Այսպիսի վերնագրից հետո թվում է՝ կարելի է այլեւս չշարունակել, որովհետեւ, կարծես թե, ամեն ինչ ասված է: Իրականում, սակայն, այդ տպաքանակ ասվածն այնքան էլ պարզ երեւույթ չէ, եւ ոչ էլ միայն խոսքի ազատության հետ է կապվում կամ միայն մամուլի: Այն շատ ավելի լայն ազդեցության ոլորտ ունի:
Լրագրողական աշխարհի խնդիրներին հիմնականում անդրադառնում են երկու տեսանկյունից. լրագրողները պաշտպանված չեն եւ, որ՝ ճնշվում են բացահայտ կամ թաքնված գրաքննությունից: Իհարկե, եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ պատճառներն էապես ազդում են լրագրության որակի վրա, բայց կան նաեւ նույնքան կարեւոր այլ պատճառներ եւս: Ինչպես, օրինակ, լրագրողի ֆինանսական կախվածությունը հովանավորից կամ պետությունից եւ, միեւնույն ժամանակ, կախվածության բացակայությունը հասարակությունից:
Նախ՝ թերթերն այսօր իսկապես զարմանալիորեն փոքր տպաքանակ ունեն` առավելագույնը 15.000: Այն դեպքում, երբ միայն մեկ կուսակցություն (վերջերս հայտարարած տվյալներով), երեք հարյուր հազարից ավելի անդամ ունի Հայաստանում: Եվ դա` միայն մեկ կուսակցություն: Այլ հարց է, որ կուսակցություններն ընտրողին եւ կուսակցականին շփոթում կամ նույնացնում են, բայց, եթե անգամ այդ մարդկանց համարենք համակիր կամ հակառակը, դարձյալ բնական հարց է ծագում. բնակչության այդ քաղաքականապես ակտիվ անդամները թերթեր չե՞ն կարդում: Իսկ եթե կարդում են, ուրեմն ինչո՞ւ է թերթի տպաքանակը 15.000, այն էլ` առավելագույնը, եւ ոչ թե հարյուր հազար` նվազագույնը: Որովհետեւ չե՞ն կարողանում վաճառել դրանք, իհարկե չեն կարողանա` կրպակների մեջ փակված: Բայց, եթե օրվա թերթերը վաճառվեն հանրախանութներո՞ւմ (սուպերմարկետներ) եւ խանութներո՞ւմ, ինչպես այսօր արվում է զարգացած երկրներում՝ դրամարկղի մոտ, որպեսզի հարմար լինի գնորդին: Ու որպեսզի խնայվի նրա ժամանակը, դրանք պետք է վաճառվեն նաեւ կանգառներում, անցումներում, մետրոյում: Եթե նկատել եք, վաճառվում են, բայց չգիտես ինչու՝ մեծամասամբ ո՛չ տեղական թերթերն ու ամսագրերը:
Անընդհատ լսում ենք, որ մշակութային նոր հանդեսներ են տպագրվում, բայց վաճառք կամ ընդհանրապես չկա, կամ շատ նեղ շրջանակում է: Ամսագրերը նաեւ թանկ են, բայց թանկ են, որովհետեւ տպաքանակն է անչափ փոքր:
Նույն անհասկանալի տրամաբանությամբ են հրատարակվում հայ արվեստի նկարազարդ ալբոմները: Մեծամասամբ փոքր տպաքանակով եւ բարձր արժողությամբ` մնալով ընթերցողների շատ նեղ շրջանակի մեջ: Նպատակն անհասկանալի է: Ձեւացնում ենք, թե հայ մշակո՞ւյթն ենք տարածում: Ի՞նչ տպաքանակով ենք տարածում, որտե՞ղ, մի քանի սփյուռքահայերի շրջանո՞ւմ:
Հեռուստատեսության եւ ինտերնետի այս ամենակուլ ժամանակաշրջանում թերթերն, այնուհանդերձ, իրենց անփոփոխ տեղն ու նշանակությունն ունեն, բայց զարգացած երկրներում: Իսկ ընդհանրապես տպագիր մամուլն ու հեռուստատեսությունն իրենց ոչ միայն նշանակությամբ, այլեւ պրոբլեմներով մոտ են:
Նախ՝ թերթերը, ինչպես նաեւ` հեռուստատեսությունը պետք է լինեն եկամտաբեր: Եվ այդ եկամուտով է նաեւ պայմանավորված հենց անկախ մամուլի գոյությունը եւ ուրեմն` ընդհանրապես ժուռնալիստիկայի զարգացումը երկրում: Հասկանալի է, որ ոչ միայն դրանով, բայց` նաեւ: Այդ երկրորդական թվացող եկամուտով պայմանավորվում է նաեւ, թե երկրում գոյություն կունենա՞ արվեստի քննադատություն` որպես մասնագիտություն, թե՞ ոչ: Իսկ դրանից էլ հետեւում է, թե երկրում գոյություն կունենա՞ առողջ գեղարվեստական կյանքը, թե՞ ոչ: Իսկ դա էլ պայմանավորում է, թե արդյունքում կունենանք արվե՞ստ, թե՞ մեկ այլ բան այդ անվանումով: Բարդ շղթա է, բայց կարելի է պարզ հետեւություններ անել: Ի՞նչ է նշանակում` լինել պրոֆեսիոնալ: Նախեւառաջ նշանակում է, որ դա քո հիմնական աշխատանքն է, որի համար դու վարձատրվում ես: Եվ ժուռնալիստիկայի ոլորտը չի կարող բացառություն լինել: Որքան բարձր է վարձատրման չափը, այնքան մեծ է մրցակցությունն այդ աշխատանքի համար եւ հետեւաբար` պատասխանատվության աստիճանն ու ընդհանուր աշխատանքի որակը: Մեր կազմակերպության հետ կապված ես չեմ հիշում մի դեպք՝ մամուլի ասուլիս կամ այլ միջոցառման լուսաբանում, որտեղ լրատվական վրիպում չլինի. կամ կազմակերպության անունը սխալ կնշվի, կամ թեման սխալ կմեկնաբանվի, կամ, եթե երեք հեռուստաընկերություններ նկարահանել են նույն միջոցառումը, ապա երեք լրիվ տարբեր շեշտադրումներ կլինեն` կապված, թե որ կուսակցության հովանավորությամբ է աշխատում տվյալ հեռուստատեսությունը: Այսինքն՝ լրատվության ամենատարրական օրենքը, այն է՝ տեղեկատվության ճշգրտությունը, չի պահպանվում:
Հայաստանի բնակիչն այսօր վճարում է գրեթե ամեն ինչի համար՝ անգամ օդի, երբ ճամփորդում է: Միայն չի վճարում (նկատի ունեմ ուղղակի վճարները, ոչ թե հարկերը) տեղական հեռուստահաղորդումները դիտելու համար: Այնինչ չէր խանգարի, եթե Հանրային հեռուստատեսությունը հանրությունից ուղղակիորեն վճարվեր եւ ուղղակի կախվածություն ունենար: Այդպես են, օրինակ, աշխատում BBC առաջին եւ երկրորդ հեռուստաալիքները, որտեղ նվազագույնի են հասցված գովազդները, ինչպես նաեւ` չկան օտար բարքեր տարածող ֆիլմեր եւ, իհարկե, սերիալներ:
Յուրաքանչյուր տարի Համալսարանից եւ Գեղարվեստի ակադեմիայից արվեստաբանի մասնագիտությամբ մի քանի տասնյակ շրջանավարտներ ենք ունենում, որոնց մի մասը կարող էր զբաղվել արվեստի քննադատությամբ մամուլի եւ հեռուստատեսության միջոցով: Այսօր հաճախ ենք լսում դժգոհություններ, թե առաջ՝ խորհրդային տարիներին, կային հանձնաժողովներ, որոնք որոշում էին արժեքները, որոնք տարանջատում էին արվեստն ու հակաարվեստը, եւ այլն: Հիմա ո՞վ է որոշում: Նախ՝ առաջ էլ սխալ էր: Այլ հարց է, որ այսօրվա խառնաշփոթից գուցե լավ էր, բայց դա չէր ձեւը: Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստին, ապա արվեստում լավն ու վատը որոշում է արվեստի քննադատությունը, ինչ վերաբերում է մշակույթին` որոշում են արվեստի տեսաբաններն ու պատմաբանները: Դրա համար պետք է համապատասխան դիպլոմ, կրթություն, գիտելիքներ եւ փորձ: Իսկ այդ փորձը հնարավոր չէ ունենալ չաշխատելով մասնագիտական հանդեսներում, թերթերում, ամսագրերում, հեռուստատեսությունում:
Ովքե՞ր են Ամերիկայում որոշում օսկարակիրներին, ո՞ւմ կողմից է այն հանձնվում, Բուշի՞: Ի՞նչ գործ կարող է ունենալ երկրի ղեկավարը գեղարվեստական մրցանակների հետ, բացի այն, որ ապահովի այդ ամենի համար բարենպաստ միջավայր: Երբ Անգլիայի թագուհին «Բիթըլզ» խմբին շքանշան հանձնեց (հիշում ենք, որովհետեւ հազվադեպ է), այն անգլերեն լեզվի միջազգային տարածմանը նպաստելու համար էր միայն:
Իսկ մի քանի միլիոն տպաքանակներով բրիտանական թերթերի մասին եւ, թե ինչպես է պետությունը նպաստում, որ ամբողջ Բրիտանիան թերթ կարդա եւ` որակյալ թերթ, ինչպես է, որ զարգացած է նաեւ համայնքային, ինչպես նաեւ` բուհական մամուլը, ինչպես է այդ ամենը տարածվում եւ այլն, ավելի լավ է չխոսել, որովհետեւ շատ երկար ժամանակ կխլի, որովհետեւ մանրամասն մշակված, տրամաբանական մեխանիզմ է գործում:
Իսկ մեր լրատվության աշխարհում անմեղ անտրամաբանությունները եւ չկարգավորված հարաբերությունները բոլորովին երկրորդական չեն, եւ ոչ էլ` … անմեղ, ինչպես առաջին հայացքից թվում է: