինձ չեք սիրում, գնում եմ ընկնեմ փեչի մեջ վառվեմ»,- պատմում է Իրինան, ում խոսքերը, որպես կանոն, ընդհատվում են ամուսնու խիստ միջամտություններով: Ստեփանն այլեւս մանկապարտեզ չի գնում, որովհետեւ ամսական վարձն ի վիճակի չեն վճարել: Մանկապարտեզում ասել են՝ երեխային այլեւս չբերեք: Փոքրիկ տղան անսպասելի հայտարարում է` «Երբ մեծանամ՝ միլիցիա եմ դառնալու, որ պապային ծեծեմ»: Ամուսինները կարկամում, շփոթվում են, իսկ, երբ Կարապետը սենյակից դուրս է գալիս՝ Իրինան շշնջում է, թե՝ «Էս վերջերս սկսել ա խմել, վեճեր ա անում, երեխեքը շատ են տանջվում, դրա համար ա տենց ասում»: 6 երեխաների ծնողները չեն աշխատում, ապրում են «Փարոսից» ստացած 46.000 դրամ նպաստով: Կարապետը էլեկտրականությունից գլուխ է հանում, նորոգում է հեռուստացույցներ, մագնիտոֆոններ, որոնց տերերը հիմնականում հանրակացարանի բնակիչներն են եւ վճարունակ չեն. «Ա՛յ, սենց հին, գցելու տեխնիկա ա, տալիս են սարքելու, բայց փողը չեն վճարում: Էս շենքում լիքը մարդ պիտի փող տա, բայց նիսյայով եմ գործ անում, հետո էլ չեն տալիս: Մի քանի 100 դրամանոց գործեր են, է՛լի: Ճիշտն ասած` մի քանի ամիս առաջ աշխատում էի պետական հիմնարկում, 5 ամիս փող չտվեցին, դուրս եկա: Անընդհատ հիասթափվում ես»,- պատմում է Կարապետն ու վստահեցնում, որ երկար տարիներ ծեփագործի, ներկարարի աշխատանք է կատարել, սակայն այժմ աշխատանք չի գտնում: Երեխաներն անչափահաս են, իսկ նրանցից 5-ը դպրոցական են: «Մեծ ծախսերը հիմնականում դպրոցի վրա ա, շատ ենք նեղվում, իրար շորերով են մեծանում, մեկ-մեկ էլ ուրիշներն են տալիս»: Հարցնում եմ՝ «Իսկ աղջիկներն ո՞ւր են»: Իրինան աչքերը լցնում է, բայց ամուսնու մոտ չի համարձակվում լաց լինել, խեղդվելով ասում է՝ «Ճիշտն ասած, 2 ամիս ա, ինչ չեմ տեսել երեխեքիս: Տեսանք, որ հնարավոր չի, երեխաները սոված են մնում, տվեցինք Կոտայքի «Սոս» մանկական գյուղ, ճամբար ա: Էնտեղ են մնում, չեմ կարողանում գնալ, տեսնել: Շատ եմ կարոտում»: Իրինան ասում է, որ ամբողջ ձմեռ երեխաների հետ «Փեթակ» տոնավաճառից անպետք արկղեր, կարտոններ է շալակել, բերել, որ երեխաները ցրտից չսառցակալեն. «Ոտքով կրում, բերում էինք, ծանր հիվանդացա: Հիմա գոնե ոտքի վրա եմ»: Մոտենում է 1-ին դասարանցի Հայկարամն ու մի ուրախ բան ասելու համար` փոխում խոսակցության թեման՝ «Գիտե՞ք, ես նկարելու տաղանդ ունեմ, դասատուներս են ասում: Ինձ թվում ա, որ մեծանամ, լավ գործեր կունենամ, նկարիչ կդառնամ: Ուզո՞ւմ եք նկարներիցս ցույց տամ»: Բերում է իր ամենահաջողված գործը: Թղթի վրա փոքրիկ տնակ է պատկերված, որն իրենց սենյակից լավն է: Հայկարամի երազած տնակը մեր ժամանակների համար շատ համեստ է: «Կուզենայի գոնե սենց տանն ապրեի»,- ասում է նա ու մի քիչ պատմում իր կյանքից: «Դպրոցը սիրում եմ, բայց դասարանցիներիս չեմ սիրում: Մենակ մի հոգի կա, որ իմ կողմից ա, մյուսներն ինձ դեմ են: Էսօր մամաս ինձ դպրոց տարավ, գնաց ու 2 րոպե հետո վրա տվեցին, որ ինձ ծեծեին: Ես էլ ջղայնացա` մեկին խփեցի»: Երեխաներից ամենամեծը Կորյունն է, սովորում է 8-րդ դասարանում: Ասում է՝ 10-րդ դասարանն ավարտելուց հետո ինչ-որ տեղ կաշխատի, որպեսզի քույրերը կարողանան կողքին լինել: «Ուզում եմ աշխատեմ, թե չէ սովորելու ժամանակ չկա: Երեխեքը փոքր են, օգնել ա պետք, ծնողներս չեն հասցնում: Կյանքը դժվար ա…»: Սենյակի անկյունում մի տարեց տղամարդ հիվանդ պառկած է: Կարապետի հայրն է, ով խռխռալով ամեն րոպե հազում է: Սենյակի պատերն աննկարագրելի խոնավ են, դրա համար էլ երեխաները հաճախակի հիվանդանում են: Իրինայենց տան մթնոլորտը շատ ծանր է, իսկ երեխաների ճիչերին հայրն արձագանքում է կոպիտ խոսքերով: Այս տանը մարդիկ վախենում են ծիծաղել, իսկ երեխաների ծիծաղն անմիջապես վերածվում է լռության, որովհետեւ տան մեծերը ծիծաղելու սիրտ չունեն: Հեռանալիս Իրինան դուրս է գալիս ճանապարհելու: Շատ բան ուներ ասելու, որ չասաց, ասածների համար ամուսինը վիճաբանություն կսարքեր: «Հասկանո՞ւմ եք, ինքը վատ տղա չի, ուղղակի շատ հուսահատված ա, էս մի 3 տարի ա, խմում ա: Երեխեքին նեղացնում ա, հայհոյում, վեճեր ա սարքում: Աղջիկներին շատը դրա համար ուղարկեցի: Կորյունս հիմա մեծացել ա, չի հանդուրժում: Հենց խմում, կռիվ ա սարքում՝ տնից փախնում ա: Ընկնում եմ ետեւից, ման եմ գալիս, արդեն գժվում եմ: Շատ ա նեղվում, որ ինձ նեղացնում ա: Բայց ես իրան հասկանում եմ, ինքն անճարությունից խմում ա, որ մի քիչ թեթեւանա»,- պատմում է ու ասում, որ շատ է վախենում տղայի համար, որովհետեւ ընտանիքի կարիքից դրդված` նա մի անգամ պղինձ է գողացել ու եղբայրների համար ուտելու բան է գնել: