Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել

28/02/2007 Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

2003 թվից ՀՀ կառավարությունը մանկատան շրջանավարտներին ապահովում է բնակարաններով: Սակայն բազմաթիվ շրջանավարտների բաժին են ընկել այնպիսի բնակարաններ, որտեղ անհնար է ապրել: Ոմանք ճարահատյալ են ապրում այդ կացարաններում, ոմանք հրաժարվում են, ոմանք էլ առաջին իսկ օրերից ստիպված են լքել բնակարանները եւ շարունակել ապաստան փնտրել ուրիշ վայրերում: Իսկ պետությունն այդ բնակարանների ձեռքբերման համար ծախսել եւ շարունակում է ծախսել բավականին մեծ գումարներ: Այս տարի 50 հոգու համար բնակարան ձեռք բերելու նպատակով նախատեսված է ծախսել 379 մլն դրամ:

2003-ից Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը: Ծրագրի նպատակն է` 18 տարին մանկատանը լրացած երեխաների համար ձեռք բերել բնակարաններ, ինչպես նաեւ` տրամադրել կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական եւ այլ բնույթի աջակցություն:

Ծրագրում ընդգրկված են ոչ միայն յուրաքանչյուր ընթացիկ տարվա, այլեւ 1990-ական թվականների շրջանավարտները, որոնցից շատերն այդ տարիներին հայտնվեցին փողոցում: «Հայ օգնության միության» ծրագրի կոորդինատոր, «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավար Աննա Մնացականյանն ասում է, որ 1990-ականների շրջանավարտներից մոտ 40-50 հոգու մասին ոչ մի տեղեկություն չկա: Բնակարան եւ գույք շրջանավարտներին տրվում է 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով, որից հետո միայն նրանք իրավունք ունեն մասնավորեցնել բնակարանները:

2003 թվականից ի վեր մոտ 100 շրջանավարտ արդեն ստացել է բնակարան եւ գույք` կահույք եւ տեխնիկա: Ամեն տարի ծրագրի շրջանակներում մոտ 40-50 հոգի ստանում է բնակարան, թեպետ մանկատների շրջանավարտների թիվն ամեն տարի մոտավորապես 30 է: Խնդիրն այն է, որ դեռեւս 1990-ական թվականներից կան շրջանավարտներ, ովքեր արդեն 10 տարի սպասում են իրենց հերթին: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հավաստմամբ` պետությունը նրանց առջեւ իր պարտքը կմարի մինչեւ 2009-ը: Որպեսզի մանկատան շրջանավարտն իրավունք ունենա օգտվել այս ծրագրի հնարավորություններից, նա պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Նախ` պահանջվում է, որ շրջանավարտը 7-8 տարի ապրած լինի մանկատանը, չունենա սեփականություն իր անունով, եւ նրա 18 տարին պետք է լրացած լինի մանկատանը:

Բացի բնակարաններով ապահովելուց, ծրագիրը նախատեսում է նաեւ կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական աջակցության ձեւեր: Այդ հարցերով 2003-2005-ի ընթացքում զբաղվել է «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական կազմակերպությունը: 2006 թվականից ծրագրի այդ մասն իրականացնում է «Հայ օգնության միությունը», որի խնդիրն է` նաեւ հայտնաբերել, ցուցակագրել շրջանավարտներին, ինչպես նաեւ` նրանցից յուրաքանչյուրի համար կազմել անհատական ծրագիր` հաշվի առնելով շրջանավարտի բնութագիրը եւ կարիքները:

Իգոր Կամեշկոն 29 տարեկան է: «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2005թ. բնակարան է ստացել Չարենցավանի 6-րդ թաղամասում: Նրա բնակարանը 9 հարկանի շենքի վերջին հարկում է, սակայն նա ոչ մի օր այնտեղ չի ապրել, քանի որ անձրեւաջրերը տանիքից լցվել են նրա տուն եւ վնասել առաստաղը, պատերը եւ հատակը: Իգորը բնակարանը ստացել է ամռանը եւ չէր կարող պատկերացնել, որ տան տանիքի մաշված լինելու պատճառով անձրեւաջրերը լցվելու են տուն: Հիմա Իգորն ապրում է ընկերոջ տանը, չի աշխատում: Ի տարբերություն շատ այլ շրջանավարտների, նրա բնակարանը լուսավոր է եւ հարմար, սակայն նա բավարար գումար չունի այն վերանորոգելու համար եւ կարծում է, որ իմաստ էլ չունի, քանի որ նույն պատմությունը կրկնվելու է նոր անձրեւների ժամանակ: «Ես գումար չունեմ, որպեսզի վերանորոգեմ շենքի ամբողջ տանիքը: Չարենցավանում շատ լուրջ է աշխատանքի խնդիրը, ես էլ չեմ կարող ամեն օր 400-500 դրամ ծախսել, որ Երեւան աշխատանքի գնամ: Երեւանում էլ չեմ կարող այնպիսի գործ գտնել, որ գոնե ճանապարհածախսի գումարի հարցը լուծեմ»,- ասում է Իգոր Կամեշկոն:

Նույն հարկի հարեւանների բնակարանները նույն վիճակում են: Նրանք ասում են, որ արդեն մի քանի տարի է` հին տանիքի պատճառով անձրեւաջրերը եւ ձյունը լցվում են իրենց տները: Գնորդները, եթե, իհարկե, նրանց հետաքրքրեր, կարող էին նախօրոք տեղեկանալ, որ շենքի վերջին հարկը նման թերություն ունի, եւ, որ բնակարան ստացողը չի կարող այն իր ուժերով վերանորոգել: «2003-2005-ի ընթացքում բնակարանը ձեռք է բերվել 1100 ԱՄՆ դոլարով»,- ասաց Իգորը: Դա հաստատեցին հարեւանները, որոնք լավ էին ճանաչում բնակարանի նախկին տիրոջը:

24-ամյա Մհեր Շաքարյանը 8 տարեկանից ապրել է «Զատիկ» մանկատանը: Բնակարան Մհերին հատկացրել են 2005 թվականին Մասիսում: Մհերն ամուսնացած է եւ ուզում է երեխաներ ունենալ, բայց չի կարող ապրել մի տան մեջ, որտեղ միակ մեծ սենյակում, որը եւ՛ ննջասենյակ է, եւ՛ հյուրասենյակ, չկան լուսամուտներ: Ջուր եւ լոգարան նույնպես չկա: Մհերին ասել են, որ տան դիմացի փոքրիկ հողամասն իրենն է, բայց հարեւանը հակառակն է պնդում: Մհերը նախկին տիրոջից իմացել է, որ տունը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով: Նա հիմա կտրականապես հրաժարվում է ստորագրել սենյակն ընդունելու պայմանագիրը: «Ես չեմ ասում, որ շքեղ տուն եմ ուզում, համաձայն եմ ապրել Մասիսում, այստեղ գոնե կկարողանամ բանվորի աշխատանք գտնել: Բայց գոնե տունս լուսամուտ ունենա»,- ասում է Մհեր Շաքարյանը: Հիմա Մհերը մոր, քրոջ եւ կնոջ հետ արդեն վեց տարի ապրում է Մասիսի լքված թռչնաֆաբրիկայի պահակի տնակում: Ֆաբրիկայի տերը ժամանակավորապես թույլ է տվել ապրել այնտեղ: Մհերը երրորդ կարգի թոշակառու է, սրտի արատ ունի եւ ձեռքի լուրջ վնասվածք, որը ստացել է ավտովթարից:

20-ամյա Փունջիկ Բրուտյանի բնակարանը գտնվում է Աբովյանի Չափիչ գործարանի հանրակացարանում: Տունը ստացել է 2006 թվականին: «Սոցապ նախարարությունում տվեցին բանալին, հասցեն ու ասացին, որ ինքս գնամ գտնեմ: Հազիվ եմ էդ չոլում տունս գտել: Ինձ ասացին, որ հետո կգան տեսնեն, թե ոնց եմ տեղավորվել, բայց մինչեւ հիմա գալիս են»,- ասում է Փունջիկ Բրուտյանը:

Նա չի դժգոհում իր բնակարանի պայմաններից: Միակ խնդիրն այն է, որ այն գտնվում է քաղաքի ծայրամասում, որտեղ ոչ մի աշխատանք չկա: 3 տարեկանից ապրելով Գավառի մանկատանը` նա կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, սովորել է գորգ գործել, բայց հիմա տեսողության խնդիր ունի եւ չի կարող աշխատել Աբովյանում գործող գորգի գործարանում: Փունջիկի տվյալներով` իրեն տրված բնակարանը պատկանել է թաղամասի փոստատարին, որն այն վաճառել է 7500 ԱՄՆ դոլարով:

Սյուզաննա Մաշկովիչան ամուսնու եւ երեք մանկահասակ երեխաների հետ ապրում է Էրեբունի Զանգվածի հանրակացարանում (վարորդների): «Ես գոհ եմ այնքանով, որ չորս պատ ունեմ եւ երեխաներիս տանիքի տակ եմ մեծացնում, բայց տունը ստանալուց հետո բազմաթիվ պրոբլեմներ են ավելացել, որոնք ես չեմ կարող ինքնուրույն լուծել: Տալիս են ու ասում, որ մնացածը մենք անենք, բայց ես չեմ կարող ամբողջ հանրակացարանի տանիքը վերանորոգել, որ տունս անձրեւաջուր չլցվի»,- ասում է Սյուզաննա Մաշկովիչան: Սյուզաննայի բնակարանն անմիջապես տանիքի տակ է, եւ անձրեւաջրերի կուտակման ժամանակ խոնավությունը թափանցում է տուն: Ամռանը, երբ նա ստացավ այդ բնակարանը, նման բան դժվար էր կանխագուշակել, բայց հիմա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նրան պատասխանում են, որ դա արդեն իրենց պրոբլեմը չէ: Բացի խոնավությունից, տան հետ նա ստացել է նաեւ նախկին բնակչի կուտակած ջրի պարտքերը, որը նա չի կարողանում մարել:

Աֆրիկյան Խաչատուրի բնակարանը գտնվում է Երեւանի 16-րդ թաղամասում: Ինը հարկանի շենքի մուտքի հարկը, որն ըստ նախագծի` բնակելի տարածք չէ (սովորաբար շենքերի այս մասում տեղակայվում են խանութները, գեղեցկության սրահները, ինտերնետային ակումբները, պահեստները եւ այլն), հարմարեցվել է 7 բնակարանների համար: Այդ յոթ բնակարանների եւ ինը հարկերի միջեւ կա մի միջանցիկ տարածք, որտեղ տեղակայված է ամբողջ շենքի կոյուղու համակարգը: Հին եւ մաշված լինելու պատճառով ամեն ձմեռ սանհանգույցի խողովակները պայթում են, եւ ամբողջ պարունակությունը լցվում է մանկատների շրջանավարտների համար հարմարեցված այդ 7 բնակարանները: Վթարները կրկնվում են ամեն տարի: «Փառք Աստծո, փողոցում չեմ, բայց տունն էլ տան նման չի: Չհաշված վթարները` տան մեջ չկա օդափոխության համակարգ, գետինը բետոնից է, ջրի խողովակները` պլաստմասսայե, չեմ կարող նույնիսկ տաքացնել, որ սառույցը հալվի, ջուր ունենամ, պատուհանները միափեղկ են,- ասում է Խաչատուր Աֆրիկյանը,- երբ էլ գնում եմ Սոցապնախարարություն, պահակները, իմանալով, որ մանկատան շրջանավարտ եմ, միանգամից ասում են, որ տկն Լալա Ղազարյանը հանձնարարել է մանկատան ոչ մի շրջանավարտի իր մոտ չթողնել: Ես անձամբ լսել եմ այս պատասխանը մի քանի անգամ»:

Աբրահամյան Արթուրի քանդված բնակարանը նույնպես գտնվում է 16-րդ թաղամասի ինը հարկանի շենքի տակ` մուտքի հարկում: Նրա բնակարանի վերեւում տեղակայված է ամբողջ շենքի կոյուղու համակարգը եւ, հերթական վթարից հետո, որը տեղի է ունեցել 2003 թվականի ձմռանը` բնակարանը ստանալուց մի քանի ամիս հետո, խողովակների ամբողջ պարունակությունը լցվել է նրա տուն: Հարեւաններն ասացին, որ Արթուրը բնակության կոնկրետ վայր չունի եւ գիշերներն անցկացնում է ընկերների տանը:

Գրիգոր Հակոբյանը վերը նշված յոթ շահառուներից մեկն է: Ծրագրով ստացած տանը նա ապրում է մոր եւ երկու քույրերի հետ, որոնք նույնպես մեծացել են մանկատներում: Ամեն ձմեռ նրանք դիմավորում են հերթական վթարին դիմակայելու մտահոգություններով: «Բնակարանը ստացել եմ 2003 թվականի ամռանը, կոսմետիկ նորոգում են եւ գործը համարում ավարտված: Բնակարանի իրական տեսքը երեւում է մի քանի ամիս հետո: Ես նույնիսկ չեմ կարող ինքս որեւէ բան նորոգել, որովհետեւ կրկնվելու է: Տունը խոնավ է, եւ չկա օդափոխության համակարգ»,- ասում է Գրիգոր Հակոբյանը: Գրիգորի տան պատերի եւ առաստաղի վրայով, չգիտես ինչու, տարբեր հաստության խողովակներ են անցնում, որոնք ոչ միայն սառեցնում են բնակարանը, այլեւ պարզ չէ, թե ինչ նպատակի են ծառայում:

Բնակարաններ ձեռք բերելու համար յուրաքանչյուր տարվա սկզբին ՀՀ Պետական գնումների գործակալությունը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատ ձեռներեցներ, այնպես էլ` կազմակերպություններ: Երեք տարի անընդմեջ բյուջեից հատկացված գումարներով, առանց մրցույթներում շահելու, մանկատան շրջանավարտների համար այս բնակարանները ձեռք է բերում «Սոկոլ գրուպ» ընկերությունը, որն առավել հայտնի է բենզինի ներկրմամբ:

Ինչո՞ւ հենց «Սոկոլ գրուպը»:

շարունակելի

www.hetq.am